ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը դիմել է ԱԺ աշխատակազմին՝ խնդրելով օգոստոսի 23-ին աշխատանքի մեջ լինել, որովհետև այդ օրը գիշերը, ամենայն հավանականությամբ, ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ վարչապետի ընտրության հարցով. «Կտեսնեք, թե այդ օրն ինչպես է երկրում իրավիճակ փոխվում, ինչպես են Բերձորն ու Աղավնոն փրկվում։ Դրա համար պետք է միայն քաղաքացիների ներկայությունը Հանրապետության հրապարակում»:
«ՉԻ». Սա էն անեկդոտն է, որ մարդը գալիս է տուն, կնոջն ասում. էսօր քիչ էր մնում «Վոլգա» ունենայինք: Կնիկը հարցնում է. ո՞նց: Ասում է՝ տուն գալուց տեսա մեկը «Վոլգայի» վրա գործ է անում, մոտեցա, հարցրի. ապեր, էս ավտոն կտա՞ս ինձ: Ասաց՝ չէ: Որ ասեր՝ հա, ավտոն մերն էր լինելու:
Հիմա օգոստոսի 23-ին համարյա իշխանափոխություն է լինելու: Արդեն ԱԺ-ն տեղեկացված է, որ էդ օրը տուն չգնա, արդեն նոր կառավարության պորտֆելները բաժանվել են, երկրում իրավիճակը փոխվել է, Բերձորն ու Աղավնոն էլ՝ փրկվել:
Այս ամենը, համարեք, որ արդեն եղած բան է: Մնում է՝ ժողովուրդ լինի: Այսինքն՝ այն ամենը, ինչ ծրագրել են օգոստոսի 23-ին, դա արել-պրծել են, ժողովրդին թողել են Հանրապետության Հրապարակում լինելու առաքելությունը: Ժողովուրդը 2 ամիս Ֆրանսիայի հրապարակ եկավ, մնաց, շոգին ու անձրևին դիմացավ, վերջում խայտառակ եղաք, սկսեցիք իրար գզել, սուսուփուս վրանները հավաքեցիք, գնացիք: Կոպիտ ասած՝ ձեր ժողովրդին քցեցիք:
Հիմա էդքանից հետո նորից էդ ժողովրդին կանչո՞ւմ եք: Որ մի երկու հատ համերգ տաք՝ երգիչ-երգչուհիներով, մի երկու հատ սրտաճմլիկ տեքստ ասեք ու վե՞րջ:
Հ.Գ. Բերձորի ու Աղավնոյի փրկությունից են խոսում. գնացել են այնտեղ, մարդկանց համոզել, որ չմնան, դուրս գան այդ բնակավայրերից: Փրկիչները: