...

Երկու քոչարյանականի «սիրախաղը»

Երկու քոչարյանականի «սիրախաղը»

Քոչարյանական ծագման «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը ընտանեկան ծագման շա՜տ «Անկախ» կայքի հետ հարցազրույցում իր տեսակետն է ներկայացրել Արցախում տեղի ունենալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Մասնավորապես, պատասխանել է այն հարցին, թե նախագահի թեկնածուներից ում կտար իր ձայնը, եթե լիներ Արցախի քաղաքացի։ 

Իր նախընտրելի թեկնածուի մասին հարցին պատասխանելիս Վազգեն Մանուկյանը մատնանշել է մի քանի սկզբունքներ, որոնց պետք է համապատասխանի ընտրյալ թեկնածուն։ Այդ սկզբունքների թվարկումից հետո էլ, հարցազրույցի ամենավերջում, նշել է իր թեկնածուի անունը։

Իհարկե, կարելի էր հարցազրույցն առանց կարդալու էլ հասկանալ, թե ով է Վազգեն Մանուկյանի թեկնածուն։ Այո, այո, չեք սխալվում. քոչարյանական ծագման Վիտալի Բալասանյանը։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ խոսքը երկու քոչարյանականների մասին է, որոնք իրենց մեջ կրում են նաև սերժիզմի սաղմեր։ 

Եվ, ուրեմն, ինչ սկզբունքներ է առանձնացրել Վազգեն Մանուկյանն իր կողմնորոշման համար։ Նշել է փորձառությունը անվտանգության, ռազմական գործի, պետական կառավարման հարցում, օտար պետությունների ազդեցությունից զերծ լինելն ու անկախությունը, հանրության բոլոր շերտերի կողմից ընդունված լինելը։

Ընդհանուր առմամբ, առանձնացրել է չորս սկզբունք, որոնց, ըստ իրեն, համապատասխանում է իր նախընտրելի թեկնածու Վիտալի Բալասանյանը։

Այս սկզբունքների թվարկումից հետո, իմիջիայլոց նշել է նաև մեկ պայման. «ընտրված նախագահը պետք է սերտորեն համագործակցի Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ, որովհետև ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ցանկացած իշխանության դեպքում երկու երկրների ղեկավարները, անկախ իրենց քաղաքական համակրանքներից կամ ցանկություններից, պարտադրված կլինեն համագործակցել։ Սա շատ պարզ քաղաքական իրողություն է»։

Արցախի նախագահի ու ընդհանրապես ղեկավարության հարցում ամենագլխավորը հենց այս վերջին պայմանն է, որը Վազգեն Մանուկյանը հատուկ չի նշել իր չորս սկզբունքների մեջ։ Իսկ գիտե՞ք, թե ինչու չի նշել։ Որովհետև իր նախընտրած թեկնածու Վիտալի Բալասանյանը բնավ չի համապատասխանում այդ պայման-սկզբունքին։ Նա ի սկզբանե թշնամական վերաբերմունք է դրսևորել Հայաստանի գործող իշխանության հանդեպ, ամենատարբեր, տրամաբանությունից դուրս ու անհեթեթ մեղադրանքներ ներկայացրել Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի հասցեին, անգամ սպառնացել ֆիզիկական հաշվեհարդար տեսնել նրանց հետ։

Եթե անգամ Վիտալի Բալասանյանը համապատասխաներ Վազգեն Մանուկյանի թվարկած չորս պայմաններին (ինչը ևս խիստ կասկածելի է),միայն Հայաստանի իշխանության հանդեպ անհաշտ թշնամությունը անհնարին է ու խիստ վտանգավոր է դարձնում նրա ներկայությունը Արցախի նախագահի աթոռին։

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ