...

Եթե...

Եթե...

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ծավալուն հոդված է գրել այն մասին, թե ինչ կլիներ, եթե 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Նիկոլ Փաշինյանը հեռանար: 

Մասնավորապես, ըստ պրն Աշոտյանի, հնարավոր կլիներ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանների հանձնման ժամկետները երկարաձգել, նախքան Քարվաճառի հանձնումը լուծել Դադիվանքի խնդիրը, նախքան Լաչինի շրջանի հանձնումը լրացուցիչ երաշխիքներ ստանալ միջանցքի անխափան գործունեության վերաբերյալ, ձեռնպահ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ չնախատեսված ցանկացած այլ տարածքի հանձնումից Ադրբեջանին, երաշխավորել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի նկատմամբ վերահսկողությունը և այնտեղ հայկական ԶՈՒ անվտանգությունը՝ ռուս խաղաղապահների հետ գրագետ համագործակցության միջոցով, չկորցնել վերահսկողությունը Արցախի համար ռազմավարական կարևորություն ունեցող այդ տարածքների նկատմամբ և այլն:

Հոդվածը բավական հետաքրքիր է, այնտեղ բազմաթիվ այլ կետեր է նշել Արմեն Աշոտյանը, որոնց հնարավոր էր հասնել: Դա վերաբերում է նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտիզացիային, անկլավներին, բանակի մարտունակությանը, արժե կարդալ, մի խոսքով: Բացառված չէ, որ շատ բաներ հնարավոր էր անել ու շտկել:

Այս առթիվ մեզ մոտ հարց ծագեց. իսկ կարո՞ղ եք գրել, թե ինչ կլիներ, եթե չլիներ 1998թ. հեղաշրջումը: Հետաքրքիր է, էլի, սա որ գրել եք, լավ եք գրել, մի հատ էլ կետ առ կետ ներկայացրեք, թե ինչ կլիներ, եթե 1998թ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը լուծում ստանար: Տեր-Պետրոսյանը, նրա մի շարք թիմակիցներ, վերլուծաբաններ այս տարիների ընթացքում մի քանի անգամ գրել են, թե ինչ կարող էր լինել այդ դեպքում, որտեղ կլինեին Հայաստանն ու Արցախը: 

Բայց մեզ հետաքրքիր կլիներ լսել այն մարդկանց տեսակետը, որոնք իրականացրել են այդ հեղաշրջումը, կամ հետագայում դարձել այդ հեղաշրջման հեղինակների թիմակիցները, պաշտպանել այն դիրքորոշումները, որոնց պատրվակով էլ 1998թ. տեղի ունեցավ իշխանության զավթում: Որովհետև մեզ թվում է, որ Արմեն Աշոտյանի այսքան եթե-ները գրելու կարիք չէր լինի, եթե չլիներ 1998թ. հեղաշրջումը: 

Իսկ եթե պիտի գրեք, որ չլիներ 1998թ. հեղաշրջումը, Լևոնը ծախելու էր Ղարաբաղը, կործանելու էր Հայաստանն ու նման բաներ, էդ արդեն լսել ենք: 20 տարի շարունակ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1235 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ