...

Եվս մեկ խելագար «վոյին»

Եվս մեկ խելագար «վոյին»

Երեկ Բելառուսի ինքնահռչակ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զրահավորված, ավտոմատը ձեռքին շրջում էր նախագահական պալատի տարածքում, նրա կողքից քայլում էր նույնպես զրահավորված անչափահաս որդին։ 
Միայն պատկերացնել կարելի է. 21-րդ դարում, Եվրոպայի սրտում, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը զինված, «վոյինի» (ականջդ կանչի, Քոչարյան Ռոբերտ) կերպարի մեջ մտած՝ մայրաքաղաքի կենտրոնում «բոյեվիկ» կինոյի տեսարաններ է ցուցադրում, հեռակա, տեսախցիկի առաջ սպառնում փողոցներ դուրս եկած հարյուր հազարավոր խաղաղ ցուցարարների, նրանց անվանում առնետներ, խոստանում նրանց հարցերը շատ շտապ լուծել։

Բելառուսի շատ փորձագետներ Լուկաշենկոյի այդ արարքը համարում են բռնապետի խելագարության ապացույց, որը ցույց է տալիս նրա անադեկվատ և պետության ու հանրության համար վտանգավոր լինելու վիճակը։
Հետաքրքիր է՝ Լուկաշենկոյի շրջապատից ո՞վ է նրան նման խելագար կինո ցուցադրելու խորհուրդ տվել, ի՞նչ ուղերձներ է պարունակում պատերազմական այդ կինոն, ո՞ւմ են ուղղված այդ ուղերձները։

Փողոցներ դուրս եկած ու Լուկաշենկոյի հեռացումը պահանջող հարյուր հազարավոր մարդկանց «առնետներ» անվանելը ու նրանց հասցեին սպառնալիքներ հնչեցնելը ենթադրում է, որ զենքով ուղերձը ուղղված է նրանց, այսինքն՝ Լուկաշենկոն պատերազմ է հայտարարում Բելառուսի ժողովրդի մեծ մասին, որոնք խաղաղ ակցիաներ են անցկացնում, որոնց ժամանակ որևէ հակաիրավական քայլ չի կատարվում, ծառ ու ճյուղ չի վնասվում, ավելին՝ ակցիաներից հետո այդ մարդիկ իրենց հետևից մաքրում են տարածքը։

Զենքով ուղերձը կարող է ուղղված լինել նաև Բելառուսի բնակչության այն հատվածին, որն աջակցում է Լուկաշենկոյին։ Սրանք հիմնականում սովետի մեջ ու Լուկաշենկոյի տոտալ քարոզչության տակ մնացած մարդիկ են, որոնց ավտոբուսներով քշում են «ի պաշտպանություն բատկայի» ցուցադրական ու բեմականացված ակցիաների (մեր ոչ վաղ անցյալի՝ ռոբասերժական ժամանակներից ծանոթ պատկեր է), ու որոնց ուղեղները լվանում են հեքիաթներով, թե «կեղտոտ» Արևմուտքը տեղի դավաճանների միջոցով ուզում է գրավել երկիրը։ 
«Վոյինական» կապիկություններով Լուկաշենկոն այդ մարդկանց ուզում է ասել, թե՝ տեսեք, ես ինչ ուժեղ տղա եմ, զենքը ձեռքիս մինչև վերջ պաշտպանելու եմ երկիրը, ոչնչացնելու եմ բոլոր թշնամիներին։ Ուղեղները լվացվածների մոտ այս պատկերը, անշուշտ, կարող է ինչ-որ տպավորություն թողնել։

Հետաքրքիր է՝ զենքը ձեռքին Մինսկի կենտրոնում հայտնված Լուկաշենկոյի պատկերը ինչ զգացումներ առաջացրեց նրա «հաղթանակը» հապճեպորեն շնորհավորած դեմոկրատ ու բռնությունը մերժող Փաշինյանի մեջ։

Համլետ Կիրակոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1205 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ