...

Գագիկ Ջհանգիրյանի կանխատեսումները ճիշտ դուրս եկան

Գագիկ Ջհանգիրյանի կանխատեսումները ճիշտ դուրս եկան

Մարտի 1-ի գործով դատավարությունը այդպես էլ չի սկսվում: Գործով անցնող գլխավոր մեղադրյալը հիվանդությունների մի ամբողջ ծաղկեփունջ ունի: Ամեն դատավարությունում այդ փնջից մի հերթական թերթիկն է պոկվում՝ որպես հիվանդության բյուլետեն: 

Իսկ պատճառը պարզ է. ամեն ինչ անել դատավարությունը ձգձգելու համար, որովհետև որ սկսվեց, բացահայտումների հեղեղ է լինելու:

Այս առթիվ ներկայացնում ենք ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի բավական ուշագրավ զեկույցը մարտի 1-ի նախաքննության և այդ օրը տեղի ունեցած առավել կարևոր իրադարձություններ մասնագիտական վերլուծությունը, որը նա արել է դեռևս 2012 թվականին: Ընդ որում, իր վերլուծությունում նա մի շարք կանխատեսումներ է արել, որոնք բոլորն էլ իրականացել են և մասնագիտական եզրակացություններ արել, որոնց մի մասը հետագայում տեղ են գրավել մարտի 1-ի գործով մեղադրական տեքստում:

Ներկայացնում ենք «Քանի դեռ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազ է» հոդվածը

Երեկ ՀՀ նախկին զինդատախազ, ՀԱԿ դատաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը «հակադարձեց» ՀՔԾ զեկույցին՝ փաստարկներով և առանձին դրվագների «քննությամբ» ապացուցելով, որ ՀՔԾ_ի վերջին զեկույցը ջուրծեծոցի է, որի մեխը բացառապես կեղծ տեղեկատվության տրամադրումն է ՀՀ քաղաքացուն, ինչպես նաև Հայաստանի «առաջընթացին» հետևող միջազգային հեղինակավոր կառույցներին։ Պարզվում է` ՀՔԾ «տեղեկատվական հաղորդումը» տեղադրված ինտերնետային կայքում, նոր հարցեր է հարուցել, որոնց մասին երեկ հանգամանորեն խոսեց Ջհանգիրյանը։ Տեխնիկական խնդիրներից ելնելով՝ չենք կարող զեկույցն ամբողջությամբ ներկայացնել, ուստի կփորձենք ներկայացնել մեր կողմից կարևորված հատվածները։

Ըստ Ջհանգիրյանի՝ ՀՔԾ  նյութի շարադրանքից միանգամից երևում է. «Փաստահավաք խումբ ներկայացած և այստեղ պարզաբանումներ ու բացատրություններ տված բարձրաստիճան ոստիկանները, բանակի սպաները, փորձագետ-մասնագետները, նույնիսկ քննչական խմբի անդամ քննիչները,  ՀՔԾ-ում միաբերան հրաժարվել են իրենց տված բացատրություններից, դժգոհել են, թե իրենց սխալ են հասկացել, իրենք նման բաներ չեն ասել, այլ բան է արձանագրվել, թե իրենց վրա ճնշել են և այլն»։ «Մնում է ցավ ապրել մեր բանակի ու ոստիկանության գնդապետների ու գեներալների թուլակամության ու անսկզբունքայնության համար», նշեց Ջհանգիրյանը։ Վերջինիս դիտարկմամբ՝

1. ՀՔԾ ու ՀՀ գլխավոր դատախազությունը Ազատության հրապարակում 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող քաղաքացիների բազմահազարանոց խաղաղ հավաքները, երթերն ու ցույցերը չորս տարի ի վեր որակում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ, չնայած այն հանգամանքին, որ մինչև այսօր որևէ հայտնի ընդդիմադիր այդպես էլ դատի չի տրվել ու չի դատապարտվել ՀՀ քր. Օր.-ի 2251 հոդվածով։

2. Մինչև օրս մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ջոկատայինների իրականացրած հակաօրինական ու վայրենի գործողություններին ինչ պատճառաբանություն ու բացատրություն ասես, որ չեն բերել, բայց այդպես էլ ոչ մի օրինական հիմնավորում չեն կարողացել ներկայացնել։ Այս առումով  Ջհանգիրյանը մանրամասն ներկայացրեց,  թե ինչպես են նախ  մարտի 1-ին ոստիկանության գործողությունները ներկայացվել որպես շուրջօրյա ակցիաների «հարկադիր դադարեցման նպատակով ձեռնարկված միջոցառումներ»։ Ավելի ուշ  հրաժարվել են այդ բացատրությունից, որովհետև պարզել են, որ ոստիկանությունը չի ունեցել այդ ակցիաները հարկադիր դադարեցնելու հիմքերը։ Այնուհետև, ստիպված փորձել են այդ գործողությունները տեղավորել, խցկել ՀՀ քրեական դատավարության շրջանակ, վերջիններս մեկնաբանել որպես «տեղանքի զննություն»՝ քննչական անհետաձգելի գործողության կատարում։ Սակայն այդ վարկածն էլ է ձախողվել, որովհետև պարզվել է, որ մոռացել են նախապես Ազատության հրապարակ հրավիրել մեծաթիվ քննչական խմբի, կրկնակի անգամ ավել ընթերակաների, բազմաթիվ փորձագետների և այլն։ Ու բացի այդ, այն չեն սկսել քննչական գործողությունների համար սովորաբար թույլատրելի ցերեկային ժամերին (7.00-22.00)։ Տեղեկատվական հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն ու գլխավոր դատախազությունը ի վերջո կանգ են առել, իրենց կարծիքով, նվազ խոցելի «տեղանքի հետազոտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման տարբերակի վրա։ Մինչդեռ նման միջոցառման իրականացման համար լիովին բավարար էին համապատասխան տեխնիկական միջոցներով հագեցված 2-3 օպերատիվ փոքր խմբերի գաղտնի, քողարկված գործունեությունը։ «Եզրակացությունը մեկն է՝ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ոստիկանության գործողությունները կրել են բացահայտ ապօրինի, հանցավոր, իսկ ինքնապաշտպանության դիմած ՀՀ քաղաքացիներինը՝ օրինական ու իրավաչափ բնույթ։ Հանցավոր, հանրորեն վտանգավոր ոտնձգությունից պաշտպանվելը, անկախ այն հանգամանքից, թե ոտնձգություն կատարողը պետական պաշտոնյա է, ոստիկան թե հասարակ քաղաքացի, ինքնապաշտպանության դիմելը ՀՀ քր. Օր.-ի 42-րդ հոդվածի համաձայն, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է, ընդ որում, «անձի կյանքի համար վտանգավոր բռնություն կամ այդպիսի բռնության իրական սպառնալիքով զուգորդված ոտնձգությունից պաշտպանվելիս կարող է պատճառվել ցանկացած վնաս, այդ թվում՝ մահ»։ Հետևաբար, հրազենով, հատուկ միջոցներով ու տեխնիկայով զինված ոստիկանության, ներքին զորքերի, բանակի, հատուկ նշանակության ստորաբաժանումների, ապօրինի զինված խմբերի հարձակումներից մարտի 1-2-ին Ազատության հրապարակում, ապա Մյասնիկյանի արձանին հարող տարածքներում պաշտպանվելու նպատակով քաղաքացիների ինքնաբուխ ձեռնարկած բոլոր քայլերը՝ սկսած բարիկադների կառուցումից, մինչև ինքնապաշտպանության նպատակով իրերի ու առարկաների հայթայթում՝ լիովին օրինաչափ ու օրինական գործողություններ են և ամբողջովին համապատասխանում են արարքի հանցավորությունը բացառող անհրաժեշտ պաշտպանության քրեաիրավական ինստիտուտի թե տեսական և թե օրեսդրական դրույթներին ու ձևակերպումներին», զեկույցից հատված ընթերցեց  Ջհանգիրյանը։           

3. Սպանությունների փաստերով հարուցված քրեական գործերով կատարված քննչական գործողութունների ծավալի ցուցադրումից բացի, նախաքննական մարմինը զգալի ջանքեր է գործադրել Համլետ Թադևոսյանի, Տիգրան Աբգարյանի և «Չերյոմուխա 7-ի» գործադրմամբ սպանությունների վերաբերյալ Փաստահավաք խմբի զեկույցներում վկայակոչված փաստերի, հայտնաբերված թերությունների ու հակասությունների, արված հետևությունների հերքման համար։ Փոխանակ Փաստահավաքի զեկույցներում վկայակոչված սպանությունների նոր հանգամանքները, ձեռք բերված նոր տվյալները դառնային առնվազն քննչական նոր վարկածների առաջքաշման, քննության ու ստուգման առարկա, ՀՔԾ-ն լծվել է Փաստահավաքի աշխատանքը ամեն գնով փնովելու, ձեռք բերված տվյալները, արված հետևությունները կասկածի տակ դնելու անշնորհակալ գործին։ Հատուկ աչքի է զարնում այն հանգամանքը, թե նախաքննական մարմինը ինչպես է փորձում սևացնել, վարկաբեկել բոլոր սպանվածներին (բացի ներքին զորքերի սպայից ու շարքայինից)։ Նրանք բոլորն առնվազն զանգվածային անկարգությունների մասնակիցներ են, մի մասը կազմակերպչական ինչ-ինչ գործողությունների դերակատարներն են, նույնիսկ նրանց վերաբերյալ ոչնչով չհիմնավորված օպերատիվ տեղեկություններ են հիշատակվել, դատվածություն ունենալու վկայակոչումներ և այլն։ Նպատակը, մեր կարծիքով, մեկն է՝ հասարակության, միջազգային կառույցների, դեպքերի իրական բնույթին անտեղյակ մարդկանց մեջ տպավորություն ստեղծել, թե սպանվածները քրեաբանական բացասական բնութագիր ունեցող անձինք են, մի խոսքով հանցագործներ, և հենց հանցանքներ գործելու իրավիճակներում զոհվել ու սպանվել են։               

4. ՀՔԾ-ն սույն տեղեկատվական հաղորդման մեջ նշում է, որ բանակի ստորաբաժանումները մշտապես գտնվել են ոստիկանության զորքերի և ոստիկանության ստորաբաժանումների թիկունքում և զանգվածային անկարգությունների մասնակիցների հետ անմիջական շփումներ չեն ունեցել։ Մինչդեռ  որևէ փորձ չի արվել` քննության առարկա դարձնել ՀՀ ՊՆ նախարարի դեռևս փետրվարի 23-ի 0038 հույժ գաղտնի հրամանը և իրավական գնահատական տալ այդ հրամանին։ Արդյոք այդ հրամանի ընդունումն ու գործադրումը, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի ու այլ ծանր հետևանքների, իր մեջ առնվազն չի պարունակում իշխանազանցության, պաշտոնական դիրքի չարաշահման հատկանիշներ։   Լռության է մատնված Ռ. Քոչարյանի` մարտի 1-ի «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրի սահմանադրականության խնդիրը և մասնավորապես Արտակարգ դրության ռեժիմի ապահովմանը Պաշտպանության նախարարության ներգրավան օրինականությունը։ Արդյոք նման հրամանագիր ընդունելով Ռ. Քոչարյանը ակնհայտորեն դուրս չի եկել Սահմանադրությամբ ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների շրջանակից և ընդհանուր պատասխանատվություն չի կրում հետագա բոլոր հանցագործությունների ու վրա հասած ծանրագույն հետևանքների համար։ Չէ որ քրեական հետապնդումից ՀՀ Նախագահը անձեռնմխելի է միայն իր կարգավիճակից բխող գործողությունների համար, ասել է թե, եթե դրանց համար նա լիազորված է Սահմանադրությամբ։ Մինչդեռ, բանակի ներգրավման մասին Փաստահավաքի զեկույցում այդ հրամանագրի հակասահմանադրականությունը հաստատող սահմանադրագիտական անվիճարկելի հիմնավորումներ ու անառարկելի վկայություններ են ներկայացված։ «Մեր խորին համոզմամբ մարտի 1-2-ի իրադարձություններին բանակի հակասահմանադրական ներգրավումն է, որ անպարտության ու պաշտպանվածության պատրանք ու համոզվածություն է ստեղծել թե ոստիկանության, ներքին զորքերի, հատուկ նշանակության ստորաբաժանումների և թե ապօրինի զինված խմբերի մոտ, նրանց դրդել ծեծ ու ջարդի, թալանի, հրկիզումների ու սպանությունների։ Տեղեկատվական հաղորդման համակ լռությունը մատնում է ՀՀ գլխավոր դատախազության ու ՀՔԾ-ի վախը այս իրավական ակտերի իրավաչափության հարցի քննարկումից, թեկուզև նախաքննության շրջանակներում», ասաց Ջհանգիրյանը

5. Առավել անհասկանալի է մարտի 1-2-ի իրադարձություններին ապօրինի զինված խմբերի մասնակցության խնդրի ամբողջական անտեսումը, հատկապես երբ ՀՔԾ-ն ինքն է՝ ընդունում, որ սպանված քաղաքացիական անձանցից երեքի (Հովհաննես Հովհաննիսյան-5,45 մմ, Զաքար Հովհաննիսյան-9 մմ, Դավիթ Պետրոսյան- 9 մմ) մարմիններից հանված գնդակները իբր չեն նույնականացվել ոստիկանության սպառազինությունում գտնվող և մարտի 1-2-ին գործադրված հրազեններից և ոչ մեկի գնդակների հետ։ Եթե հավատանք (մի պահ), որ դա իրոք այդպես է և քանի որ ապացուցված փաստ է նաև, որ ցուցարարները մարտի 1-2-ին հրազեն և պայթուցիկ սարքեր չեն օգտագործել, ապա դա կարող է ունենալ թերևս հնարավոր երկու բացատրություն. առաջին, ոստիկանության աշխատակիցներն ու ներքին զորքերի զինծառայողները իրենց մոտ ունեցել, կրել և գործադրել են չհաշվառված ապօրինի հրազեններ։ Երկրորդ, որ մարտի 1-2-ի իրադարձություններին իրոք մասնակցել են բանակի, ԼՂՀ ոստիկանության այլ զինված ստորաբաժանումներ և ապօրինի զինված խմբեր, որոնց սպառազինությունում կամ տնօրինության տակ գտնվող հրազենները քննությամբ հայտնաբերված ու առգրավված չեն, և դրանց փորձագիտական տվյալները բացակայում են ՀՀ ոստիկանության պարկուճադարանում, հետևաբար դատաձգաբան փորձագետները դրանք չէին կարող համեմատել սպանվածների մարմիններից հանված գնդակների հետ և նույնականացնել զենքերը։ Այլ ուժային ստորաբաժանումների և ապօրինի զինված խմբերի մարտի 1-2-ին մասնակցության հարցը լրացուցիչ ապացուցված է նաև «7-ի գործով» կատարված դեպքի վայրի զննությունների արձանագրություններով (այդ թվում լրացուցիչ արձանագրություններով), ըստ որոնց, հազարավոր այլ պարկուճների հարևանությամբ հայտնաբերվել ու առգրավվել են նաև ձեռքի գնդացրի՝ Pկ-ի մի քանի տասնյակ պարկուճներ և փամփուշտ։ Ըստ գործի տվյալների, մարտի 1-2-ին ոստիկանության ուժերը գնդացիր չեն օգտագործել։ Բացի այդ, մինչև օրս, ըստ մեր ունեցած տեղեկությունների, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված ու առգրավված տարբեր տրամաչափերի հազարավոր պարկուճների՝ ոստիկանության, բանակի սպառազինություններում գտնվող հրազենների հետ նույնականացման նպատակով դատաձգաբանական փորձաքննություններ նշանակված չեն կամ դրանց արդյունքները հանրությունից գաղտնի են պահվում։

Այդ պատճառով պնդում ենք, որ ՀՔԾ-ն այս առումով լուրջ բացթողում է թույլ տվել և կատարված նախաքննության շրջանակից միտումնավոր դուրս են մնացել մարտի 1-2-ի իրադարձությունների անմիջական մասնակից զինված պետական կառույցներ, ստորաբաժանումներ ու ապօրինի զինված խմբեր։ Եթե ՀՀ ԶՈՒ, ԼՂՀ ոստիկանության ստորաբաժանումների դերակատարության, անձնակազմի, սպառազինության բացահայտումն ու ճշգրտումը իրենից օպերատիվ ու քննչական մեծ բարդություն ներկայացնող հարց չէ, ապա ապօրինի զինված խմբերին նախ պետք է հայտնաբերել, ճշտել նրանց կազմը, հայտնաբերել ու առգրավել նրանց ապօրինի զենքն ու զինամթերքը, յուրաքանչյուր խմբի ունեցած դերը, տեղակայումը, շարժը և այլն։

6. Բոլոր սպանությունների նկարագրությունների հետ ծանոթացումը մեզ հանգեցնում է հետևության, որ նախաքննական մարմինը կարծես հիմնականում կարողացել է վերականգնել մինչև սպանությունների կոնկրետ ակտերի կատարումը գրեթե բոլոր սպանվածների գտնվելու վայրը, նրանց կողքին անմիջական գտնվող անձանց, նրանց շարժման ուղղությունը, ձեռքերին առարկաների առկայությունը (մահակ, գարեջրի շիշ, հեռախոս), ինչով զբաղվելը և այլն։ Մեծ մասամբ բացահայտված է նաև ծանր վնասվածք ստանալուց կամ սպանվելուց հետո կատարված դեպքերի ընթացքն ու դրանց մասնակիցների շրջանակը՝ թե վիրավորին կամ մահացածին ովքեր, ում մեքենայով, մինչև ուր տեղափոխեցին, շտապ օգնության որ բրիգադին հանձնեցին և այլն։ Բայց բուն սպանության գործողությունը, կրակոցի ուղղությունը, կրակողի անձը (ոստիկան էր, զինվոր էր, քաղաքացիական անձ էր), նրա արտաքին նույնիսկ մոտավոր նկարագրությունը, առանց բացառության բոլոր տասը դեպքերում այդպել էլ ոչ ոք չի տեսել, ոչինչ չի կարող ասել։ Մի աներևույթ ուժ թե սպանված քաղաքացիական անձանց կողքին անմիջականորեն գտնվողներին, թե ոստիկանության սպայի ու շարքայինի համածառայողներին, բոլորին անխտիր, այդ պահին պարտադրել է նայել այլ կողմ, մի ուրիշ գործով զբաղվել և բոլորը միասին մի տարօրինակ զուգադիպությամբ հենց այդ կարևոր դրվագը չեն տեսել ու չեն նկատել։

7. Մեկ այլ զարմանալի զուգադիպություն ևս։ Ինչպես հայտնի է, սպանվածներից երեքը մահացել են «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի կրակոցից, և նրանց մարմիններից դիահերձումների ժամանակ հանվել են գազային նռնակի մետաղյա և պլաստմասե կտորներ, իսկ Գոռ Քլոյանի մարմնից՝ կրակված փամփուշտի ամբողջական կոնտեյներ։ Թեև հատուկ միջոցների, այդ թվում նաև «Չերյոմուխա 7-ի» ու դրանց գազային նռնակների դատաձգաբանական փորձաքննության նախադեպ ու փորձառություն ՀՀ փորձագիտական հիմնարկներն ու փորձագետները երբևէ չեն ունեցել, վերը նշված բոլոր դեպքերում նրանք անսխալ, զարմանալի զուգադիպությամբ սպանվածների ու վիրավորների մարմիններից հանված բեկորների, ինչպես նաև մեկ ամբողջական կոնտեյների վրա միահամուռ հայտնաբերել ու արձանագրել են պինդ առարկաների հետ շփվելու և որևէ արգելքի միջով անցնելու հնարավոր հետքեր (խոսքը «ռեկաշետի» էֆեկտի մասին է. ՀՔԾ վերջին զեկույցում նշվում է, ոչ թե կրակել են քաղաքացու ուղղությամբ, այլ «ռեկաշետի» արդյունքում է զոհվել կամ վնասվել քաղաքացին -Գ.Վ.)։ Չհասկացաք, թե ինչու։ Կրկին, տարօրինակ մի զուգադիպությամբ, դատաձգաբան փորձագետները այս երեք գնդակների վրա, նորից առանց բացառության, հայտնաբերել են պինդ առարկաների հետ շփման կամ նրանց միջով անցնելու հնարավոր հետքեր։ Հիմա կարծեմ արդեն պարզ է, թե շեղացատկի («շեղացատկը» «ռեկաշետի» հայերեն տարբերակն է-Գ.Վ.) հնարավորությունը բոլոր վնասվածքների դեպքում ինչ նպատակ է հետապնդում։ Ցուցարարների վրա ուղիղ նշանառությամբ կրակ չի արձակվել, մեզանից այլ բան չսպասեք։ (Այնուհետև Ջհանգիրյանը ներկայացրեց youtube կայքում տեղադրված տեսանյութերից մեկը, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է հատուկ ջոկատայինի համազգեստ հագած, դիմակավոր, ինքնաձիգով զինված հրաձիգը դուրս գալիս շենքի անկյունից, դիմահար կրակում և ապա թաքնվում-Գ.Վ.)։

8. Հասարակության և միջազգային կառույցների ուշադրությունը կենտրոնացված է առավելապես տասը սպանությունների բացահայտման պահանջի վրա։ Սակայն ակնհայտ է, որ մինչև օրս չեն բացահայտվել նաև մի քանի տասնյակ քաղաքացիական անձանց (փաստահավաք խմբին տրամադրված միայն մի աղյուսակի համաձայն դրանց թիվը մոտ 25-ն է) գնդակային ու բեկորային ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ պատճառելու և ոչ մի դեպք։ Ասվածը լրացուցիչ անգամ ապացուցում է, որ մարտի 1-2-ին հրազեն ու պայթուցիկ սարքեր գործադրողներին բացահայտելու ու նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու խնդիրը ոչ միայն իրավական, այլև քաղաքական փակի, արգելքի տակ է։ Ի դեպ՝ պարզվում է, որ սպանությունների փաստերով քրեական գործեր հարուցվել են միայն 2009թ. գարնանը ՀՀ Քր. Օր.-ում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո, այն էլ, ամենայն հավանականությամբ, ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի լրացված 10-րդ կետով, որը պատասխանատվություն է սահմանում զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից կատարած սպանությունների համար։ Այսինքն` քրեական գործ հարուցելու որոշման մեջ արդեն որոշված է, որ մարտի 1-2-ի սպանությունները կատարել են զանգվածային անկարգությունների մասնակիցները։ Ոչ իրավաբանների համար պարզաբանեմ, որ ոստիկանության ծառայողները, ՆԶ-ի, բանակի զինծառայողները ոչ մի դեպքում չեն կարող դիտարկվել զանգվածային անկարգության մասնակից։ Ստացվում է, որ ՀՔԾ-ն, բնականաբար նաև ՀՀ գլխավոր դատախազությունը ի սկզբանե քննարկել ու որոշել են, որ այդ սպանությունները կատարել են ընդդիմության ներկայացուցիչները։ Չնայած, որ նրանց սկզբում չհաջողվեց վերջնականապես այդ սպանությունները մեղսագրել «7-ի գործով» մեղադրյալներին, այնուամենայնիվ մինչև օրս նրանք չեն հրաժարվել դրանք ընդդիմության այլ ներկայացուցիչների վրա բարդելու իրենց ծրագրից։ Սա ուղղակի խայտառակություն է, նույնիսկ մեր իրավակիրառ պրակտիկայի համար, չտեսնված ու չլսված խայտառակություն։ Սրանից հետո հույս տածել, թե ՀՔԾ-ն ու ՀՀ գլխավոր դատախազությունը ցանկանում են ու կարող են բացահայտել որևէ սպանություն՝ ուղղակի անմտություն է։ Նման պայմաններում սպանություններից որևէ մեկը կարող է բացահայտվել միայն այն դեպքում, երբ այն հնարավոր լինի մեղսագրել մարտի 1-2-ի բողոքի ակցիայի մասնակիցներից որևէ մեկին։ Քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ հատուկ քննչական ծառայությունը` անտեսելով օրենք և օրինականություն, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը, մարտի 1-2-ի դեպքերի իրական պատասխանատուները, այդ թվում` սպանություններ գործած անձինք, չեն հայտնաբերվելու ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու։

Գոհար Վեզիրյան, «ՉԻ», 25.01.2012

ՎԱՐԿԱՆԻՇ

   8393 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ