...

Գուցե դո՞ւք եք մաշվել

Գուցե դո՞ւք եք մաշվել

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ տարիներ անց ապագա թոռնիկս (Աստված առաջ), իր խելոք աչուկները չարաճճիորեն կկոցելով, հարցնի ինձ, թե բա պապի ջան, ոնց եղավ, որ քո ժամանակ երկու հայկական պետություն կար, իսկ իմ ժամանակ՝ ոչ մեկը, ես սկզբից կփորձեմ բարդ ու խելացի բառերով ամեն ինչ գցել ճակատագրի, հայի բախտի, գերտերությունների, պառակտված ընդդիմության, գեոմագնիսական դաշտերի և ռադիոլոգիական ֆոնի վրա:

Սակայն շատ արագ ինքս իմ ասածներից կզզվեմ, ու քաջությունս կհերիքի (հուսամ) ասելու ճշմարտությունը.

- Ազգս հոգնել էր: Պայքարից հոգնել էր: Վերից վար մաշված էր… Իրավունք չուներ այդպիսի բան անելու, բայց արեց, բալես»:

«ՉԻ». Դեռ նախնադարյան մարդիկ՝ չհասկանալով, թե ինչու է անձրև գալիս, կայծակը խփում, երկրաշարժ լինում, դրանք վերագրում էին գերբնական ուժերին, չար ու բարի ոգիներին և այլն: 

Նախնադարից մինչև հիմա այդ երևույթը կա: Չես կարողանում շատ հարցերի պատասխանել, դրանք ուրիշներին կամ ուրիշ բաների ես վերագրում:

Արմեն Աշոտյանն էլ մեր այս իրավիճակը բացատրում է ոչ թե նրանով, որ ավելի քան 20 տարի իշխանությունները մսխել են մեր պետականության ռեսուրսները, ժողովրդի մեջ սպանել արժանապատվության, իրավագիտակցության, սեփական երկիրը սիրելու հատկանիշները, որ այդ 20 տարվա իշխանավարման գլխավոր արդյունքը Մոնումենտի դղյակներն էին, Միշիկի մեդիակայսրությունը, Ռոբիկի սաֆարիներն ու բոմբոներկաները, օտարին հանձնված գազաէներգետիկ համակարգը, 5 հազար դրամանոց ընտրությունները, դպրոցներում դրամահավաք-ռեկետները, երկիրը տարածաշրջանային բոլոր տնտեսական ծրագրերից դուրս թողնելը, բանակի հաշվին միլիոնատեր դարձած գեներալները, համալսարանները կուսակցական կարիերիստների բուծարաններ դարձնելը՝ սաքուլիկով, բանով, տնտեսությունը երեք-չորս հոգու մեջ բաժանելը, մենաշնորհները... Ուրեմն, սրանք սաղ հեչ, ազգը՝ մե՞ջ: Ու սա դեռ չհաշված՝ մարտի 1, հոկտեմբերի 27, ապրիլի 12: 

Մեղավորը ազգն է: Սա մոտավորապես նույն բանն է, ինչ Նիկոլ Փաշինյանն է ասում՝ արդարացնելով իր ձախողումները. ասում է՝ ժողովուրդն ինձ էր ընտրել, ու եթե ես ձախողել եմ, ուրեմն՝ դրա պատասխանատուն ժողովուրդն է:

Հիասթափվել եք ազգից: Բա 20 տարի այդ ազգին քամում էիք, սարքել էիք չուլ, հիմա էլ ձեր արածների պատասխանատվությունը գցում եք նույն ազգի վրա՞: Իսկ գուցե դո՞ւք եք մաշվել, ուղղակի չգիտեք այդ մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   907 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ