...

Գյուղացիները Մարությանից պատասխան են պահանջում. բողոքի ակցիա

Գյուղացիները Մարությանից պատասխան են պահանջում. բողոքի ակցիա

Արարատի մարզի Հայանիստ համայնքի մի խումբ բնակիչներ ավտոբուս ունենալու պահանջով Երևանի քաղաքապետարանի առաջ են: Նրանք քաղաքապետ Հայկ Մարությանից պահանջում են, որ թույլ տա 35 համար ավտոբուսը կրկին հասնի իրենց գյուղ:

Մայիսի 18-ից հետո հայանիստցիներն ու հարևան Խաչփար համայնքի բնակիչները զրկվել են գյուղը մայրաքաղաքին կապող երթուղային տրանսպորտից: Տասնյակ գյուղացիներ տրանսպորտի բացակայության պատճառով իրենց աշխատանքն են կորցրել:

«Մենք նամակ ենք հանձնել, բայց պատասխան չկա: Ուզում ենք իմանալ, թե ում քմահաճույքով են 6 գյուղեր զրկվել ավտոբուսից: Քաոսային իրավիճակ է հիմա գյուղերում, որոնք զրկվել են տրանսպորտից: 1 ամիս է՝ դիմում ենք, բայց հարցի լուծում չկա: Մենակ ասում են՝ կարանտին է: Այդ կարանտինը միայն մե՞զ վրա ազդեց: Տնից դուրս ենք գալիս, խալխի տղամարդիկ են մեզ քաղաք հասցնում: Արգավանդից 35 համարի ավտոբուս եմ նստել, դատարկ գնացել է մինչև Մասիվ, միայն ես եմ նստած եղել: Իսկ գյուղերի ժողովուրդը մնում են դրսում»,- «ՉԻ»-ի հետ զրուցում ասաց Հայանիստի բնակչուհի Տաթև Ավետիսյանը:

Մեկ շաբաթ առաջ գյուղացիները նամակ էին փոխանցել քաղաքապետին և բողոքի ակցիա անցկացրել համայնքում:
35 համարի ավտոբուսը երթուղուց հանելուց հետո իշխանությունները այլընտրանքային երթուղի են առաջարկել գյուղացիներին:

Մի քանի օր է՝ 35-ի փոխարեն հարևան Դարբնիկ համայնքի 473 համարի երթուղայինը վերջնակետը Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասն է դարձրել: Հայանիստցիները, սակայն, հրաժարվում են նոր երթուղուց՝ պնդելով, որ այն իրենց ճանապարհն ավելի է երկարացնում և կրկնակի էլ ճանապարհածախս են վճարում:

«Ինչ-որ 473 համարի գազել են բերել: Օրվա մեջ մի երկու անգամ հազիվ գյուղ է մտնում: Մենք մերժում ենք այս տարբերակը: Այդ գազելը ոչ մեկին ձեռք չի տալիս, մեր ճանապարհը երկարում է: 473-ը Մասիսի 5 գյուղով գնում, հասնում է 3-րդ մաս: Սխալ լուծման տարբերակ են մեզ առաջարկել: Թամամ աշխարհ պտույտ է գալիս, մի ժամ հետո քաղաք ենք հասնում»,- բողոքում են գյուղացիները:

Հայանիստի բնակիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրել են նաև կառավարության առաջ: Բողոքի ակցիայից հետո 2 ավտոբուս են հատկացրել համայնքին, բայց դրանք աշխատել են մինչև օրվա կես և դարձյալ հրաժարվել սպասարկել համայնքները:

«Եթե խնդիրը չլուծվի, մենք էլ քաղաքապետ Մարությանի սիթքոմի հերոսներից Ազիզյանի նման պետք է քոչենք Ռուսաստան, մոռանանք տուն-տեղ, կամ դիմենք ծայրահեղ միջոցի: 6 գյուղի տրանսպորտ է հանվել, հայտնվել ենք իզգոյ վիճակում, չենք հասկանում այս գյուղերը քարտեզում չկա՞ն»,- սրտնեղեցին հավաքվածները:

Տեղեկություններ կան, որ 35 համարի ավտոբուսը սպասարկող «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ն բողոքել է, որ շահույթով չի աշխատում և հրաժարվում է գյուղեր մտնել:

Գյուղացիները չեն կարողանում օգտվել նաև համայնքի միջով անցնող 487 համարի երթուղուց: Այն աշխատում է գերծանրաբեռված ռեժիմով՝ 12 գյուղ է սպասարկում: Բնակիչների տեղափոխումը լիարժեք չի կատարվում: Իսկ Գետաշեն թաղամասի բնակիչները ստիպված են 1,5 կմ ճանապարհը ոտքով անցնել, որ կարողանան այդ երթուղուց օգտվել:

Հայանիստցիները պնդում են, որ պայքարելու են մինչև վերջ, այնքան ժամանակ, մինչև գյուղը կրկին տրանսպորտ ունենա և կարողանան մայրաքաղաք աշխատանքի գնալ:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ