...

Հանրագումարում մնալու է արցախցիների հիասթափությունը

Հանրագումարում մնալու է արցախցիների հիասթափությունը

Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ նոր տեսակի կորոնավիրուսի ներթափանցման ու տարածման վտանգով պայմանավորված վաղաժամ դադարեցնում է նախընտրական հանդիպումները։ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ի իր էջում.

«Չնայած Մայր Հայրենիքում իրականացվող պայքարի տարբեր եղանակներին ու կիրառվող խիստ միջոցներին՝ մտահոգիչ է, որ նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել: Ինչպես տեղյակ եք, օրեր առաջ մեր քաղաքական թիմը հրաժարվել էր փակ տարածքներում ինտենսիվ հանդիպումների անցկացումից, սակայն, հաշվի առնելով օրըստօրե վարակի ներթափանցման ու տարածման վտանգը, որոշում ենք կայացրել մարտի 25-ին եզրափակել մեր հանդիպումները նաև բաց տարածքներում»:

«ՉԻ». Համաձայնվեք, իսկապես ֆանտաստիկ կերպար է Արայիկ Հարությունյանը: Այսինքն՝ կորոնավիրուսը քարոզարշավի մասով վտանգավոր է, իսկ ահա բուն ընտրությունների մասով այնքան էլ վտանգավոր չէ:  Եվ քաղաքական երկվության այս հոգեվիճակը մշտապես է հետապնդել Արցախի նախկին վարչապետին:

Օրինակ՝ նա սիրում է խոսել կոռուպցիայի դեմ պայքարից ու հովանավորչության բացառումից: Բայց Արցախում գիտեն, որ իր վարչապետության օրոք այդ արատները ավելի լայն թափով են տարածվել, քան այսօր կորոնավիրուսը՝ Հայաստանում: Նա սատարում է Փաշինյանի բարեփոխումները երկրում կարգուկանոն հաստատելու առումով, բայց նրա կուսակցությունը ստորագրում է Քոչարյանին ազատ արձակելու կոչը: Նա գտնում է, որ Փաշինյանի տնտեսական բարեփոխումները մեծ արդյունք են տալու, բայց մինչև վերջերս իր քարոզչական թիմի ամենակարկառուն ներկայացուցիչը Հրանտ Բագրատյանն էր, որը քարը քարին չի թողնում Հայաստանի իշխանությունների տնտեսական քաղաքականությունից: Խոստանում է, որ ժողովրդավարությունը պետք է հասնի նաև Արցախ, բայց պաշտպանում է Մարտունու քաղաքապետի ինքնաիրավչությունը, թե ով իրավունք ունի ցույց անելու իր քաղաքում:

Ժամանակն է, որ Հայաստանի իշխանությունները բացեն աչքերը և հասկանան մեկ պարզ ճշմարտություն՝ գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում: Բակո Սահակյանին Արայիկ Հարությունյանով փոխելն իրենց ոչինչ չի տալու: Հանրագումարում մնալու է միայն արցախցիների դժգոհությունը, որ Հայաստանի իշխանություններն Արցախում փոփոխություններ կատարելու կամք չդրսևորեցին:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1804 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ