...

Պատասխանատվությունն ընկնելու է Փաշինյանի վրա

Պատասխանատվությունն ընկնելու է Փաշինյանի վրա

Առանց պաթոսի և չափազանցության, Հայաստանը և հայ ժողովուրդը վերջին 32 տարիների ընթացքում ոչինչ չեն խնայել Արցախի և արցախցիների համար: Եվ դա ճիշտ է, և այդպես էլ պետք է շարունակվի: Բայց այսօր ստեղծվել է իրավիճակ, երբ Արցախը և արցախցին պետք է քայլ անեն, որը կպաշտպանի թե՛ Արցախը և թե՛ Հայաստանը:

Մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը հղի է լուրջ վտանգներով, և դրանց չհետաձգումը սպառնալիք հայ ժողովրդի առողջության և գոյության համար: Չկա որևէ համոզիչ փաստարկ, որ ընտրությունների հետաձգումը կարող է վտանգավոր լինել Արցախի համար: Կա իշխանություն, որը հանգիստ կարող է պաշտոնավարել ևս մի քանի ամիս, մինչև անցնի կորոնավիրուսի վտանգը:

Անհասկանալի է նաև Հայաստանի իշխանությունների լռությունը: Եթե իսկապես Փաշինյանը չունի ֆավորիտ թեկնածու, ապա ընտրությունները չհետաձգելու վերաբերյալ դիրքորոշում չարտահայտելը առավել քան տարօրինակ է: Բայց, եթե անգամ ունի, Հայաստանի և Արցախի ազգաբնակչության առողջությունը շատ ավելի կարևոր է, քան քաղաքական նպատակահարմարությունը: Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա՝ եթե ընտրությունները կայանան, և այնուհետև Արցախում տարածվի կորոնավիրուսը, ապա բոլորը մեղադրելու են միայն իրենց:

Պետք է քաջ գիտակցել մեկ կարևոր հանգամանք: Արցախում կորոնավիրուսի տարածումը նույնը չէ, ինչ համաճարակը մտել է Հայաստանի ևս մեկ մարզ: Արցախում է գտնվում Հայաստանի զինված ուժերի զգալի մասը և, Աստված մի արասցե, կորոնավիրուսի ներթափանցումը զինված ուժեր կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հայկական երկու պետությունների համար: Փոքր տարածքում բանակի և քաղաքացիական ազգաբնակչության շփումը շատ ավելի մեծ է, քան Հայաստանի ցանկացած տարածքում:

Եթե Քոչարյանը և Սարգսյանը չեն վերարտադրվում Արայիկ Հարությունյանի տեսքով, ապա չեն վերարտադրվի նաև 3 ամիս հետո: Ուշագրավ է նաև նրանց լռությունը: Եթե այս պահին նրանք չեն կարողանում իրենց թեկնածուի միջոցով հաղթանակի հասնել Արցախում, ինչու չեն պահանջում ընտրությունների հետաձգում: Ամենայն հավանականությամբ, Արայիկ Հարությունյանը իրենց լավ էլ բավարարում է և ընտրությունների մարտի 31-ի անցկացումով նրանք միանգամից երկու նապաստակ են խփում: Նախ, օլիգարխ Հարությունյանի դեմքով չեն կորցնում իշխանությունը Արցախում, և երկրորդ՝ կորոնավիրուսի՝ Արցախում տարածվելու դեպքում լրջագույն հարված են հասցնում Փաշինյանին:

Արիս Վաղարշակյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1673 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ