...

ՀԱՊԿ-ի լեգիտիմության պահապանները

ՀԱՊԿ-ի լեգիտիմության պահապանները

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն անդրադարձել է քննադատություններին, որոնց համաձայն՝ քանի որ ՀԱՊԿ-ը Հայաստանին չի աջակցել, ուստի՝ Ղազախստանին աջակցել-չաջակցելու հարց անգամ չպետք է քննարկվեր։ «Այդ քննադատությունները հնչեցնողներն այն տարբերակի կողմնակից են, որ մենք մաշենք կազմակերպության լեգիտիմությունը կամ շարունակենք այն մաշել, վնաս հասցնել դրա հեղինակությանը և հասունացնենք այն պահը, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և այլ աշխարհաքաղաքական ընտրություն կատարի: Իսկ դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից և ինչի՞ն ենք անդամակցում, հաջորդ առաջարկն էլ պետք է հնչի: Իսկ ՆԱՏՕ-ին` արևմտյան աշխարհաքաղաքական բլոկին անդամակցության պարագայում քննադատություն հնչեցնողները պետք է ասեն, թե այդ պարագայում ինչպես են առաջարկելու առերեսվել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ»:

Մարիա Կարապետյանի հայտարարություններին լուրջ վերաբերվելու համար իսկապես մեծ կամք է պետք։ Ի դեպ՝ սա այն պատգամավորն է, որը Հ1-ի եթերում նոյեմբերի 9-ից հաշված օրեր անց մեղադրում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և մնացածներին, թե ինչո՞ւ անջատում հանուն փրկության սկզբունքը 90-ականներին չի կիրառվել Արցախի հարցում։ Վերջինս տեղյակ էլ չէր, որ Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին միջազգային այս իրավանորմը դեռևս ձևակերպված էլ չէր։ Հիմա մարդը գիտելիքների այս պաշարով ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում է և պետք է խոսի՝ բնականաբար պաշտպանելով Փաշինյանի մոտեցումները։ Սա նորմալ է, աննորմալն այն է, որ Մարիա Կարապետյանը մտահոգվում է մի կազմակերպության լեգիտիմությամբ, որի հեղինակությանը ամենամեծ վնասը հենց Փաշինյանն ու ՔՊ-ն են հասցրել։ Խոսքը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին դիվանագիտական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդումը ավարտին հասցնելու մասին է։ Ռուսներն այն ժամանակ ամենաբարձր մակարդակներով զգուշացնում էին, որ գործընթացը կարող է սասանել կազմակերպության լեգիտիմությունը։ Սեփական խողովակներով Փաշինյանին հասկացրել էին, որ մի քիչ համբերի և Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետից հետո նախաձեռնի նրան պատժելու գործընթացը։ Բայց լսողն ո՞վ էր։ Իսկ հիմա, երբ Փաշինյանն ու ՔՊ-ն «հանձնվել» են ռուսներին, հանկարծ սկսել են մտածել ՀԱՊԿ-ի լեգիտիմության մասին։  

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1787 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ