...

ՀՀ Ազգային անվտանգության գաղտնի հայեցակարգը

ՀՀ Ազգային անվտանգության գաղտնի հայեցակարգը

Մեր տեղեկությունների համաձայն, ԱԺ ՔՊ խմբակցությունն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել Ազգային անվտանգության հայեցակարգ-օրենքի նոր նախագիծը, որի սևագիր տարբերակը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ։ Եվ այսպես․

1․ ՀՀ սահմաններ։

ՀՀ սահմանների անվտանգության երաշխավորներն են ՀՀ զինված ուժերը և (կամ) Google-ի քարտեզները։ ՀՀ սահմանների խախտման ցանկացած փորձ գնահատվում է որպես ոտնձգություն միջազգային հանրության դեմ, ինչի վերաբերյալ կազմվում է արձանագրություն և ուղարկվում Google ընկերության կենտրոնական գրասենյակ՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում։

2․ ՀՀ զինված ուժեր։

ՀՀ զինված ուժերն իրականացնում են ՀՀ բնակավայրերի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև անբնակ տարածքների պաշտպանությունը։ ՀՀ զինված ուժերի սպառազինության արդիականացումն իրականացվում է սույն օրենքով նախատեսված Փամփուշտ Դավիթի՝ խափանման միջոցի փոփոխության դիմաց վճարված գրավի միջոցներով։

3․ Ներքին անվտանգություն։

ՀՀ ներքին անվտանգությունն ապահովում են․ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Հեղափոխության պահապանները, Դատախազությունը, դատարանները, ԿԸՀ-ը, բարեխիղճ գործարարների անվտանգության աշխատակիցները և այլ մասնագիտացած կառույցներ։ Այդ կառույցների գործունեության արդյունքում տուժած ներքին թշնամիների հետագա բուժումն ու մեկուսացումն իրականացվում է նրանցից առգրավված ապօրինի միջոցների հաշվին, իսկ կառույցների ֆինանսավորումը՝ ՀՀ իշխանությունների հասցեին հնչած տեսակետների առաջացրած տույժ-տուգանքների միջոցներով։ 

4․ Էներգետիկ անվտանգություն։

Հաշվի առնելով ՀՀ տարածքում հոսանքահարումների և կենցաղային գազից թունավորումների դեպքերի աճը և կարևորելով բացասական միտումների հետագա խորացումը կանխելու հրամայականը՝ կտրուկ բարձրացվում են էլեկտրաէներգիայի և գազի սակագները, ինչն իր հերթին նվազեցնում է ՀՀ էներգետիկ կախվածությունն այլ պետություններից։

5․ Պարենային անվտանգություն։

ՀՀ պարենային անվտանգության երաշխավորը սույն օրենքով նախատեսված Սամվել Ալեքսանյանն է։ Վերջինիս հարաբերությունները ՏՄՊՊՀ-ի հետ կարգավորվում են ՀՀ վարչապետի աշխատասենյակում՝ պարզեցված ընթացակարգով։ Կարգավորումն իրականացվում է բացառապես ՀՀ դրամով։

6․ Արցախ։

ՀՀ տարածքից արտերկիր իրականացվող մատակարարումների խափանման հարցի քննարկումների ժամանակ սեղանին աղաման դնելը խստիվ արգելվում է։

Արցախի հայկական բնակավայրերի մերձակայքում բարձրախոսներով մուղամ սփռելն իրականացվում է երկու ժողովուրդների միջև մշակութային կապերի վերականգնման ծրագրի շրջանակներում։

Մեր տեղեկությունների համաձայն, նախագիծն առայժմ քննարկումների փուլում է։ Մասնավորապես՝ ակնկալվում են միջազգային փորձագետների գնահատականները, այդ թվում՝ մեր բարեկիրթ հարևանների կողմից։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1481 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ