...

Հինգ տարի հետո էլ ՌԴ զորքը պետք է մնա Արցախում

Հինգ տարի հետո էլ ՌԴ զորքը պետք է մնա Արցախում

«Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները հայտարարության նախագիծ են ներկայացրել, որտեղ նաև ասվում է, որ խաղաղապահ առաքելությունը չպետք է ունենա ժամկետային սահմանափակումներ»,- «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Հարցին՝ նկատի ունեն, որ հինգ տարի ժամկետը վերացվի, և ռուս խաղաղապահները մնան Արցախո՞ւմ, Սեյրան Օհանյանն արձագանքել է․ «Այդ նկատի ունենք, որ (2020 թվականի) նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ, երբ որ ասում է, որ հինգ տարի հետո կողմերից մեկի ցանկության դեպքում կարող է խաղաղապահները չլինեն, մենք դա առաջարկում ենք փոխել՝ կողմերից մեկի ցանկության դեպքում խաղաղապահները մնան տարածաշրջանում։ Որովհետև իրականում ժամանակը շատ արագ է անցնում, և գրեթե մեկուկես տարի անցավ, և մնացած ժամանակահատվածում արդյո՞ք մենք կարող ենք Արցախի անվտանգության մակարդակը բարձրացնել, արդյո՞ք Հայաստանը կարող է միայնակ ձևավորել իր անվտանգության միջավայրը։ Եվ կարծում եմ, որ մենք կգանք այն եզրակացության, որ ռազմավարական գործընկերոջ կողմից խաղաղապահ առաքելության շարունակականության խնդիր մենք ունենալու ենք։ Դրա համար ենք մենք ամեն ինչ այսօր անում, պնդում, որպեսզի Հայաստանի իշխանությունները բանակցեն հենց հիմիկվանից սկսած, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները մնան Արցախում»։

Կողմերից մեկ ցանկության դեպքում կարող են չլինել կամ կողմերից մեկի ցանկության դեպքում կարող են մնալ։ Կողմերից մեկը Հայաստանն է, որը պարզ է՝ մոտ ապագայում չի կարողանալու և չի ցանկանալու, որ ՌԴ զորքերը հեռանան Արցախից։ Բայց Հայաստանի ցանկությունը քիչ է և համադրելի չէ ՌԴ-ի հնարավորության հետ։ Եթե Ռուսաստանը ցանկություն ունենա՝ կմնա, չի ունենա՝ պարզ կասի՝ հեռանում եմ, էլ հետաքրքրություն չունեմ Արցախում։ Եթե օրենք էլ ընդունեն, որ կողմերից մեկի ցանկությամբ մնա, ապա նույնն է լինելու։ Ռուսաստանի ցանկությունը բոլոր դեպքերում գերակայելու է մեր ցանկություններին՝ անկախ նրանից, թե դրանք կհամընկնե՞ն ՌԴ-ի հետ, թե՞ ոչ։ Ուստի՝ նման նախագծի անհրաժեշտությունը կամ կարևորությունը մի տեսակ անհասկանալի է։ Կամ էլ, կոպիտ ասած՝ տակը մի բան կա, որը պարզ կդառնա, եթե նախագծի շուրջ քննարկումներ ծավալվեն։ Ինչ վերաբերում է միայնակ անվտանգային միջավայր ձևավորելուն, ապա այս պահին այն երազանք է, որին հասնելու համար խանգարողների պակաս չի զգացվում։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1639 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ