...

Հրապարակ գալու ժամանակն է

Հրապարակ գալու ժամանակն է

Մի տասն օր առաջ, Նիկոլ Փաշինյանը հերթական աննախադեպ իրավիճակի մասին ավետեց հանրությանը: Պարզվեց, որ առաջին անգամ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվել է ընտրությունների շնորհիվ և ոչ թե առաջացել է դրանից հետո: Թերևս այնքան էր ոգևորվել իր բացահայտումից, որ ավելորդ չհամարեց անգամ շնորհավորել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու կապակցությամբ:

Հիմա պետք է հարցնել Փաշինյանին՝ իսկապե՞ս ճգնաժամը հաղթահարված է, թե՞ շուտ-շուտ ու վստահաբար դա պնդելով՝ կարելի է դրա իմիտացիան ստեղծել: Ճգնաժամը առաջացել էր ոչ այն պատճառով, որ ռևանշիստները հավաքվում էին Բաղրամյան պողոտայում, և ոչ այն բանի համար, որ Վազգեն Մանուկյանն իրեն դրել էր Լենինի տեղը, այլ այն պատճառով, որ Հայաստանը պարտվել էր պատերազմում, իսկ Ադրբեջանի ախորժակը նոր է բացվում:

Իշխանության ղեկավարի համար որքան նվաստացուցիչ է սեփական ժողովրդին խաբելը, մի երկու անգամ ավելի նվաստացուցիչ է, եթե չի հասկանում, թե ինչ է կատարվում: Հիմա Փաշինյանը պետք է պատասխանի՝ ի՞նքն է թյուրիմացության մեջ գցել հասարակությանը, թե՞ գտնվում է պատրանքների մեջ: Երբ քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, որ պետք չէ վախենալ դեմարկացիա և դելիմիտացիա բառերից, որ ռուսական զորքերը կգան և կկանգնեն մեր սահմաններին, որ «Մինսկի խումբը» աջակցում է մեր սահմանների անձեռնմխելիությանը, պետք է պատասխանի՝ խաբել է հանուն ընտրությունների արդյունքների՞, թե՞ ինքն է խաբվել՝ ճիշտ չհասկանալով դաշնակիցների և միջազգային մյուս խաղացողների մեսիջները:

Բայց կարծես առաջին տարբերակն է: Երեկ ադրբեջանցիները հերթական մեծ գրոհն են կազմակերպել մեր սահմանների վրա, զոհվել է ՀՀ երեք քաղաքացի, իսկ երկրի ղեկավարը հանդես չի եկել որևէ հայտարարությամբ, չի հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ: Այսինքն՝ իր համար չկա որևէ արտակարգ իրավիճակ, ինքը ամենասկզբից էլ գիտեր, որ այդպես է լինելու: Դրա փոխարեն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում երրորդ երկրի ղեկավարը՝ կարծես փորձելով հասկանալ, թե ինչպես և ինչու է դիմադրում հայկական բանակը:

Ընտրություններից առաջ Փաշինյանը խոստանում էր խաղաղության դարաշրջան բացել հայ ժողովրդի համար:

Հիմա ճիշտ ժամանակն է ոչ թե նստել և սպասել, թե ադրբեջանցիները որ ուղղությամբ կիրականացնեն իրենց հերթական սադրանքը, թե արդյոք հայկական բանակը կկարողանա երեկվա պես հետ մղել հարձակումը, այլ ինչպես խոստացվել էր, գալ Հանրապետության հրապարակ և ասել, թե ինչ է իրենից ենթադրում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը: Բացատրել, թե ինչ ենք զիջելու և ինչ ենք ստանալու: Գոնե ակնարկներով բացատրել, թե ինչ է ստանալու երրորդ կողմը և հատկապես ինչու է շահագրգռված, որ հարցը արագ հանգուցալուծվի: Անկեղծորեն խոստովանել մեր հնարավորությունների մասին, որովհետև թշնամին և վայ դաշնակիցը մեզանից լավ գիտեն մեր հնարավորությունները, թաքցնելու բան չկա: Այն, ինչ չեն կարողանում ստանալ հետախուզական ԱԹՍ-ների միջոցով, ստանում են գործակալների ու վայ դաշնակիցների միջոցով:

Գժի տեղ դնելու, թեմայից փախնելու ժամանակ ու ռեսուրս չկա:

Արիս Վաղարշակյան

Հ.Գ. «Իշխանությունը չի փչացնում մարդուն, մարդուն փչացնում է իշխանությունը կորցնելու վախը»: (Լև Տոլստոյ)

ՎԱՐԿԱՆԻՇ

   997 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ