...

Փաշինյանը նմանվում է «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսին

Փաշինյանը նմանվում է «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսին

Նիկոլ Փաշինյանը ու սահմանադրական փոփոխությունների գործընթացը գնալով նմանվում են «Հարսնացուն հյուսիսից» հայտնի ֆիլմի հերոս Արտակի ռուս աներոջ ոչ պակաս հայտնի խոսքերին՝ «может завтра, a может послезавтра»:

Մի կողմ դնենք, թե ինչ էր ասում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018, 2019 և 2020 թվականներին: Հիշենք վերջին իրադարձությունները: 2021 թվականի մարտի 1-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Փաշինյանը խոստացավ, որ արտահերթ ընտրություններ անցկացնելուց հետո, աշնանը կիրականացնեն սահմանադրական փոփոխություններ և կփոխեն երկրի կառավարման համակարգը՝ նրան վերադարձնելով կիսանախագահական համակարգը:

Շատերը կարծեցին, որ առերեսվելով մեծ ճգնաժամի հետ, Փաշինյանը հասկացել է խորհրդարանական համակարգի` մեր համար դեռ վաղ լինելու ճշմարտացիությունը: Բայց երեկ կառավարությունը ներկայացրեց իր հնգամյա ծրագիրը, որտեղ ոչ մի խոսք չկա սահմանադրական փոփոխությունների գործընթացի մասին: Ավելին, Փաշինյանը կրկնեց ֆիլմի հերոսի խոսքերը, թե ժողովուրդը թող իր կարծիքը արտահայտի, դրանից հետո ինքն իր խոսքը կասի:

Նորմալ երկրներում իշխող ուժը ներկայացնում է փոփոխությունների իր համապարփակ ծրագիրը, որից հետո գնում է ժողովրդի մոտ՝ հավանություն ստանալու կամ մերժվելու: Փաշինյանի տրամաբանությամբ մենք հակառակ կողմից պետք է գանք՝ ժողովուրդը տաղավարներում, ավտոբուսի կանգառներում, իշխանության հրավիրած հանրահավաքներում կքննարկի սահմանադրությունը, իշխանությունների տարանջատման սկզբունքները, նախագահի և վարչապետի լիազորությունների հարցը, հետո իշխանությունը կասի իր տղամարդու խոսքը:

Ուշագրավ է, որ սահմանադրական փոփոխությունների համատեքստում Փաշինյանը ևս մեկ շատ կարևոր արձանագրում կատարեց: Նա ասաց, որ փետրվար-մարտ ամիսներին բանակի ղեկավարության՝ իր հրաժարականը պահանջելու հետևանքով ստեղծվեց ճգնաժամ, որը իր անմիջական ազդեցությունն ունեցավ մայիսին ադրբեջանցիների կողմից Հայաստանի սուվերեն տարածք մուտք գործելու հետ:

Կրկին մի կողմ թողնենք, թե այդ երկու իրադարձությունները որքան են կապակցված միմյանց: Փաստացի Փաշինյանը չսկսելով սահմանադրական փոփոխությունների գործընթաց, իր մատնանշած հանգամանքների համատեքստում խրախուսում է մի վիճակ, որ կրկին կարող է տեղի ունենալ: Ով կարող է երաշխավորել, որ Արտակ Դավթյանը ինչ-որ իքս պահի իրեն չի պահի նույն կերպ, ինչպես Օնիկ Գասպարյանը: Եթե Փաշինյանը հենվում է Դավթյանի ազնիվ խոսքի վրա, ապա չմոռանանք, որ, ըստ նույն Փաշինյանի խոստովանության, նմանատիպ երդում էր տվել նաև Գասպարյանը:

Նույնը կարելի է ասել վարչապետ-նախագահ հարաբերությունների մասին: Եթե այսօր կրկին սկսել են իրար ժպտալ, դա ամենևին չի նշանակում, որ ինչ-որ պահի Արմեն Սարգսյանը իր օրենք ստորագրել-չստորագրելով չի կարող երկիրը նետել կառավարման ճգնաժամի հորձանուտ:

Հասկանո՞ւմ է այս ամենը Նիկոլ Փաշինյանը: Իհարկե՝ այո: Բայց բնածին ագահությունը նրան խանգարում է ապագային միտված և երկիրը ճգնաժամերից հեռու պահելուն ուղղված սահմանադրական փոփոխություններ իրականացնել:

Նա մտածում է մոտավորապես այսպես. փոփոխությունների հետևանքով չի կարող ամբողջ իշխանությունը կենտրոնացնել նախագահի ձեռքում: Իսկ հիմա ունի ժառանգություն, որն ստացել է Սերժ Սարգսյանից: Այսինքն՝ կոստյումը ինքը չի կարել: Բացի դրանից կա ևս մեկ նրբություն: Նախագահ կարող են ընտրվել առավելագույնը երկու անգամ, իսկ վարչապետ՝ բազմիցս:

Այսպիսով, սեփական անձնական շահը գերադասելով, Փաշինյանը չի գնում փոփոխությունների, և երկիրը ապահովագրված չէ նոր մեծ ճգնաժամերից:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   985 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ