...

Ինչ գործ ունի Արայիկ Հարությունյանը ՊՆ-ում

Ինչ գործ ունի Արայիկ Հարությունյանը ՊՆ-ում

Առաջիկա օրերին արտահերթ ընտրություններում հաղթած ուժը կձևավորի իր հերթական կառավարությունը և արդեն որոշակի մեսիջներից կարելի է եզրակացնել` ՔՊ-ակաները (Բուրբոնները) ոչինչ չմոռացան և ոչինչ չսովորեցին: Հատկապես չսովորեցին: 5 տարի առաջ Արշակ Կարապետյանը անգամ ամենալավ երազում չէր պատկերացնի, որ իրեն ՊՆախարար կառաջադրեն, իսկ առաջադրողն էլ կլինի այն ուժը, որն ամենից բարձրն էր բղավում Ապրիլյան պատերազմից առաջ Հայաստանի հետախուզության ձախողման մասին: Հիմա կարելի է պատկերացնել, թե ինչ վիճակում է հայտնվելու ապագա նախարարը, երբ խորհրդարանում, օրինակ, Սեյրան Օհանյանը իր երբեմնի ենթակային հարցեր ուղղի Ապրիլյան պատերազմից:

Հաշվի առնելով, որ այդպես էլ չհրապարակվեց ԱԺ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը, կարելի է եզրակացնել` Արշակ Կարապետյան-Անդրանիկ Քոչարյան դուետը չի կարողացել գտնել այնպիսի ապացույցներ, որոնք կմերկացնեին նախորդ ռեժիմի ապիկար էությունը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ նույն խորհրդարանում Կարապետյանին անընդհատ դնելու են անհարմար վիճակի մեջ, թե՛ իր նախորդ գործունեության հետ կապված, թե՛ իր ներկայիս ղեկավարի նախկինում արած հայտարարությունների հետ կապված:

Ընդդիմությունը հաճախ է իշխանությանը մեղադրում, թե գործողները վերջին երեք տարում միտումնավոր անարգել են գեներալիտետին: Ի պատասխան հնչել է հակադարձում` ոչ մեկին չենք անարգել, պատժել ենք զինվորի հացը գողացողին և ապօրինի հարստացած գեներալներին:

Եթե մինչև վերջերս կարելի էր որոշակի վերապահումներով ընդունել իշխանության փաստարկները, ապա այն տեսարանից հետո, որի ականատեսը դարձանք օրեր առաջ, արդեն դժվար է հավատալ, որ իշխանությունը կանխամտածված չի անարգում գեներալներին և բարձրագույն սպայական կազմին: Արշակ Կարապետյանին նախարարության կոլեգիային ներկայացնում է ոչ այլ ոք, քան գործող իշխանության ամենաձախողված և հեգնանք առաջացնող դեմքերից մեկը` կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Մարդ, ով ձախողեց անգամ մանկապարտեզների հետ աշխատանքը, եկել է ՊՆ ու գեներալներին բացատրում է, թե ինչ են իրենցից ներկայացնում բանակի ու նրա սպառազինությունների բարեփոխումները: Հորդորում է դրանք արագացնել և ճիշտ կազմակերպել աշխատանքը:

Գեներալներին իր բարձր դիրքից խորհուրդներ և ուղեցույցներ է տալիս մեկը, ով զենքից ու զինամթերքից տեսել է միայն իր հայտնի ձեռքի փայտը, որով Չալոյին առաջնորդում էր դեպի պայծառ ապագա:

Տեսնես խորհրդարանում իր բոցաշունչ ելույթներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կշրջվի՞ դեպի Արշակ Կարապետյանը և հարցնի, թե նրան որտեղից Արաբկիր համայնքում գտնվող շքեղ առանձնատունը: Եթե չհարցնի, ուրեմն պետք է նաև մոռանա Սեյրան Օհանյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատան գոյության մասին: Կամ կարո՞ղ է ինքն իրեն հարց ուղղել, թե ինչու է ՊՆ-ն մեկ անձից գնումներ անում և այդ մեկ անձը ոչ այլ ոք է, քան Կարապետյանի կինը: Համենայնդեպս ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մի լավ պատերով կտար Արշակ Կարապետյանին, և վերջինս ու իր կինը երեկոյան իրենց շքեղ առանձնատանը շատ տխուր երեկո կանցկացնեին:

Երեք տարի առաջ հանրությունը ներողամտորեն էր մոտենում իշխանության կադրային ձախողումներին, հնչում էին արդարացումներ, որ մի կողմից ընդդիմությունը չունի կադրային բազա, մյուս կողմից՝ նախորդ ռեժիմը փչացրել է բոլոր այն մարդկանց, որոնք ի վիճակի էին օգուտ բերելու պետական համակարգին: Երեք տարի անց կարելի է արձանագրել՝ նոր իշխանությունը այդպես էլ չկարողացավ ձևավորել մրցունակ կադրային բանկ և չի խորշում օգտվել նախորդ ռեժիմի ամենաձախողված կադրերի ծառայություններից:

Արիս Վաղարշակյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ