...

Հռիփսիմեին տարեք, Լուլուին բերեք

Հռիփսիմեին տարեք, Լուլուին բերեք

Հռիփսիմե Հունանյանը պատգամավոր է։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից է։ «Չունեմ բարձրագույն կրթություն, բայց պատրաստվում եմ բարձրագույն կրթություն ստանալ: Փորձում եմ Ամերիկյան համալսարանում շարունակել իմ մասնագիտությամբ կրթությունը, բակալավրիատում: Դա մի քիչ ավելի ուշ, բայց հուսով եմ՝ ամեն բան լավ կլինի»,- parliamentmonitoring.am-ի հետ զրույցում հայտարարել է «նախկին կյանքում» կամ Հին Հայաստանում բուժքույր աշխատած Հունանյանը։ Բարձրագույն կրթությունը, ինչպես հայտնի է, ԱԺ պատգամավոր դառնալու համար պարտադիր պայման չէ։ Մեր օրենսդրությունը ԱԺ պատգամավոր դառնալու համար կրթական ցենզ չի սահմանում։ Այս առումով, օրենքի տեսանկյունից լրիվ նորմալ է ունենալ պատգամավոր, որը հետո է կրթության կարևորությունը գիտակցել։ Ի վերջո նախկին խորհրդարաններում էլ են եղել կրթության կարևորությունը ահագին ուշ ընկալած պատգամավորներ։ Բազմաթիվ անուններից այս պահին մեջբերենք, օրինակ, Լիսկային ու գեներալ Սեյրանին։

Խնդիրն այլ է։ Լրագրողը պատգամավորին հարցրել է, թե ՔՊ-ի ո՞ր գաղափարներն են իր համար ընդունելի։ Հունանյանն էլ պատասխանել է․  «Կարող եմ ասել, որ ես միշտ եղել եմ ազնիվ աշխատողների թվում, ինձ համար կոռուպցիան անընդունելի երևույթ է, ղեկավար անձ եմ աշխատել, ու երբեք գումարով որևէ գործ չեմ արել: Երբեք: Երբեք չեմ էլ անի, դա իմ սկզբունքներին դեմ է: Ազնվություն, կոռուպցիայի դեմ անզիջում պայքար. այս գաղափարներն են ինձ համար ընդունելի եղել»: Սա էլ է նորմալ հնչում։ Բայց առնվազն տարօրինակ է դառնում, երբ այս երկու փաստերը համադրում ենք տիկնոջ հետևյալ հայտարարության հետ․ «Շատ կարճ ժամանակ եմ աշխատել շարքային բուժքույր, միշտ եղել եմ ղեկավար անձ»:

Հարց է առաջանում՝ կրթություն չունի, կոռուպցիան էլ անընդունելի երևույթ է համարում, բա ինչպե՞ս է ստացվել, որ շատ կարճ աշխատել է շարքային բուժքույր ու միանգամից հայտնվել է ղեկավար պաշտոնում։ Կինոյի միջի սուպերհերոսներն անգամ նման կարճ ճանապարհով չեն դառնում այն, ինչ վերջում դառնում են։ Ի դեպ՝ Հունանյանը այս տարի կդառնա 40 տարեկան։ Իսկական սովորելու տարիք է, եթե գործը չխանգարի՝ 44-45-ում բակալավրի դիպլոմը գրպանում կլինի։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   3094 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ