...

Ի՞նչ են պատմում Կիևի հայերը

Ի՞նչ են պատմում Կիևի հայերը

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունն այս պահի դրությամբ որևէ ճշգրտված տեղեկություն չունի ռուս-ուկրաինական հակամարտությունում զոհված ՀՀ քաղաքացիների մասին։ «Այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Նման տեղեկության առկայության դեպքում, մենք կտեղեկացնենք»,- այս մասին News.am-ին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ Ի դեպ՝ համացանցում երեկվանից տեղեկություն է տարածվել, որ Խարկովում ռուսական կողմից զոհվել է տանկիստ, ազգությամբ հայ Դավիթ Դերենիկի Աղաջանյանը։

Մինչև մերոնք պաշտոնական տեղեկություն ճշտեն ու տեղեկացնեն՝ ինչն ինչոց է, հայ հասարակությունը ոչ պաշտոնական կամ դրսի աղբյուրների ինֆորմացիան արդեն իրացրած, քննարկած ու էջը թերթած կլինի։ Բազմաթիվ երկրներ կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը։ Շատերն իրենք են սկսել կազմակերպել իրենց քաղաքացիների տեղափոխությունը կոնֆլիկտի թեժ գոտիներից։ Սակայն մենք հապաղում ենք։ Շուրջ 500 հազարանոց հայ համայնքն ի՞նչ օրի է Ուկրաինայում՝ գիտենք զանգերի ու անձնական կապերի միջոցով։ Որտե՞ղ է պետությունը, ի՞նչ քայլեր է ձեռնարկում իր հայրենակիցների համար՝ անհայտ է։ 

«ՉԻ»-ն երեկ ու այսօր առիթ է ունեցել խոսելու Կիևում ապրող ՀՀ որոշ քաղաքացիների հետ։ Նրանցից ոմանք պատմեցին, թե լուսաբացին վեր են թռել պայթյունների ձայներից։ «Երեխաները սկսեցին լացել, մեզ թվաց՝ ինչ-որ բան է պայթել մոտակայքում։ Փորձում էինք հանգստացնել նրանց։ Բայց ձայները չէին դադարում։ Արագ դուրս եկանք տանից։ Գիշերանոցներով նստեցինք մեքենան ու որոշեցինք, որ պետք է հեռանանք Կիևի կենտրոնական մասից։ Դաչա ունենք մի երեք ժամ հեռու, քշեցինք այդ ուղղությամբ։ Ճանապարհին կատակում էինք, որ երեխաները ցրվեն։ Հիմա դաչայում ենք, մտածում ենք՝ ինչպե՞ս դուրս գանք Ուկրաինայից»,- մեզ հետ զրույցում պատմեց ընտանիքի մայրը՝ Շ․ Հ-ն։ Նրանք չեն էլ հասցրել տանից վերցնել անձնագրերը: «Մտածում ենք՝ ամուսինս հետ քշի գնա, տանից վերցնի մեր փաստաթղթերը ու տեսնի՝ ում է «խառնում», որ դուրս գանք»,- հավելեց նա։

Մեկ ուրիշն էլ պատմեց, որ էլիտար շենքում են ապրում, և շենքի ադմինիստրացիան առավոտ շուտ ազդանշան է տվել, որ լքեն բնակարանները. «Չորս ժամ հերթ ենք կանգնել, որ կարողանանք բենզին լցնել և հեռանալ Կիևից։ Այս գիշեր մնացել ենք քաղաքից դուրս գտնվող ընկերոջս տանը։ Նա ուկրաինացի է, երբ դուրս էինք գալիս տանից, չգիտեինք՝ ո՞ւր գնալ։ Բենզալցակայանում էի, երբ զանգ ստացա նրանից։ Ինքն էր իմացել, ասաց՝ ընտանիքիդ, մեկ էլ քրոջդ ընտանիքին վերցրու, եկեք մեզ մոտ։ Մեծ տուն ունի։ Նույն ֆիրմայում ենք աշխատում։ Կարելի է ասել՝ նա իմ շեֆն է։ Խոստացել է, որ կօգնի հասնենք Հայաստան»։ «Իսկ իրե՞նք»,- հարցրինք մենք։ «Իրենք ասացին, որ մնալու են, դուրս չեն գա Ուկրաինայից։ Ասում են՝ ո՞ւր գնանք, մենք ի՞նչ ենք արել, որ փախչենք մեր երկրից»,- հավելեց մեր զրուցակիցը՝ Անդրանիկը։

14 տարի Ուկրաինայում բնակվող, փոքրիկ ընտանեկան բիզնես ունեցող Վարդանյանների ընտանիքը ևս Կիևից է. «Մենք էլ մարտի 8-ին պատրաստվում էինք մանկապարտեզ գնալ ու փոքրիկ աղջկաս հանդեսին մասնակցել։ Էս ինչքան ժամանակ է պատրաստվում են։ Երգում են, ոտանավոր են սովորում, պարեր։ Արդեն զգեստներն էլ խմբի պատվիրել էին։ Հիմա գոնե էս ամենը շուտ վերջանա, գնանք մարտի 8-ի հանդեսին մասնակցենք։ Երեխան ամեն օր հարցնում է՝ մամ, կռիվ-կռիվը ե՞րբ է վերջանալու։ Խմբում կան ուկրաինացիներ և հայեր։ Մեկ հայ ընտանիքից միայն տեղեկություն ունեմ։ Ասացին, որ Եվրոպա՝ կարծեմ Վիեննա պիտի մեկնեն։ Էլ չգիտեմ՝ ոնց, ինչ»։ Զրույցի վերջում մեզ մնում էր հուսադրել, որ հավատան՝ մարտի 8-ի հանդեսը կայանալու է։ Տիկին Տաթևը ծիծաղեց ու խոստացավ հանդեսի լուսանկարներն ու վիդեոները մեզ ուղարկել։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1432 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ