ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է. «Տեղեկացնում եմ, որ մի քանի օր բացակայելու եմ երկրից։ Մեկնում եմ մասնակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցության համագումարին և Քաղաքական համաժողովին։
Հ.Գ. Բոլոր նրանք, ում իմ ներկայությունը Ֆրանսիայի հրապարակում «խանգարում» էր միանալ պայքարին, ունեն սարեր շրջելու պատմական շանս։ Ձեզ տեսնեմ»:
«ՉԻ». Հըմմմմ... Մեկը պատահականություն է, երկուսը՝ օրինաչափություն: Ուրեմն, Արթուր Վանեցյանի ներկայությունն էլ էր երևի ինչ-որ ուժերի խանգարում: Դժվար թե պատահականություն լինի, որ Վանեցյանն ու Աշոտյանն էս նեղ մաջալին Եվրոպա են գնում, այն էլ՝ մի քանի օրով:
Սա՝ այն դեպքում, երբ Իշխան Սաղաթելյանն արդեն հայտարարել է թվով 67-րդ, թե 68-րդ վճռական գործողության մասին. սպառնացել է տուն առ տուն, սենյակ առ սենյակ, պադվալ առ պադվալ, բալկոն առ բալկոն, մասանդրա առ մասանդրա ճշտել հայ ժողովրդի դիրքորոշումը: Իմիջիայլոց, վիճակագրության նախարարությունը կարող է Իշխան Սաղաթելյանին խնդրել՝ ձեռի հետ մարդահամար անցկացնել, ահագին փող կտնտեսվի:
Բայց դառնանք Աշոտյանին, որը խանգարում էր քոչարյանա-դաշնակցական ուժերին սարեր շուռ տալ: Ասա՝ ի՞նչ գործ ունես ուրիշի հայրենափրկիչ գործունեության հետ: Այսօր այդ ուժերն արդեն փորձում են նախարարություններ մտնել՝ պարզելու նախարարությունների քարտուղարուհիների դիրքորոշումը: Աշոտյանն, օրինակ, այնտեղ լիներ, դա չէր ստացվի: Ժողովրդի ուշքը գնում է Իշխան Սաղաթելյանի ու Լևոն Քոչարյանի համար, բայց հենց նրանց կողքին տեսնում է Վանեցյանին ու Աշոտյանին, միանգամից հուսախաբ է լինում: Բան ենք ասում: