...

Ինչու է վերադասը աչք փակում աստղադիտարանի չարաշահումների վրա

Ինչու է վերադասը աչք փակում աստղադիտարանի չարաշահումների վրա

Եթե նախկինում Բյուրական ասելիս պատկերացնում էինք ականավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանին և նրա հիմնած աստղադիտարանը, ապա այսօր Բյուրականն ասոցացվում է ժամանցային վայրի հետ։ Եթե առաջ հաճախ էինք լսում Բյուրականի աստղադիտարանում արձանագրված միջազգային նվաճումների մասին, ապա այժմ աստղադիտարանում հազիվ դպրոցական կամ բուհական մակարդակի համաժողովներ են անցկացվում։ Անգամ թանկարժեք աստղադիտակները պատվել են խիտ սարդոստայնով։
 
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ը տասնամյակների փառքը, վաստակն ու հեղինակությունը մի քանի տարում մսխելու, փոշիացնելու դասական օրինակ է։ Ժամանակներ կային, երբ գիտության այս կաճառը մեր հպարտությունն էր, հեղինակավոր բրենդ, որով պարծենում էր Հայաստանը, որտեղ տեղի էին ունենում համաշխարհային գիտական կարևոր իրադարձություններ։

Կհարցնեք՝ ո՞րն է այս տրանսֆորմացիայի պատճառը։ Պատասխանը պարզ է՝ երբ ամենակայացած, ամենաառաջադեմ կառույցն անգամ ընկնում է պետական մտածելակերպից զուրկ, ոչ պրոֆեսիոնալ, միջակ կառավարիչների ձեռքը, շատ շուտով այն կազմալուծվում է ու ծառայեցվում սեփական նպատակներին։

Աստղադիտարանի՝ դեռևս նախկին իշխանություններից ժառանգություն մնացած տնօրինության թերացումների վրա, չգիտես ինչու, աչք են փակում վերջինիս վերադասները՝ Գիտությունների ազգային ակադեմիան ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ֆինանսների նախարարության կողմից Բյուրականի աստղադիտարանում անցկացված ստուգումները վեր են հանել բազմաթիվ խախտումներ։ Ուշագրավ է, որ այդ խախտումների բնույթը ուսումնասիրելով՝ պարզ է դառնում, որ աստղաֆիզիկայի բնագավառի այս կարևորագույն կառույցը վերածվել է մասնավոր շահերին սպասարկող օբյեկտի։ Աստղադիտարանի բյուջեն օգտագործվում է՝ ինչպես սեփականը։ Չգիտես ինչու և ինչպես արտասահմանյան կառույցները ծառայություններ մատուցելու դիմաց աստղադիտարանին չեն վճարում հսկայական գումարներ, ու արձանագրված այդ փաստը չի հետաքրքրում ղեկավարությանը։ Աստղադիտարանը երկար տարիներ գիտական էքսկուրսիաներ, այցելություններ թանգարան և գիշերային աստղադիտումներ, վճարովի այլ ծառայություններ է կազմակերպել, սակայն դրանց համար գանձված գումարների մուտքի չափն անհայտ է, քանի որ չի վարվել այցելուների հաշվառման մատյան, և չեն ունեցել հսկիչ դրամարկղային մեքենա։ Աստղադիտարանի աշխատակիցը տևական ժամանակ օգտագործել է կազմակերպության բալանսի վրա գտնվող հյուրատունը, սակայն վճարումներ չի կատարել զբաղեցրած սենյակի համար։

Ի՞նչն է պատճառը, որ այս ամենը չեն նկատում, այն էլ կոռուպցիայի դեմ իբրև թե համակարգային պայքար մղող ներկա իշխանությունները։ Առողջ տրամաբանությունը հուշում է, որ կա՛մ վերադասն ուղղակի մասնակից է այս չարաշահումներին, կա՛մ էլ ունեն փոխկապակցված շահեր։

Ի դեպ, ասում են՝ աստղադիտարանից վաղուց հեռացել են կամ հեռացվել են փորձառու մասնագետներն ու նրանք, ովքեր փորձում էին ընդվզել արատավոր բարքերի դեմ։ Այժմ այստեղ աշխատում են հիմնականում տնօրինության հավատարիմները։ Բյուջեից հատկացված գումարներն էլ կարծես թե աճում են։ Սակայն իրական գիտական պրոդուկտ աստղադիտարանից վերջին տարիներին չենք տեսել։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1293 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ