...

Իսկապե՞ս իրավիճակն այդքան անհույս է

Իսկապե՞ս իրավիճակն այդքան անհույս է

Եթե նկատել եք, ադրբեջանցիների՝ Արցախի Ասկերանի շրջան ներխուժելու վերաբերյալ ՀՀ արտգործնախարարության հայտարարությունն առանձնապես չի տարբերվում, ասենք, ԱՄՆ կամ Ռուսաստանի արձագանքից։ Դեռ լավ է, որ ՀՀ ԱԳՆ-ն «կողմերին» կոչ չի արել «երկուստեք զսպվածություն ցուցաբերել»։ Ամեն դեպքում՝ փաստն այն է, որ Հայաստանն արդեն գրեթե պաշտոնապես այդ հարցը դիտարկում է զուտ ռուս-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը։ Պարզապես 75 տոկոսը հանձնել են Ադրբեջանին, 25 տոկոսը՝ Ռուսաստանին, ու հիմա հենց այդ երկու երկրներն են որոշելու, թե Արցախի որ բնակավայրերում կարող են հայեր ապրել, որ բնակավայրերում՝ ոչ։ Ռուսաստանն ու Ադրբեջանն էլ, որպես փաստաթղթավորված դաշնակիցներ, հաճույքով կբանակցեն Արցախում իրենց փայաբաժինների ամեն տոկոսի համար։ Ռուսաստանը, հասկանալի է, առանձնապես դեմ չի լինի, որ «համատեղ սեփականությունում» իր փայը 25 տոկոսից դառնա, ասենք, 20 տոկոս, բայց դրա դիմաց ինչ-որ բաներ կպոկի Ադրբեջանից։ Ի վերջո ռազմավարական շահեր կան, էներգակիրներ կան, համատեղ տնտեսական նախագծեր կան․․․ Սա է իրականությունը, մնացածը խաբկանք է, ավելի ճիշտ՝ ինքնախաբեություն։ Ընդ որում՝ անկախ նրանից, թե ինչով կավարտվի կոնկրետ Փառուխ գյուղի հետ կապված այս պատմությունը։ Որովհետև իրադարձությունների զարգացման ընդհանուր միտումը նույնն է՝ ադրբեջանցիներն ուզում են ամբողջովին զինաթափել Արցախը (այդ թվում՝ ռուս խաղաղապահների միջոցով), այնուհետև հենց նրանց աջակցությամբ էլ քայլ առ քայլ Արցախն «ինտեգրել» Ադրբեջանի կազմում։

Իսկապե՞ս իրավիճակն այդքան անհույս է։ Ցավոք՝ այո, բայց դրա հիմնական պատճառը ոչ այնքան Արցախում, որքան Հայաստանում առկա իրողություններն են։ Բանն այն է, որ տեսականորեն կարելի էր ստեղծված իրավիճակից ելքեր փնտրել ու նույնիսկ գտնել, բայց դրա գլխավոր պայմանը Հայաստանում նորմալ իշխանություններ ունենալն է, իսկ դա իսկապես «անհույս գործ է»։ Տեսեք՝ 44-օրյա պատերազմից հետո նվազագույն բանականություն ունեցող ցանկացած մեկի (նույնիսկ «հայրենասեր մտավորականության») համար պիտի որ հասկանալի լիներ՝ 1997-ին ղարաբաղյան խնդրի փոխզիջումային կարգավորումից հրաժարվելը կոպտագույն սխալ էր։ Լավ, ենթադրենք՝ այն ժամանակ դա այնքան էլ հստակ չէր երևում, հաղթանակի էյֆորիայի մշուշը դեռ չէր ցրվել, կարելի էր հավաքվել Կինոյի տանը ու հարայհրոց բարձրացնել, կարելի էր մերժել ցանկացած զիջում ու ասել, որ կզիջենք այն ժամանակ, երբ ստիպված լինենք, կարելի էր ասել «Ղարաբաղի հարց չկա, ի՞նչ Ղարաբաղի հարց, մենք այդ հարցը լուծել-վերջացրել ենք» և այլն, բայց 2020-ի նոյեմբերին արդեն պարզ էր, չէ՞, որ այդ ամենը սխալ էր։ Եվ ի՞նչ, այդ քաղաքական գործիչներից, «պետական այրերից» կամ «մտավորականներից» քանի՞սը համարձակություն ունեցան կանգնել ժողովրդի առաջ ու ասել «ներողություն, մենք այն ժամանակ սխալվել ենք»։ Ոչ մեկը։ Քոչարյանը, որ հիմա Արցախ է «փրկում», քանի՞ անգամ կանգնեց-ասեց «ժողովուրդ ջան, ես ասել էի, որ Ղարաբաղի հարցը լուծված-վերջացած է, բայց պարզվեց՝ լուծված չէր, ներողություն, որ սխալվել եմ»։ Ոչ մի անգամ։ 

Բայց անգամ դա չէ ամենաահավորը։ Ամենաահավորն այն է, որ ժողովրդից ներողություն խնդրելու փոխարեն նրանք բաժանվեցին ինչ-որ թայֆաների, արդեն Արցախը կորցնելուց հետո մասնակցեցին ընտրություններին, և այդ նույն ժողովուրդն այդ թայֆաներից մի քանիսին ավելի շատ ձայն տվեց, քան իր ճշմարտացիությունն ու հեռատեսությունն ապացուցած ուժին։ 

Սա է, որ գրեթե զրոյական է դարձնում տեսանելի ապագայում Հայաստանում ադեկվատ իշխանություններ ձևավորելու հավանականությունը, իսկ եթե Հայաստանում ադեկվատ իշխանություններ չկան՝ Արցախում, այո, վիճակն անհույս է։ Անկախ նրանից, թե ինչպես կընթանան ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների հերթական բանակցությունները։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3680 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ