...

Ժամանակին Բեգլարյանն էր «ասում», հիմա Բեգլարյանին են «ասում»

Ժամանակին Բեգլարյանն էր «ասում», հիմա Բեգլարյանին են «ասում»

Երեկ ՀՀԿ երիտասարդական թևի ներկայացուցիչների «Ստոպ Նիկոլ» իրազեկման ցույցի մասնակիցների մեջ է եղել ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Նրան ձեռքով ողջունել է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ գտնվող սրճարաններից մեկում նստած նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։ Սա ֆիքսել է Aravot.am-ի մեր գործընկերը ու մի քանի հարց է տվել Բեգլարյանին։ Հարցին՝ Հայաստանում ապագայի հետ կապված ի՞նչ ծրագրեր ունի, Գագիկ Բեգլարյանը մտածել ու պատասխանել է. «Ոչ մի»։ Հաջորդ հարցին՝ Ձեր նախկին կուսակից ընկերների ցույցին չե՞ք միանալու, Գագիկ Բեգլարյանը պատասխանել է. «Ոչ, ոչ, ոչ նախկին, ոչ ներկա»։ Լրագրողի տարակուսանքին՝ իսկ ինչո՞վ է զբաղվելու Բեգլարյանը, արձագանքել է կողքի սեղանին նստած, վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը՝ ասելով. «Բիզնեսով ա զբաղվելու»։ 

Կյանքն իսկապես աստիճան է։ Կար ժամանակ, երբ Բեգլարյանն էր ուրիշին ցուցում տալիս՝ ինչով զբաղվել։ Մեկին պատգամավոր էր նշանակում, մյուսին՝ թաղին տիրություն անող, երրորդին՝ ընտրակեղծիքների պատասխանատու, չորրորդին՝ Երևանի փողոցները թափառող շներից ազատագրող, և այլն, և այլն։ Հիմա Բեգլարյանին են ասում՝ ինչով զբաղվի։ Եվ ասողն էլ ո՞վ է՝ Բեգլարյանի որդու տարիքին, հրաշքով իշխանություն ստացած մեկը, որը եթե տարիներ առաջ Բեգլարյանին փողոցում տեսներ, ճամփան կփոխեր։ Իսկ հիմա կողքի սեղանից ցուցում է տալիս Բեգլարյանին։ Կամ էլ հուշում է, թե ինչ չի կարող անել Բեգլարյանը, ասենք՝ նախկին գործընկերների հետ պայքարել։ Այն գործընկերների, որոնց արևով երդվում էր Բեգլարյանը, առանց որոնց նրա քաղաքական աստղը երկնակամարում չէր շողշողա տասնամյակներով։ Իսկ մենք չենք մոռանում, թե ինչպես էր Բեգլարյանը բռնում Սերժ Սարգսյանի վերարկուն, որ նա հագնի, կամ էլ ինչպես էր ձեռքով խնամքով թափ տալիս այդ նույն վերարկուի օձիքին հայտնված սպիտակ թեփի հատիկները։ Հիմա նույնը կարող է Նաիրի Սարգսյանի համար անել։ Լրիվ բնական կդիտվի Բեգլարյանի պարագայում։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   7609 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ