...

Ջուր չկա, աղետ է

Ջուր չկա, աղետ է

Արտերը չորացել են

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքի հողագործներն անելանելի վիճակում են հայտնվել: Կարտոֆիլ, գազար, ճակնդեղ ու ցորեն են ցանել, բայց ջրել չեն կարողանում:

Համայնքում ոռոգման ջուր չկա: Բայց խնդիրը նոր չէ, տարիների պատմություն ունի, Խորհրդային միության խլուզումից հետո այստեղ ոռոգման ջուրը լուրջ խնդիր է դարձել: Ցանքատարածությունները ոռոգում են Մանթաշի ջրամբարի ջրով, բայց քանի որ նույն ջրամբարից օգտվում են տարածաշրջանի մի քանի համայնքներ, ջուրը Սպանդարյան չի հասնում:

«Ոչ թե մենակ այս տարի է մեզ մոտ ոռոգման ջրի վիճակը վատ, այլ ամեն տարի: Այս տարի էլ մեր վիճակն ավելի ահավոր է: Միայն մենք չենք այս դրության մեջ, կողքի գյուղերն էլ հետը: Ոռոգման ջուրը մեզ մոտ սիմվոլիկ բնույթ է կրում: Ջուրն էլ կտան այն ժամանակ, երբ վեգետացիայի ժամանակ չէ, մի հատ անկառավարելի բան է: Սնվում ենք հիմնականում «Մանթաշի» ջրամբարից, բայց այն խմելու ջուր է, որը նաև ոռոգման նպատակով են տալիս: Այն այնքան շատ պետք է լինի, որ մնացածն էլ որպես ոռոգման ջուր տան: Այդ ջուրն ամբողջ 30 գյուղերի համար է, Արթիկ քաղաքն էլ հետը: Պատկերացրեք՝ ինչքան պետք է ջուր լինի, որ բոլորին խմելու և օգտագործման համար բավարարի, որ մնացածն էլ տան ոռոգման համար»,- «ՉԻ»-ի հետ զրույցում իրավիճակը ներկայացրեց համայնքի ղեկավար Ավետիք Մխիթարյանը:

Անլուծելի խնդիր

Մի կողմից ոռոգման ջրի բացակայությունը, մյուս կողմից էլ՝ երաշտային տարին, ցորենի արտերը չորացրել են: Այս տարի 130 հեկտար ցորեն են ցանել, բայց բերքատվության ցուցանիշը նվազել է, քանի որ անհրաժեշտ ջուրը բույսը չի ստացել:

«Ցորենի դաշտերը երաշտի պատճառով չորացել են: Ընդհանրապես ոռոգելի հողեր չունենք: Ամբողջ դաշտերը չորացել են, արդեն մարդ կա՝ ցորենի դաշտերը նորից վարում է, որ ցորեն ցանի, թե ինչ կլինի՝ չգիտեմ: Կարող է ցորենի դաշտի մոտ 10-15 հեկտարը հնձվի, մնացածը բանի պետք չեն: Ակտ ենք կազմել և իրավիճակը ներկայացրել մարզպետարան»,- փաստեց մեր զրուցակիցը:

Կորոնավիրուսի պատճառով արտագնա աշխատանքի չմեկնած մոտ 400 տղամարդ գյուղում հողագործությամբ են զբաղվում: Համայնքում այս տարի մշակվել է 10 հեկտար կարտոֆիլ, 5-ական հեկտարներ էլ գազար ու ճակնդեղ: Գազարից ակնկալիք չունեն՝ ցրտահարվել է: Կարտոֆիլ ու ճակնդեղ ստանալու համար էլ հույսներն անձրևն է: Բայց եղանակային պայմանները կրկին սպանդարյանցիների օգտին չեն: Տարին երաշտային է, ինչի հետևանքով անասնակերը պակաս կլինի՝ խոտ գրեթե չկա:

Ոռոգման ջուր ունենալու հարցով գյուղացիներն արդեն տասնյակ տարիներ պատկան մարմինների դռներն են թակում: Նախկին իշխանությունները ոչինչ չեն արել խնդիրը կարգավորելու համար: Ներկաներն էլ են իրավիճակին քաջատեղյակ, բայց ոռոգման ջրի հարցն այստեղ դեռ անլուծելի է մնում:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1739 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ