...

Կարմիր գծից անդին՝ հարցականներ անթիվ․․․

Կարմիր գծից անդին՝ հարցականներ անթիվ․․․

Հակարիի կամրջի վրա արցախցի երեք երիտասարդների առևանգման ինֆորմացիոն շոկը մի տեսակ երկրորդ պլան մղեց դրա հետ կապված մեկ այլ տեղեկություն՝ այդ օրը Արցախից Հայաստան տեղափոխվեց մոտ 170 հոգի, որքան հասկացանք՝ հիմնականում ուսանողներ։ Հասկանալի է, որ ադրբեջանական կողմի նման մասշտաբային «մեծահոգությունը» չէր կարող հենց այնպես արվել ու ինչ-որ պայմանավորվածությունների արդյունք էր։

Պայմանավորվածություններ, որոնք, ամենայն հավանականությամբ, ձեռք էին բերվել ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև։ Այսպես թե այնպես՝ բառացիորեն հաջորդ օրը Ադրբեջանի Կարմիր Մահիկը հայտարարեց, թե 40 տոննա մարդասիրական ալյուր է ուղարկում Աղդամի ճանապարհով, ԼՂՀ նախագահի խոսնակն էլ դա անվանեց կեղծ մարդասիրություն ու հայտարարեց, որ այդ հարցով արցախյան կողմի հետ որևէ պայմանավորվածություն չի եղել։

Հիմա՝ երեք հարց։ 1․ Ի՞նչ ընթացք է ունենալու Ադրբեջանի «մարդասիրական օպերացիան», 2․ Ինչո՞ւ էին ռուս խաղաղապահները դեմոնստրատիվ անտարբերությամբ հետևում արցախցի երեք երիտասարդների առևանգմանն ու չլսելու տալիս օգնության կոչերը, 3․ Ինչո՞ւ Ադրբեջանը հանկարծ հայտարարեց, թե քրեական գործեր չի հարուցելու, և երեք երիտասարդները 10 օր անց «արտաքսվելու են Հայաստան»։ Այս հարցերի պատասխանները, վստահաբար, փոխկապակցված են և կօգնեն հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Արցախում ու նրա շուրջ։

Սկսենք առաջին հարցից։ Ադրբեջանցիները, բնականաբար, չեն պատրաստվում 40 տոննա ալյուրը հասցնել շփման գիծ և հանձնել կամ ռուսներին, կամ «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայերի ներկայացուցիչներին»։ Ադրբեջանը հատուկ շեշտում է, որ մարդասիրական բեռան հետ նաև «կամավորներ» է ուղարկում, վրաններ, սարքավորումներ և այլն, այսինքն՝ նրանց պատկերացմամբ, իրենք պիտի մտնեն Արցախ, ինչ-որ տեղ Ստեփանակերտի մերձակայքում ռուս խաղաղապահների պաշտպանության ներքո վրանային ճամբար հիմնեն ու իրենք էլ բաժանեն «օգնությունը»։ Ռուսներն էլ, բնականաբար, կաջակցեն նրանց՝ ցույց տալու համար, որ այնուամենայնիվ ինչ-որ չափով կատարում են իրենց պարտականությունները և Արցախում մարդասիրական աղետ թույլ չեն տալիս։ Իսկ եթե արցախցիներին այնուամենայնիվ հաջողվի թույլ չտալ ադրբեջանական բեռնատարների մուտքը՝ նրանք վրանային ճամբար կխփեն հենց շփման գծի մոտ ու աշխարհով մեկ քարոզչական աղմուկ կբարձրացնեն «կեղծ բլոկադայի» թեմաներով, ռուսներն էլ, առիթից օգտվելով, հումանիտար աղետի մեղքը կբարդեն հայկական կողմի վրա։

Անցնենք երկրորդ հարցին։ Ռուս խաղաղապահներին ձեռնտու է, որ ադրբեջանցիներն անցակետում առևանգեն հայերին, որովհետև, իրենց պատկերացմամբ, եթե ճանապարհը թեկուզ միակողմանիորեն բաց ու անվտանգ լինի՝ Արցախը կդատարկվի, ու Ռուսաստանը կզրկվի «կթու կովից», որի շնորհիվ կարողանում է և՛ քաղաքական առևտուր անել Ադրբեջանի հետ, և՛ ճնշումներ գործադրել Հայաստանի նկատմամբ։ Իսկ այդպիսի միջադեպերից հետո արցախցիները «յոթ անգամ կչափեն-կկշռեն»՝ արժե՞ արդյոք անցնել ադրբեջանական անցակետով, թե ոչ։

Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը հայտարարեց, թե առևանգված հայ երիտասարդների նկատմամբ «մեղմ է վարվելու»։ Հասկանալի է՝ որովհետև Արցախի հայաթափումն իրենց համար չափազանց կարևոր է, ընդամենը մեկ օրվա մեջ էլ 170 հոգին վատ ցուցանիշ չէ, ու իրենք երևի արդեն փոշմանել են, որ սեփական հիմարության պատճառով վտանգել են իրենց համար նպաստավոր այդ «ընթացքը»։

Այսպիսով՝ խաղաքարտերը կամաց-կամաց բացվում են, և ըստ երևույթին իրավացի են նրանք, ովքեր պնդում են, որ հանգուցալուծումը մոտ է։ Այլ հարց է, որ այս ամենի մեջ Հայաստանի իշխանություններն ընդհանրապես «չկան»։ Նիկոլ Փաշինյանն իր շքախմբով ինչ-որ գյուղի կոյուղու չորրորդ խողովակի բացմանն է մասնակցում ու աջուձախ նայելով՝ անհամբեր սպասում, թե երբ է սցենարով նախատեսված կայտառ տատիկը շնորհակալություն հայտնելու, որ ինքը նրա թոշակը 3 անգամ բարձրացրել է, թեև իրականում ոչ թոշակն է 3 անգամ բարձրացել, ոչ էլ բարձրացնողն ինքն է։ Բայց սա արդեն այլ պատմություն է։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   442 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ