...

Կորոնավիրուս․ պատերազմ առանց դավաճանների՞

Կորոնավիրուս․ պատերազմ առանց դավաճանների՞

Թեպետ 2020-ի ազգային աղետից հետո կորոնավիրուսային պատերազմը հասկանալի պատճառներով երկրորդ պլան է մղվել, սակայն սա՛ էլ է աղետ, որովհետև Հայաստանում այս հիվանդության պատճառով մահերի թիվը չափազանց մեծ է։ Կարծում ենք՝ ուսումնասիրության, անգամ հետաքննության առարկա պետք է դառնան այս վիճակի բոլոր պատճառները՝ սկսած բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից մինչև սովորական քաղաքացիների պահվածքը։

Հիշենք, թե որքան անփույթ և թեթևամիտ էր մեր կառավարությունը հիվանդության առաջին փուլում։ Նույնքան անփույթ և անլուրջ էր հասարակությունը, որովհետև եթե երկրի ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանուն ինչ-որ քարոզարշավի՝ հայտարարում է՝ կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, շարքային քաղաքացիների մի ստվար զանգված հետևում է նրա օրինակին՝ արհամարհելով վտանգը։

Այնուամենայնիվ, հետագայում երկրի իշխանությունները փորձում էին անգամ տնտեսական գործունեության սահմանափակումներով մի կերպ պակասեցնել վիրուսի հասցրած վնասները։ Արդյո՞ք ռացիոնալ են այն միջոցները, որոնք կիրառվում են բնակչությանը պաշտպանելու համար։ Կարծում ենք՝ դրանք անհրաժեշտ արդյունքի չեն հասնում։ Նախ մեր հասարակության անդամներն իրենք են նպաստում վարակի տարածմանը՝ չպահպանելով հիգիենայի տարրական կանոնները, երկրորդ՝ նրանք չեն վստահում ո՛չ պատվաստումների արդյունավետությանը, ո՛չ էլ պաշտոնական տեղեկատվությանը։ Ինչպես հասկացաք, երկրորդի համար պատասխանատու է իշխանությունը, մասամբ՝ լրատվական դաշտը։ Կրակի վրա յուղ են լցնում նաև դավադրապաշտական զանազան ախմախություններ տարածող անձինք։

Առողջապահության նախարարության պատասխանատուների խոսքն ավելի հաճախ շփոթ և տագնապ է տարածում, քան օգնում է հանրությանը՝ հասկանալու հիվանդության վտանգավորության աստիճանը։

Կարծում ենք՝ չափազանց կարևոր է անկեղծորեն վերլուծել հետևյալ հանգամանքները․

1․ Մահերի ո՞ր տոկոսն է անխուսափելի եղել այլ ծանր հիվանդությունների պատճառով․

2․ Ո՞ր դեպքերում և ի՞նչ չափաբաժնով կարելի է կիրառել հակաբիոտիկներ, հորմոնալ պրեպարատներ․

3․ Հիվանդների ո՞ր տոկոսն է տուժել բժշկական սխալների հետևանքով։

Պետք է ուսումնասիրել մահերի բոլոր հանգամանքները, չի կարելի ամեն ինչ սվաղել, ինքնարդարացումներ փնտրել։ 

Ինչո՞ւ այս հարցերով չեն զբաղվում մարդու իրավունքները պաշտպանող բազմաթիվ կազմակերպությունները։ Չէ՞ որ կյանքը մարդու հիմնարար իրավունքն է։

Սոֆյա Շահյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ