...

Կորոնավիրուսից շատ ավելի վտանգավոր են դեզինֆորմացիա տարածող լրատվամիջոցները

Կորոնավիրուսից շատ ավելի վտանգավոր են դեզինֆորմացիա տարածող լրատվամիջոցները

Աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ։ Մենք էլ ենք պայքարում։ ԱՆ Արսեն Թորոսյանն անում է հնարավորն ու անհնարինը թե՛ վարակակիրների ապաքինման, թե՛ վարակի տարածումը կանխելու համար։ 

Թվում է, թե դժգոհողներ չպետք է գտնվեին, նույնիսկ մերժվածներն էին գոհ լինելու նախարարի աշխատանքից, բայց չէ։ Քոչարյանին աջակցող կայքերից մեկը մի դեզինֆորմացիա է հրապարակել, մեծ տառերով էլ վերնագիր է գրել՝ «Ո՞րն է վտանգավոր Հայաստանի համար. կորոնավիրուսը թե՞ Արսեն Թորոսյանը»։ Այնուհետև անհաջող փորձ է արել վարկաբեկել նախարար Թորոսյանին և նենգափոխել է նախարարի խոսքը, իբրև թե նախարարն ասել է․ «ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, որ «չի կատարելու դատարանի որոշումը, քանզի իր համար այս դատարանը լեգիտիմ չէ»»:

Իրենց «հանճարեղության» հասնող վերլուծական մտքով փորձել են ընթերցողին բացատրել, որ Արսեն Թորոսյանի նման կարող են շատերը հայտարարել և չկատարել դատարանի որոշումները, ինչը կարող է կազմաքանդել պետական համակարգը, և եթե կորոնավիրուսը վտանգ է ներկայացնում մարդկանց առողջությանը, ապա Արսեն Թորոսյանը՝ պետական համակարգին։ Խոսքն այն դատական որոշման մասին է, որ օրեր առաջ կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սարգիս Երիցյանի՝ բավարարել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հոր՝ Արա Մինասյանի հայցն ընդդեմ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու նախարարության՝ պարտավորեցնելով Թորոսյանին ներողություն խնդրել ու հերքել զրպարտություն համարվող տվյալները։ 

Իսկ ինչ արեց կորոնավիրուսի դեմ շուրջօրյա պայքարող նախարարը։ Ժամանակ գտավ և իր ֆեյսբուքի էջում հրապարակեց դատարանի վճիռն ու պարզաբանեց․ «...Եվս մեկ անգամ կվերահաստատեմ ուղիղ եթերում իմ ասածները, ավելին՝ կհայտարարեմ, որ մեր դատական համակարգը չի վայելում ժողովրդի մեծամասնության վստահությունը, և կարիք ունի արմատական բարեփոխումների...»։

Նախարարը դատարանի որոշումը համարել է Սերժ Սարգսյանի խնամի Մինասյանի չակերտավոր հաղթանակը և ուղիղ եթերից խնդրել է, որ Մինասյանը վերադառնա Հայաստան և պատասխանի քննչական մարմինների հարցերին։ Նախարարի խոսքով՝ ինքը պիտի ներողություն խնդրի մի բանի համար, որը, կարծես թե, չի եղել, սակայն այդ անձը թաքնվում է քննչական մարմիններից, որ չպատասխանի այդ չակերտավոր չեղած գործերի վերաբերյալ հարցերին։ 

Նախարարի պարզաբանումից ինքներդ էլ տեսնում եք, որ դատարանի պահանջը հիմնավորված չէ, որ նախարարը ներողություն խնդրի։ Պարզ պատճառով, որ խնամի Մինասյանը դեռ քննիչներին բան ունի ասելու։ Իսկ ահա Քոչարյանի աջակից կայքը նախարարի խոսքը նենգափոխել է, թե նախարարը չի վստահում դատական համակարգին, ինչը կարող է կազմաքանդել պետական համակարգը։ Նախարարը պարզապես փաստն է արձանագրել: Մեր կողմից էլ հավելենք, որ հանրության մեծամասնության վստահությունը չի վայելում նաև իրավական համակարգը, ինչն ապացուցեց նաև հեղափոխությունը։  

Երկրում տիրող անօրինականությունները տեսնելով՝ հանրությունը փողոց էր դուրս եկել, որ ապրի իրավական երկրում և հեղափոխության ամենահիմնական պահանջը դատաիրավական համակարգի արմատական փոփոխությունն էր։ Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, այնուհետև հայտարարեց, որ իրավական համակարգում դավաճաններ կան, բայց ոչ մի փոփոխություն, ինչը անհասկանալի է, նույնիսկ՝ վտանգավոր։ Քանի տարի շարունակ հանրությունն ականատես է եղել պատվեր կատարող դատավորների որոշումներին՝ երբ կենտրոնի բնակիչներին ունեզրկելով դուրս էին վռնդում իրենց սեփական բնակարաններից, իսկ ունեզրկված քաղաքացիները փողոցում էին հայտնվում և դիմում ՄԻԵԴ։ Էդ դատական համակարգն էր, որ մարտի մեկին մարդասպանների փոխարեն ընդդիմադիր գործիչներին էր բանտ ուղարկում։ Դարձյալ շինծու գործով մեղադրվածները արդարություն են փնտրել ՄԻԵԴ-ում։ Իսկ ՄԻԵԴ-ի որոշումները հաստատում էին, որ մեր դատական համակարգը վստահելի չէ, ինչի մասին էլ բարձրաձայնել է նախարար Թորոսյանը։ Ոչ միայն Քոչարյանի աջակիցներին, այլև մերժվածների բոլոր կարկառուններին կարելի է հասկանալ, նրանք սարսափում են դատական համակարգի արմատական փոփոխություններից։ Եթե դատական համակարգում արմատական փոփոխություն լինի, բա էլ ո՞նց պիտի փախչեն իրենց մեղադրյալները, բա ինչո՞ւ են ձգձգում մեղադրյալ Քոչարյանի դատավարությունը, բա ինչո՞ւ են սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասում։ Այն, որ հեղափոխությունից հետո պիտի պետական կառավարման համակարգը լիովին ապամոնտաժվեր, ինչը հեղափոխության պահանջ էր, երկու կարծիք լինել չի կարող։ Իշխանությունների աններելի սխալն է, որ մինչև այսօր փոփոխություն չի եղել։

Պարզվում է՝ նախարար Թորոսյանը հրաշալի պայքարում է ոչ միայն կորոնավիրուսի դեմ, այլ նաև կոռուպցիայի դեմ։ Իսկ Քոչարյանի աջակիցների մոտ հարց չի առաջանում, թե որտե՞ղ է Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը. երբ էս հարցի պատասխանն ունենան, պարզ կդառնա, թե որն է վտանգավոր Հայաստանի համար՝ կորոնավիրուսը, Արսեն Թորոսյանը, խնամի Մինասյանը, թե՞ դեզինֆորմացիա տարածող լրատվամիջոցները։ Չնայած՝ հանրության համար պարզ է, մնում է մերժվածների լրատվամիջոցներին էլ պարզ լինի։ 

Ջավահիր Այվազյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2669 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ