...

Լաց և տեսարաններ

Լաց և տեսարաններ

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այն, ինչ որ հիմա տեղի է ունենում, պատմական շրջադարձ է, Հայաստանը իր պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու երբեք այսպիսի շանս չի ունեցել։ Խոսքը վերջին հինգ տարվա մասին չի, խոսքը վերջին 500 տարվա մասին է»:

«ՉԻ». Համեստացել է: Կարող էր ասել՝ վերջին 3000 տարվա կամ նույնիսկ մեզոզոյան դարաշրջանից ի վեր: 

Բայց էնպես է ասում, կարծես վերջին 500 տարում մենք արաբական ամանորի շքերթով ենք անցել, իսկ հիմա վերջապես «պետություն ենք դարձել»՝ ռազմական պարտություններով, տնտեսական ճահիճով ու ինֆորմացիոն երջանկությամբ։ 

Պետություն լինելու շանսը տեսնես ո՞րն է։

Էն որ պետության տարածքը օրեցօր կրճատվո՞ւմ է, թե՞ էն, որ պետության սահմանները հիմա գծվում են TikTok-ի լայվերում։

Բարեկեցիկ լինելու շանսն էլ երևի այն է, որ գազի, հացի ու վարկի գները մրցում են միմյանց հետ, թե ով առաջինը կհասնի քաղաքացու վերջին դրամապանակին։

Երջանիկ լինելու շանսը՝ այո՛, անսահման է։

Երբ ազգովի զբաղված ենք «բան չմնաց, մի քիչ էլ դիմանանք» մանտրան արտասանելով. մաքուր բուդդայական երջանկություն է։ 

Անկախ լինելու շանսը նաղդ կա: Սրանք անկախություն են ասում՝ ճիտը ծռած սպասելով նոր հրահանգների Անկարայից, Բաքվից, Բրյուսելից կամ Վաշինգտոնից։ 

Անվտանգ լինելու շանսը հաստատ կա։ Երբ ոչինչ չի մնացել վերցնելու, էլ ինչի՞ համար գան մեզ վրա։ Ահա խաղաղության գաղտնիքը։ 

Հ.Գ. Երբ վարչապետը 500 տարվա մասին ճամարտակում էր, նույն պահին Բաքվում Արցախի ղեկավարների համար դատախազը պահանջում էր ցմահ ազատազրկում կամ տասնյակ տարիներ: Նիկոլի շանսն է:  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   109 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ