...

Ո՞վ է ՔՊ նախընտրական շտաբի փաստացի ղեկավարը

Ո՞վ է ՔՊ նախընտրական շտաբի փաստացի ղեկավարը

Խաշլամայի, սրտիկների, քաղաքական հակառակորդներին բանտերը լցնելու և «Ղարաբաղը երբեք հայկական չի եղել» տիպի ցինիկ հայտարարությունների «ղալմաղալով» ուղեկցվող շրջիկ կրկեսն ինչ ասես կարելի է անվանել՝ բացի քարոզարշավից։ Մեծ հաշվով՝ Նիկոլ Փաշինյանին դասական քարոզարշավ պետք չէ, նրան հենց «ղալմաղալ» էլ պետք է, որովհետև հիստերիկ ճղճղոցների ու ինչ-որ բան խփշտելու հակահիգիենիկ տեսարանների շուրջ ինֆորմացիոն աղմուկը մարդկանց կխանգարի տեսնել հիմնականը, այն է՝ ՔՊ նախընտրական շտաբի փաստացի պետը Ալիևն է, քարոզչության պատասխանատուն՝ Բայրամովը, իսկ թամաշայի բուն նպատակը հունիսի 7-ից հետո տեղի ունենալիքը գաղտնի պահելն է։

Սրանում համոզվելու համար պետք է ընդամենը մի պահ կտրվել քարոզարշավի «էմոցիոնալ բաղադրիչներից» և փորձել առանձնացնել կարևորը։ Եվ այսպես՝ Ադրբեջանի արտգործնախարարը (ըստ էության՝ ՔՊ քարոզչության պատասխանատուն) հայտարարում է, թե Հայաստանում կան ռևանշիստական ուժեր, և եթե նրանք գան իշխանության՝ Հայաստանի ժողովրդի համար վատ է լինելու։ Այսինքն՝ բառացիորեն ասում է այն, ինչը կրկնում են Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզիչները։ Բայց շատ ավելի կարևոր է Ալիևի այն հայտարարությունը, թե «պետք չէ Հայաստանը պաշտպանել մեզանից, մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք»։

Իսկ հիմա՝ ուշադիր․ իսկ ի՞նչ էր ուզում Ադրբեջանը։ Ցանկը հայտնի է, և Ալիևն անձամբ առնվազն մի քանի տասնյակ անգամ խոսել է այդ մասին։ Թվարկենք միայն հիմնականները։ Արդեն Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանն ուզում էր «Զանգեզուրի միջանցք» և 300 հազար ադրբեջանցիների վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», ընդ որում՝ ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ հիմա նույն Ալիևն ասում է «մենք հասել ենք այդ ամենին», թեև փաստացի ոչ «միջանցքը» կա, ոչ էլ ադրբեջանցիներն են վերադարձել։ 

Սա կարող է ընդամենը երկու բացատրություն ունենալ։ Կամ Ադրբեջանի «ուզածների» ցանկը փոխվել է, և նրանք «խելոքացել են» ու այլևս ոչ միջանցք են ուզում, ոչ ադրբեջանցիների վերադարձ, կամ էլ Նիկոլ Փաշինյանն Ալիևին խոստացել է ապահովել այդ պահանջները, ընդ որում՝ այնպիսի երաշխիքներով, որ Ադրբեջանն այդ նպատակներն արդեն իսկ իրականացված է համարում։ Հարց՝ ո՞ր տարբերակն է ավելի հավանական համարում միջին վիճակագրական հայ ընտրողը․ Ադրբեջա՞նն է հրաժարվել իր պահանջներից, թե՞ Նիկոլն է ընդունել այդ պահանջները՝ պայմանով, որ դրանց գործնական իրականացումը կսկսվի հունիսի 7-ից հետո։ Սա՛ է այս նախընտրական ժամանակահատվածի ամենակարևոր հարցը։

Բայց մերը դասական ներքաղաքական պայքար չէ, որ քաղաքական ուժերն իրար այդպիսի «մանր-մունր» հարցեր տան, ավելի լավ է՝ ծաղրեն միմյանց լափելը կամ բարդ բառեր արտասանելը։ Մերը «հանցավորության դեմ պայքար» է։ Նիկոլ Փաշինյանը սա անվանում է «մաֆիայի դեմ պայքարի վերջնական փուլ» և խոստանում բոլորին բանտերը լցնել, ընդդիմությունն էլ նրան է անվանում «հողատու-դավաճան»՝ ճիշտ նույնպիսի կանխատեսելի «բանտային ապագայով»։ Ընդ որում՝ երկուսն էլ, մեղմ ասած, ճիշտ չեն ասում։ Ոչ «մաֆիան» է Նիկոլի հաղթանակի դեպքում բանտերում հայտնվելու (մի քիչ կաղմկեն, մի քիչ կաղքատանան, ԱԺ դահլիճում սուր ելույթներ կունենան ու «կցրվեն տներով»՝  եթե, իհարկե, Ալիևը չպահանջի կալանավորել և ուղարկել Բաքու), ոչ էլ Նիկոլն է ընդդիմության հաղթանակի դեպքում բանտում հայտնվելու։ Նա մինչև վերջ կդիմադրի՝ ոչնչի առջև կանգ չառնելով, բայց հենց որ տեսավ այլևս ճար չունի՝ թիմակիցներին փուռը կտա ու կծլկի որևէ «բարեկամ երկիր»։ 

Եվ այնտեղից կհոխորտա իր «շտաբի պետ» Ալիևի վրա՝ որ նա չկարողացավ ապահովել իր հաղթանակը։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   155 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ