...

Լավ էլ գիտեին «Սուրմալուի» մասին

Լավ էլ գիտեին «Սուրմալուի» մասին

«Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ արդեն քրեական գործ է հարուցվել. դատախազություն, քննչական մարմիններ և այլն: Բազմաթիվ հայտարարություններ են արվել և այլն: Քիչ-քիչ այդ ամենին կանդրադառնանք:

Բայց պետք է սկսենք ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) տարածած հաղորդագրությունից, որտեղ նշված է. «ՔՏՀԱ-ն «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերությունում (Սուրմալու» տոնավաճառ) տեղի ունեցած պայթյունի առիթով հայտնում է, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա ՏՄ Երևանի տարածքային բաժնի հրդեհային և տեխնիկական անվտանգության մասնագետները 2021 թվականի մարտի 9-ից 16-ը ներառյալ ստուգում են իրականացրել հիշյալ ընկերությունում գործող առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության օրենսդրության պահանջների պահպանման վերաբերյալ։

Ստուգման արդյունքում ՏՄ մասնագետները հայտնաբերել են ՀՀ ԱԻ նախարարի կողմից 18.06.2015թ. հաստատված հրդեհային անվտանգության կանոնների պահանջների մեկ տասնյակից ավել տարբեր բնույթի խախտումներ»:

Հետո ներկայացվում են վերոհիշյալ խախտումները, վերջում էլ ՔՏՀԱ-ն ասում է. «Տեսչական մարմինը «Երևանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության շենքում հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը»:

«Սուրմալուի» ողբերգության պատճառների հիմքերը տանում են դեպի այս հաղորդագրությունը: Սա ցույց է տալիս, թե ինչ կատարյալ բարդակ է տիրում պետական կառավարման համակարգում: ՔՏՀԱ-ն անմիջապես իրեն փորձել է ապահովագրել. ասում է՝ իմ կողմից ինչ-որ պետք է, ես արել եմ, գնացել, ստուգել եմ, խախտումները գտել եմ, ասել եմ՝ դզեք:

Լավ, հասկացանք: Բայց երբ հարց ես տալիս. իսկ ո՞վ պետք է ստուգեր, թե այդ խախտումները վերացվել են, թե ոչ, բոլորն իրար են նայում, մի երկու հոգի երկնքին է նայում, իբր, մենք տանը չենք: Պարզվում է՝ ոչ ոք: Կամ այս պահին ոչ ոք չի ուզում իր վրա վերցնել պատասխանատվությունը: Համենայնդեպս, դա էլ ֆիքսենք. ոչ ոք այս ողբերգության համար աշխատանքից ազատվելու դիմում չի գրել:

Ու բարդակը հենց այստեղ է. այսինքն, եթե Հայաստանում կա խնդիր, բոլորը պատրաստ են խոսել այդ խնդրի լուծման անհրաժեշտության մասին, բայց ահա լուծվել է խնդիրը, թե ոչ, դա ոչ մեկին չի հուզում: Ում հարցնում ես, ասում է. ո՞նց, ես ասել էի, որ խնդիր կա: Դրա համար էլ «Մկների ժողովը» հենց այնպես չեն գրել: 

Ու Հայաստանում տասնյակ այսպիսի պոտենցիալ «Սուրմալուներ» կան, որոնք ցանկացած պահի կարող են պայթել, վառվել, աղետի հանգեցնել, ու այդ մասին մեր պետական մարմինները գիտեն, բա ոնց, գնացել, հատ-հատ ստուգել են, ակտեր են գրել, հայտնաբերել են պոտենցիալ աղետի հանգեցնող խախտումները... ու վերջ: 

Մենակ Երևանում գիտե՞ք՝ քանի հատ բենզալցակայան կա, որոնք գործում են բոլոր նորմերի խախտումներով, բնակելի շենքերի հարևանությամբ: Որ դրանցից մեկը պայթի, պատկերացնո՞ւմ եք հետևանքները: «Սուրմալուն» ձեզ վկա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2136 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ