...

Քաղաքացիական պայմանագրի «Կոլցո» օպերացիան

Քաղաքացիական պայմանագրի «Կոլցո» օպերացիան

Կառավարությունը չի փոխհատուցի «Սուրմալուի» ողբերգական պայթյունից տուժած տնտեսվարողներին. կառավարության նիստից հետո «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Տնտեսվարողները փոխհատուցում կստանային, եթե նրանց գույքն ապահովագրված լիներ. նկատել է նախարարը՝ շեշտելով, որ կառավարությունը չի կարող ապահովագրական ընկերության ֆունկցիա իր վրա վերցնել։

Իսկ ո՞ւր մնաց պետության սոցիալական պատասխանատվության ֆունկցիան, որը, ի դեպ, ամրագրված է Հայաստանի Սահմանադրության հենց առաջին հոդվածով։ Եթե չնախատեսված կամ աղետաբեր իրավիճակներ են լինում, սովորաբար պետությունները կանգնում են քաղաքացու կողքին՝ փորձելով մեղմել կորուստների չափը։ Սա պետության առաջնային ֆունկցիաներից է, այլ ոչ թե ապահովագրական ընկերությունների։ Բայց մի րոպե, այստեղ բանալի բառը պետությունն է, իսկ մենք պետության թեման փակել ենք բովանդակության իմաստով, կազմաիրավական ձևի առումով էլ՝ թղթարարության փուլում ենք։ Դրա համար էլ նախարարը հանգիստ նման հայտարարություններ է անում՝ մոտավորապես նույն բանն ասելով՝ պետություն չկա, այսուհետ չեղած բանից ոչինչ մի պահանջեք։ Հումանիստաբար հիշեցնում է ապահովագրական ընկերությունների մասին՝ շատ լավ իմանալով, որ Սուրմալուի տնտեսվարողներից շատերը հազիվ վարկային պարտավորություններն են հասցնում կատարել ու նմանօրինակ ընկերությունների ծառայություններից օգտվելը լրացուցիչ ֆինանսական բեռ է դիտարկվում նրանց կողմից։ Թեման բավական բազմաշերտ ու խնդրահարույց է, այս պահի համար՝ քիչ հետաքրքիր։ Փաստը միայն հետևյալն է՝ իշխանությունը հրաժարվում է օգնել դժբախտության մեջ հայտնված իր քաղաքացուն, որին սիրելու մասին 24 ժամ աղաղակում է։ Պատժում է այն քաղաքացուն, որով հպարտացել է, որի առաջ խոնարհվելով՝ քվե է վաստակել։ Անունը դրել է քաղաքացիական պայմանագիր, իր մասով պայմանագրային պարտավորությունները չեղարկել ու քաղաքացուն դեմ է տվել պատին։ Հետևում քաղաքացիական պայմանագիրն է, դիմացը՝ պատը։ Իսկական «Կոլցո» օպերացիա։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1137 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ