...

Նիկոլ Փաշինյանի երազը


Ինքն ու Աննան ինքնաթիռում են։ Վերադառնում են Չինաստանից։ Ինքը մի կողմ է հրում սեղանի թղթերը, բացում ճամփի ուտելիքի բոխչան, հանում խաշած հավը, լավաշը, պանիրը, կանաչին, ապա նյարդայնացած՝ էլի ինչ-որ բան փնտրում, ու չգտնելով՝ դիմում Աննային․ «Չինաստանում մեր դեսպանին գործից կհանես, դանդուռի թթուն մոռացել ա»։ Այդ պահին մոտենում է բորտուղեկցորդուհին ու սեղանին դնում ոսկեզօծ պիտակով շքեղ մի շիշ՝ «Yatr-Gee Grand Reserve» գրությամբ։ Դեմքը միանգամից լուսավորվում է․․․

Բայց Աննայի ունքամեջը չի բացվում։ «Մյուս ամգամ սենց ախմախ գագաթնաժողովների չգնաս, խալխը գնում ա Եվրոպա, Մալդիվներ, իսկ մենք 14 ժամ թռնում ենք, որ հասնենք Չինաստա՞ն։ Էլ չեմ ասում, որ ում հետ խոսում էիր՝ ասում էին «թո՛ւ», «թո՛ւ», ոնց որ երեսիդ թքեին․․․»։ «Ա՛յ կնիկ, «Թու»՝ նշանակում ա «Թրամփի ուղի», էդ մասին էին հարցնում», բարկանում է ինքը, ապա շարունակում․ «համ էլ՝ գոնե դո՛ւ մի խոսա, սաղի ներկայությամբ ինձ խայտառակ արեցիր, մնում-մնում էիր՝ Մեհրիբանի շորիկից եմ ուզում, Մեհրիբանի պրիչոսկից եմ ուզում․․․»։ «Էդ դու ե՞ս շորերից խոսում», ֆշշացնում է Աննան, «հազար անգամ ասեցի՝ հերիք ա հյուրանոցների խալաթներն ու չստիկները հետդ բերես, տանը էլ ազատ գարդիրոբ չկա, կամ էլ՝ բյուջեից մի 2-3 միլիոն դոլար դուրս գրի՝ թազա գարդիրոբ առնենք»։

«Լավ, լավ», հաշտեցնող եղանակով ասում է ինքը ու պիջակի գրպանից մի բուռ կոնֆետներ հանելով՝ դնում սուրճի բաժակների կողքին, «սրանցի՛ց փորձի, պաշտոնական ընթրիքի սեղանից մի քանի հատ վերցրեցի»։ «Ա՛յ տղա, բա որ նկատեի՞ն», հիացմունքի ու անհանգստության խառնուրդով հարցնում է Աննան։ «Չէին նկատի, Միրզոյան Արոյին հանձնարարել էի ուշադրությունները շեղել, նա էլ ինչ-որ սպիտակ շորերով մեկին գտավ ու հետը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց։ Տո լի ՊԱԿ-ից էր, տո լի Պակիստանից էր․․․»։

«Լսի՛, էն Էրդողանի կնի՞կը ինչի քեզ թարս չափեց, կարող ա՞ նենց էիր մարդուն նայում՝ խանդեց», հանկարծ ինչ-որ բան հիշելով՝ հարցնում է Աննան։ «Չէ, էդ ուղղակի ե՛ս մոտեցա, ասեցի՝ «Ռեջեփ Թայիպովիչ, Դուք մուսուլման եք, չէ՞, քանի՞ կին ունեք», ասեց՝ «մի՛», ես էլ ծիծաղեցի, ասեցի «փաստորեն մեր եպիսկոպոսները քեզանից շատ կնիկներ ունեն», հի-հի․․․ Էրդողանի կնիկն էլ թարս չափեց»։ «Ա՛յ տղա՞, էդ կարող ա՞ դրա համար ես պայքարում մեր Եկեղեցու դեմ, կարող ա՞ ուզում ես բազմակնության խաթեր իսլամ ընդունես», ինչ-որ բան գլխի ընկնելով՝ բարկությունից կապտում է Աննան ու ոտքի ցատկում․ «Ձեռքերդ հեռո՛ւ մեր սուրբ հավատքից»։

Այդ պահին ինքնաթիռը հայտնվում է տուրբուլենտության գոտում ու սկսում ահավոր ցնցվել։ «Էսքան շո՞ւտ», գիտակցության վերջին նշույլներով հասցնում է մտածել ինքը, ապա վախից ուշաթափվելով փռվում ինքնաթիռի հատակին՝ չլսելով «ինքնաթիռը մուտք է գործում Արևմտյան Ադրբեջանի օդային տարածք» հայտարարությունը․․․ 

Մինչ Աննան ոսկեզօծ շշով ուշքի է բերում իրեն՝ ինքնաթիռը վայրէջք է կատարում։ Ինքը դեռևս մշուշված հայացքով նայում է պատուհանից, իսկ տրապի մոտ Վահագն Խաչատուրյանն է՝ հեռախոսը սելֆիի համար պատրաստ պահած։ «Աննա՛, էս վայթե մեռել ենք, որ Վահագը սելֆի ա անում», շշնջում է ինքը ու նորից ուշաթափվում․․․

Արթնանում է ծանր գլխացավով։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ