...

Խաղաղության ցունամիի էպիկենտրոնում՝ «հարբած նավապետով»

Խաղաղության ցունամիի էպիկենտրոնում՝ «հարբած նավապետով»

Ինչքան ծանր պիտի լինի երկրի վիճակը, որ Հայաստանի ու Արցախի նախկին նախագահները, մի կողմ դնելով քաղաքական, աշխարհայացքային ու անձնական տարաձայնությունները, հավաքվեն մի սեղանի շուրջ։ Ու ինչքան անլուրջ պիտի լինի երկրի գործող ղեկավարը, որ այդ իրավիճակում իր հերթին հանդիպի Տիգրան Արզաքանցյանի, Լևոն Շիրինյանի ու այդ տրամաչափի էլի ինչ-որ մարդկանց հետ, հետո էլ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենա ու սեփական երկրի վիճակը նկարագրելու համար մեջբերումներ անի «Ոսկե հորթը» խորհրդային ֆիլմից, որի գոյության մասին ներկաների 95 տոկոսը չի էլ լսել։ 

Բայց աշխարհը Նիկոլ Փաշինյանի վրա չի ծիծաղում (ՄԱԿ-ի ամբիոնն ավելի կոմիկական կերպարներ էլ է տեսել), աշխարհը մե՛զ վրա է ծիծաղում։ Որովհետև հաջողացրել ենք աշխարհաքաղաքական տուրբուլենտության այս ժամանակահատվածում ունենալ բացառիկ ապաշնորհ իշխանություններ, որոնք հրապարակավ աճուրդի են հանել բառիս բուն իմաստով ամեն ինչ՝ սեփական իշխանությունը երկարաձգելու համար։ Բանն այնտեղ է հասել, որ Ադրբեջանին պաշտոնապես առաջարկվում է ներկայացնել «իրենց պատկերացրած Հայաստանի» քարտեզը՝ այն դեպքում, երբ Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ, ՄԱԿ-ի կողմից ճանաչված ինքնիշխան պետություններ են՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով (որովհետև ԽՍՀՄ-ից անկախացել են ոչ թե որպես վերացական տարածքներ, այլ որպես հստակ սահմաններ ունեցող միավորներ)։

Ինչևէ։ Փաշինյանի իշխանությունից, բնականաբար, Հայաստանում որևէ մեկը որևէ ակնկալիք չունի, և ընդամենը աղոտ հույս կա, որ նախկին նախագահները կարող են խելք խելքի տալ ու «մի հնար գտնել»։ Ընդ որում՝ այդ հույսն իսկապես շատ աղոտ է, և խնդիրն անձնական ու քաղաքական ամբիցիաները չեն։ Պարզապես եթե պետությունը հայտնվում է ճամփաբաժանի առաջ ու ճանապարհներից մեկն ընտրելով՝ ի վերջո հայտնվում անդունդի եզրին, այլ տարբերակ չկա, պետք է վերադառնալ ճամփաբաժանի մոտ և ընտրել մյուս ճանապարհը։ Առանց վերադառնալու չի ստացվի։ Իսկ այդ ճամփաբաժանն, ուզենք, թե չուզենք, 1997-ն էր, երբ պիտի ընտրություն կատարվեր տվյալ իրավիճակում հնարավոր լավագույն տարբերակով բավարարվելու և առավելապաշտության միջև։ 25 տարի առաջ Հայաստանն ընտրեց առավելապաշտության ճանապարհը և սխալվեց, բայց սա, մեծ հաշվով, ոչ թե անցյալ է, որը «չարժե քրքրել», այլ մեր ներկան, որովհետև Հայաստանը հիմա ճիշտ նույն վիճակում է, ու երկընտրանքն էլ նույնն է՝ փորձել իրավիճակից դուրս գալ նվազագույն կորուստներո՞վ, թե՞ ժամանակ ձգել ու սպասել «ավելի բարենպաստ ժամանակների»՝ հույս ունենալով սրա-նրա օգնությամբ վերադարձնել կորցրածը։

Ինչո՞ւ է այդքան կարևոր սեփական քաղաքական ամբիցիաներից հրաժարվելը։ Որովհետև անձնական ամբիցիաների գոյությունը խանգարում է օբյեկտիվ որոշումներ կայացնել։ 1997-ին, օրինակ, առավելապաշտության ճանապարհն ընտրածներին դա բերելու էր իշխանություն, այսինքն՝ նրանք անձնական շահագրգռվածություն ունեին և չէին կարող օբյեկտիվ որոշում կայացնել։ Նույն վտանգը կա նաև այսօր, հետևաբար՝ սեփական քաղաքական ամբիցիաներից հրաժարվելու կամքն այսօր էլ մնում է պետության հետագա ընթացքի համար ճիշտ ճանապարհ ընտրելու կարևորագույն նախապայմանը։ Եթե դա չեղավ՝ միավորվելու ցանկացած փորձ ընդամենը վերածվելու է խորտակվող նավի վրա նավապետի պաշտոնի համար իրար կոկորդ կրծելու անիմաստ գործընթացի։

Հեշտ չի լինելու։ Բայց գոնե այն գիտակցումը կա, որ բոլորս գտնվում ենք նույն խորտակվող նավի վրա, որի «հարբած նավապետի» հիմնական մտահոգությունը նավամբարում մնացած ռոմի պաշարները յուրայիններին բաժանելն է։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1194 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ