...

Լույսը միացրեք, խավարասերները շատանում են

Լույսը միացրեք, խավարասերները շատանում են

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանն այսօր կայացած ասուլիսում հայտարարել է, թե ֆեյքային գրառումները ուղորդվում են երկրի վարչապետի կողմից. «Հովհաննեսը ընդամենը գործադիր ֆեյքապետն է, իսկ գլխավոր ֆեյքապետը դա երկրի վարչապետն է: Այո, հենց Նիկոլ Փաշինյանի կողմից անձամբ են էս հայհոյանքի, ատելության գրոհները թելադրվում, չնայած նրան, որ մարդը գիշեր-ցերեկ խոսում է սիրուց և հանդուրժողականությունից»:

Սա մեզ մոտ որոշակի ասոցիացիաներ առաջացրեց: Երբ լույսը միացնում ես, խավարասերներն անմիջապես փախչում, տարբեր ծակուծուկեր են մտնում: Երբ անջատում ես՝ նորից մեյդան են դուրս գալիս և սկսում գործունեություն ծավալել:

Հիմա, երբ իշխանությունները տևական ժամանակ է, լույսն անջատած են աշխատում, խավարասերների մի մեծ բանակ է գոյացել: Ամեն օր հայրենիքի փրկության, մարդու իրավունքների, խոսքի ազատության խնդիրներով մտահոգված ինչ-որ կառույցներ են հայտնվում:

Այդ կառույցների ներկայացուցիչների մասին դուք ընդհանրապես կամ լսած չկաք, կամ էլ՝ նախկինում քննադատում էին այն ուժերին, որոնցից հիմա սնվում են:

«Հանրային վերահսկողության կենտրոն», «Մեդիա Պաշտպան», «Իրավական ուղի» և այլն: Բոլորն էլ լծված են հայրենիքը փրկելու սուրբ գործով:

Կոնկրետ այս Բաբկեն Հարությունյանի մասին առաջին անգամ ենք լսում: Որոշեցինք մի քիչ քրքրել համացանցը, հասկանանք, թե որտեղից է ծլել. պարզվեց, որ «Հանրային վերահսկողության կենտրոն»  ՀԿ կոչվող կառույցին զուգահեռ, նաև «Երևանի պաշտպանության ճակատ» հնչեղ անունով նախաձեռնության համակարգող է ներկայանում, ու զբաղված է բացառապես Արթուր Վանեցյանի սուրբ գործունեությունը «ռասկրուտկա» անելու գործով:

Մի քանի մեջբերում անենք նախկինում նրա հայտարարություններից.

  • Վանեցյանը հունվարին կխոսի:
  • «Հայրենիք» զարգացման հիմնադրամ ստեղծելով՝ Արթուր Վանեցյանը երկրում տեղի ունեցող գործընթացներին մասնակցության հայտ ներկայացրեց և այդ հայտը արդարացված է։ 
  • Ինչպե՞ս կարող է բազմաթիվ խնդիրներին քաջածանոթ Վանեցյանը ընդունել կրավորական կեցվածք և մասնակցություն չունենալ դրանց լուծմանը, չի կարող, իրավունք չունի, մանավանդ որ արդեն իսկ խոսել է դրանց մասին, հետևաբար և տրամաբանված է հիմնադրամի կողմից ժողովրդավարության ամրապնդման աջակցման նպատակը։ 
  • Չմոռանանք ԱԱԾ պետի պաշտոնի հրաժարականից հետո իշխանության հասցեին Վանեցյանի հնչեցրած գնահատականները ևս, որոնք վեր էին հանում իշխանությունների լուրջ բացթողումները, և հենց այդ բացթողումների շտկման շրջանակում էլ պետք է լինի «Հայրենիք» հիմնադրամի գործունեությունը։

Ահա այսպիսի նոր կառույց է հայտնվել: Վանեցյանապաշտ: Այնպես որ, իշխանությունները պետք է գոնե մի փոքր լրջանան և պարբերաբար լույսը միացնեն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1877 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ