...

Մե՞նք աշխարհին չենք հասկանում, թե՞ աշխարհը՝ մեզ

Մե՞նք աշխարհին չենք հասկանում, թե՞ աշխարհը՝ մեզ

Մենք համառորեն չենք լսում, թե աշխարհը մեզ ինչ է ասում։ Մենք համառորեն չենք ուզում տեսնել, որ աշխարհում, մեծ հաշվով, ձևավորվել է կոնսենսուս՝ այն հարցի շուրջ, որ Արցախը պետք է շնչահեղձ արվի։ 

Այս իրավիճակը, ի դեպ, նորություն չէ։ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 25 տարի շարունակ ամբողջ աշխարհում կոնսենսուս կար առնվազն երկու հարցում․ առաջին՝ հայկական ուժերը պիտի դուրս բերվեն հինգ շրջաններից, և երկրորդ՝ ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է։ 25 տարի շարունակ այս երկու կետերը պնդում էին առանց բացառության բոլոր միջնորդները, ուժային բևեռները, միջազգային կազմակերպությունները և այլն, իսկ մեր «հավաքական միտքը», մեղմ ասած, թքած ուներ այդ կոնսենսուսի վրա։ Հինգ շրջանների վերաբերյալ «մեր պատասխանը Չեմբեռլենին» ձևակերպվում էր մոտավորապես այսպես՝ «հող հանձնողին հանձնենք հողին», իսկ ստատուս-քվոյի պահպանումը համարվում էր գերնպատակ, դրա երկարաձգումը՝ չտեսնված-չլսված դիվանագիտական հաղթանակ։ Հընթացս էլ մոդայիկ էր դարձել անարդար աշխարհից գանգատվելն ու նեղսրտելը, թե «աշխարհը չի ցանկանում ներել արցախահայության՝ իր պապենական հայրենիքում ապրելու անսասան կամքը»։ Իրականում աշխարհը լավ էլ հասկանում ու գնահատում էր դա, բայց չէր ընդունում ու այդպես էլ չներեց Արցախից բացի նաև Ջեբրայիլում ու Ֆիզուլիո՛ւմ ապրելու «անսասան կամքը»։ Արդյունքում՝ ամբողջ աշխարհում ձևավորված կոնսենսուսին դեմ գնալու հետևանքը եղավ այն, որ Ադրբեջանն օգտվեց դրանից, հարմար պահը գտավ և բառացիորեն ամբողջ աշխարհի լուռ հավանության ներքո փոխեց ստատուս-քվոն։

Իսկ ինչո՞ւ է հիմա էլ կոնսենսուս ձևավորվել Արցախը շնչահեղձ անելու հարցում։ Հասկանալի է, չէ՞, որ Արցախի պատանդառությունը ռուս-ադրբեջանական համատեղ միջոցառում է, որտեղ փայատերերից յուրաքանչյուրն ունի իր ակնկալիքները։ Ռուսաստանն ուզում է 120 հազար մարդու օնլայն ռեժիմով սովամահ անելու միջոցով Հայաստանից պոկել ոչ միայն «արտատարածքային միջանցքների վերահսկողության իրավունքը», այլև մեկառմիշտ փակել ռուսական ազդեցության գոտուց դուրս պրծնելու հարցը։ Ընդ որում՝ անգամ դրանից հետո 120 հազար պատանդների կյանքը երաշխավորել չի կարող, որովհետև երկու տարի անց այսպես թե այնպես դուրս է գալու Արցախից։ Իսկ Արևմո՞ւտքն ինչու է լուռ հետևում 120 հազար մարդու պատանդառությանը։ Որովհետև նրանց համարում է գործիք՝ Ռուսաստանի ձեռքին, որի միջոցով այդ երկիրը կարող է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա և հասնել իր ուզածին։ Քանի պատանդները ողջ են՝ դա շատ հզոր գործիք է, պատանդները չլինեն՝ Ռուսաստանի «գործիքակազմը» կթուլանա։ Եվ ընդհանրապես՝ Արևմուտքի պատկերացմամբ, վատ չէր լինի, եթե Ադրբեջանում հայերի նկատմամբ նաև որոշ վայրագություններ տեղի ունենային։ Դա նրանց հնարավորություն կտար ճնշումներ գործադրել Ալիևի բռնապետական ռեժիմի վրա և ավելի հարմար պայմաններով էներգակիրներ գնել (թերահավատներին խորհուրդ կտայինք ուսումնասիրել և պարզել, թե եվրոպական քանի՞ երկիր էր Քադդաֆիի օրոք շուկայականից մատչելի գներով նավթ առնում Լիբիայից)։ Բացի այդ էլ՝ արցախահայության անխոչընդոտ վերացումը կամ արտագաղթը Հայաստանում հակառուսական տրամադրությունների հսկայական ալիք կբարձրացնեն։ Այնպիսի ալիք, որ մեր համեմատ վրացիները երդվյալ ռուսոֆիլներ կթվան։

Հարց է ծագում՝ ինչպե՞ս վարվել այս իրավիճակում։ Նախ և առաջ՝ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել ու ինքներս մեզ համոզել, թե իբր ռուսներն ուզում են ճանապարհը բացել, բայց չեն կարող, կամ Արևմուտքը գիշեր-ցերեկ մտածում է, թե ինչպես փրկի արցախահայությանը։ Պետք է սթափ գնահատել իրավիճակը և ձևավորել ադեկվատ իշխանություններ։ Մնացածն արդեն այդ իշխանությունները կորոշեն։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   821 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ