...

Մերկապարը դիվանագիտության գործիք չէ

Մերկապարը դիվանագիտության գործիք չէ

Բրյուսելը չի երկարաձգի Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության մանդատի ժամկետը, որն ավարտվում է հաջորդ շաբաթ։

«Առաքելության բուն արդյունքների մասին կարող ենք միայն փաստել, որ հայ հասարակությանը դրանք հասանելի չեն, քանզի ի հեճուկս ադրբեջանական կրկնվող կրակոցներին, մենք այդպես էլ չտեսանք ԵՄ գեթ մեկ պաշտոնական արձագանք, որը հղում կաներ առաքելության զեկույցների վրա։ Ավելին, Պրահայի հանդիպման մեկ այլ արդյունք՝ քառակողմ ձևաչափը, ջրվել էր անցյալ շաբաթ Ալիևի կողմից։ Իսկ Պրահայի հայտարարության մեջ Ալմաթայի հռչակագրի վրա տեղ գտած հղման կապակցությամբ վերջերս շատ ուղիղ տեքստով տարակուսանք հայտնեց ՌԴ ԱԳ նախարարը։ Փաստորեն, Պրահայի հանդիպման ժառանգությունը գրեթե ավարտվեց»,-  ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ «առաքելության մանդատի չերկարաձգումը Ադրբեջանի պատճառով էր, որը միաժամանակ Լաչինի սադրանքներով ատամ է ցույց տալիս նաև Ռուսաստանին։ Ինչպես հին ռուսական մանկական հանելուկն էր հարցնում. А и Б сидели на трубе, А упало, Б пропало, что осталось на трубе…?»,- եզրափակել է Աշոտյանը։

Հանելուկի հասցեատերը թերևս ՀՀ իշխանությունն է, որը մի քանի շաբաթ ոգևորված պնդում էր, թե սա բոլորի, հատկապես՝ ռուսների ու ՀԱՊԿ-ի պորտը տեղը դնելու հրաշալի գործիք է ու առիթ։ Հավատացած էին, որ եվրոպացիները գալու են, արձանագրելու են իրականությունը, վերջում պաչելու են Նիկոլ Փաշինյանի ճակատն ու թքելու են Ալիևի երեսին։ Մոտավորապես այսպիսի պարզունակ ոգևորությամբ էին ճամարտակում բոլորը՝ Փաշինյան, Միրզոյան, Սիմոնյան և այլն։ Մինչդեռ այսօրվա միջազգային դիվանագիտությունը կառուցում ու խաղարկում են բացառապես ռեալիստները։ Դա ծանր աշխատանք է, և այդ աշխատանքը չի ստացվելու, քանի դեռ սկսված խաղում բացակայում է սեփական կոնցեպտդ՝ ակնկալիքներդ ու հարաբերական շահույթիդ հաշվարկը։ Օրինակ՝ վերոնշյալ անձինք գիտեի՞ն, թե ինչ էին շահելու և ինչ էին կորցնելու այդ առաքելության ներկայությունից, անգամ դրա մասին բացված խոսակցությունից, արդյոք ամբողջական կամ կիսատ մնացած գործընթացի արդյունքում շահածն ավելին էր լինելու, քան կորցրածը։ Եթե իմանային՝ այդքան անթաքույց չէին մերկանա ու պետությունը նորից չէին դնի հիմար վիճակի մեջ։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   437 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ