...

Մի անգամ ճշմարտության երեսին նայեք

Մի անգամ ճշմարտության երեսին նայեք

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երիտասարդության հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասել է. «Ադրբեջանն արդեն 2007-2008 թվականներին շահագործեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և սկսեց արտադրել օրական 1,2 մլն բարել նավթ, այսինքն՝ օրական 70-80 մլն դոլար փող, տարեկան նվազագույնը 30 մլրդ դոլարի դրամական մուտքեր: 

Հաղթելու կամ չպարտվելու միակ գործոնը կլիներ այն, եթե Հայաստանը կարողանար ապահովել տարեկան նվազագույն 8 տոկոս տնտեսական աճ և սպառազինության համապատասխան մատակարարում: Ադրբեջանը շարունակեց իր նավթային պիկը, Հայաստանը 2008-ին ունեցավ 14 տոկոս տնտեսական անկում: Եվ 2016-ը եղավ մեզ ընդամենը զգուշացում»:

Ապշելու չափ ճշգրիտ բաներ է ասել Արցախի նախագահը*: Տեղը-տեղին, ներկայացրել է Հայաստանի ու Արցախի պարտության պատճառները: Ուղղակի մեզ հետաքրքիր է. այս ամենը նոր իմացա՞ք: Այսինքն՝ Վիքիպեդիան կամ տարբեր գրքեր բացեցիք, կարդացիք, որ վերջին 20 տարում Ադրբեջանը տնտեսական աճ է արձանագրել, որը միայն բազմապատկվել է նավթի արդյունահանման արդյունքում, իսկ Հայաստանն էլ տնտեսական անկում է ունեցել ու սկսել է զիջել Ադրբեջանին, այդ դրա համար էլ 2020-ին պարտվեցինք: 

Կամ ինչի՞ եք հիմա սա ասում: Ասեիք այն ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարները հայտարարում էին, որ հարյուր տարի էլ փակ սահմաններով կզարգանանք, որ Հայաստանը վագրի թռիչքներով է զարգանում, որ սաղ լավ է, Արցախի հարցն արդեն լուծել ենք, փոխզիջումը դավաճանություն է, տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, սպառազինության խնդիր չունենք, Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել:

Իսկ գուցե պարտության պատճառների մասին խոսելիս հիմքից սկսեի՞ք. այն ժամանակվանից, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն այս մասին զգուշացնում էր: Որովհետև Արայիկ Հարությունյանը արձանագրում է այն, ինչի մասին դեռ 1997-ին է զգուշացվել:

Ընդամենը երկու մեջբերում անենք Առաջին նախագահի զգուշացումներից:

1997թ. «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածում Տեր-Պետրոսյանն զգուշացրել էր. «Փոխզիջման էությունից բացի կարևոր է նաև փոխզիջման պահը։ Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբևէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»:

1998թ. հունվարին Անվտանգության խորհրդի նիստում, որին ներկա են եղել նաև Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը, Տեր-Պետրոսյանն ասել էր. «Տեսականորեն չեմ ժխտում, որ ստատուս-քվոյի պահպանումը թերևս կարող էր լինել լավագույն ելքը, քանի որ ի տարբերություն առաջին երկու տարբերակների, որոնց հիմքում ընկած է փոխզիջման գաղափարը, այն ենթադրում է բացառապես հաղթական լուծում։ Սակայն դա միայն տեսականորեն։ Իսկ գործնականում այդ ճանապարհն ընտրելուց առաջ մենք պարտավոր ենք պատասխանել այն հարցին, թե Հայաստանը, որ Ղարաբաղի գոյության միակ երաշխիքն է, ի վիճակի՞ է երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն՝ միաժամանակ ապահովելով իր նորմալ կենսագործունեությունը, տնտեսական բարգավաճումը, ռազմական հզորությունը, ինչպես նաև հաղթահարելով շրջափակումների հարուցած դժվարություններն ու դիմագրավելով միջազգային աճող ճնշումները։ Կարող եք ինձ հոռետես համարել, բայց ես չեմ հավատում նման հրաշքի։

Ավելին, ես չեմ բացառում, այլև ընդհակառակը՝ չափազանց բնական ու հավանական եմ համարում, որ նկատի ունենալով կասպիական նավթի շահագործման և նավթամուղերի կառուցման խնդիրները, Ռուսաստանն առաջիկայում լուրջ ջանքեր է գործադրելու Ադրբեջանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, և այդ դեպքում Հայաստանը կորցնելու է Անդրկովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը կամ ստրատեգիական գործընկերը լինելու առավելությունը»:

Ու հիմա՝ քառորդ դար անց, Արցախի նախագահը հայտարարում է, որ պատերազմում չէինք պարտվի, եթե մենք տնտեսապես թույլ չլինեինք, Ադրբեջանն էլ տնտեսապես ավելի հզոր չլիներ: Չէ, ճիշտ է ասում, հարցը սա չէ, բայց գոնե մի անգամ պե՞տք է ճշմարտության երեսին նայել ու պարզ ասել, որ ժողովուրդ ջան, սխալ ենք եղել, 20 տարի միֆերով ենք կերակրել հանրությանը, էս մարդու զգուշացումներին ականջալուր չենք եղել: Գոնե մի անգամ:

Եվ մի բան էլ. Արայիկ Հարությունյանի խոսքից այնպիսի տպավորություն է, որ մինչև 2008-ը խնդիր չենք ունեցել, Սերժ Սարգսյանի գալուց հետո է Հայաստանում տնտեսական ծանր վիճակ ստեղծվել: Չենք կարող ասել՝ միտումնավոր է ասել, թե ոչ, բայց Հայաստանի ծանր տնտեսական վիճակը և թուլացումը սկսվել է, կամ, այսպես ասենք՝ Հայաստանը տնտեսապես սկսել է շեշտակի ետ ընկնել Ադրբեջանից 1998 թվականից սկսած: Բացեք ցանկացած տեղեկագիրք, ինտերնետային ռեսուրս ու կհամոզվեք սրանում:

* Հուսով ենք, Հովիկ Աղազարյանը շատ չի նեղսրտի, որ Արայիկ Հարությունյանին ներկայացնում ենք՝ Արցախի նախագահ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ