...

Մի ճգնաժամի եզրին էլ

Մի ճգնաժամի եզրին էլ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են։

«Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ»:

«ՉԻ». Սա կոչվում է՝ վա-բանկ: Այսինքն՝ Հայաստանը ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական ագրեսիայի, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակման պատասխանատուն ոչ թե Ադրբեջանն է, այլ Ռուսաստանը: Եվ Ռուսաստանը ոչ թե պատասխանատուներից մեկն է, այլ գլխավոր ու թերևս միակ պատասխանատուն:

Այսինքն, եթե Ռուսաստանը չլիներ, Ադրբեջանը չէր հարձակվի և միջանցքի հարցում էլ չէր համարձակվի այսպիսի քայլերի գնալ:

Այն, որ Ռուսաստանն ունի պատասխանատվության իր բաժինը և նոյեմբերի 9-ի համաձայնագրի կետերը ամբողջությամբ չի կատարում, փաստ է: Բայց հայտարարել, որ Ռուսաստանն է ամեն ինչի պատասխանատուն, սա նշանակում է հայ-ռուսական հարաբերություններում նոր իրողությունների առջև կանգնել: Այն է, Ռուսաստանին մեղադրել հիբրիդային կամ միջնորդավորված ագրեսիայի մեջ: Ընդ որում, սա ասվում է ուղիղ, առանց դիվանագիտական շղարշների, ինչը քիչ հանդիպող պրակտիկա է, կամ էլ միայն բացահայտ ճգնաժամի կամ կոնֆլիկտի դեպքում է արվում:

Ենթադրում ենք, որ Ռուսաստանը, եթե ոչ ամենաբարձր, բայց բոլոր դեպքերում, տարբեր խողովակներով կարձագանքի ՀՀ ԱԽ քարտուղարի այս մեղադրանքներին, բայց այս իրավիճակը գնալով մեզ ավելի է հիշեցնում 1920 թվի վիճակը, երբ դաշնակցական կառավարությունը բացահայտ առճակատման գնաց բոլշևիկների հետ՝ նրանց հետ լեզու գտնելու փոխարեն, և արդյունքում ստացանք այն, ինչ՝ ստացանք: 

Հիմա չգիտենք՝ ինչ է լինելու... բայց վա-բանկն արդեն առկա է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   416 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ