...

Միջանցքի փակման հայ շահառուները

Միջանցքի փակման հայ շահառուները

1997-ից հետո, երբ փառավորապես ձախողվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին իրական փորձը, Հայաստանի ու Արցախի որևէ իշխանություն և ընդդիմություն այդ հակամարտությունը չի ընկալել որպես խնդիր, որը պետք է լուծել, կամ՝ պրոբլեմ, որը պետք է հաղթահարել։ Հակառակը՝ չկարգավորված հակամարտությունն ընկալվել է որպես «հնարավորությունների պատուհան»։ Ցանկացած իշխանություն ցանկացած պահի կարող էր ռեպրեսիաներ կիրառել ընդդիմության նկատմամբ՝ այն պատճառաբանությամբ, թե «թշնամին սահմանին կանգնած՝ սպասում է», «փաստացի պատերազմական վիճակում ի՞նչ ժողովրդավարություն», «սրանք ուզում են իշխանության գալ, որ Արցախը ծախեն» և այլն, ընդդիմությունն իր հերթին միշտ կարող էր իշխանություններին մեղադրել «դավաճանության» և «բանակցությունների սեղանի շուրջ ժողովրդից թաքուն ազատագրված տարածքները հանձնելու խոստումներ տալու» մեջ, կուսակցությունների և անհատ ռազմահայրենասերների համար «ազատագրված Արցախն» ինքնափիառվելու անսպառ հնարավորություն էր (ուրիշ բան որ չլիներ՝ կարելի էր զինվորական համազգեստով լուսանկարվել «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցատախտակի մոտ), աշխարհով մեկ սփռված սրտացավ հայերի համար ինքնասփոփանքի փայլուն հնարավորություն էր՝ կարելի էր տարին մեկ մի քիչ փող ուղարկել կամ որևէ դեսպանատան առաջ հպարտորեն Եռագույն ծածանելով հայրենիքի առջև ունեցած պարտքը համարել փակված, և այսպես շարունակ։

Հիմա իրավիճակը բոլորովին այլ է, բայց կոնկրետ Լաչինի միջանցքի հարցում մոտավորապես նույն բանն է տեղի ունենում։ Չէ, առաջին հայացքից, իհարկե, կարող է թվալ, թե հակառակը՝ միջանցքի բացումը բոլորին է հուզում, որովհետև բոլոր լրատվամիջոցները, սոցկայքերն ու բանավիճային հարթակները հեղեղված են սրտացավ քննարկումներով։ Բայց բովանդակային իմաստով՝ փաստն այն է, որ և՛ իշխանությունները, և՛ տարատեսակ քաղաքական ուժերը, և՛ անհատ ռազմահայրենասերները, և՛ տարբեր ոլորտների «հայտնիները» Լաչինի միջանցքի փակված լինելն ընկալում են որպես ինքնափիառվելու փայլուն շանս և «հնարավորությունների պատուհան»։ Իշխանությունները, որոնք վաղուց հասկացել էին, թե ինչ «թարս խիյարի» է վերածվել «խաղաղության դարաշրջանը», և իհարկե՝ այսպես թե այնպես ոչ մի դեպքում խաղաղության որևէ համաձայնագիր չէին ստորագրի, երանության մեջ են, որովհետև կարող են միջանցքի փակումն օգտագործել հետագա բանակցություններից հրաժարվելու, ամեն ինչում ադրբեջանցիներին ու ռուսներին մեղադրելու և նույնիսկ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը գովազդելու համար (իբր՝ շատ լավ փաստաթուղթ էր, բայց մենք ի՞նչ անենք, որ մյուս կողմերը չեն կատարում)։

Ընդդիմությունը երանության մեջ է, որովհետև կարող է միջանցքի փակվելն օգտագործել իշխանություններին հանցավոր անգործության մեջ մեղադրելու և «Արևմուտքի կեղծավոր դիմակը» պատռելու» նպատակով։ Արցախի իշխանություններն «իրենց կյանքի ամենաերջանիկ օրերն են ապրում»։ Քաղաքական դեմքերն ու անհատ ռազմահայրենասերները երանության մեջ են՝ եթերից եթեր են վազում ու կոչ անում անմիջապես «ազերիների մռութին հասցնել» կամ «մտածել ուժային լուծման մասին» (և դա անում են դեմքի այնպիսի խրոխտ արտահայտությամբ, որ թվում է՝ ելույթից անմիջապես հետո շտապելու են ավտոտնակից դուրս բերել հոգապահուստ 200 «Սոլնցեպյոկները», բայց պարզվում է՝ չէ, ընդամենը իրենց գործն արել են ու շտապում են Նոր տարվա չարազեղեն առնելու)։

Մի խոսքով՝ շրջափակումը, մեծ հաշվով, միայն Արցախում ապրողներին ու Հայաստանի՝ իրապես սրտացավ փոքրաթիվ քաղաքացիներին է մտահոգում։ Դրա համար էլ շրջափակման մշտական սպառնալիքը չեզոքացնելուն ուղղված իրական քայլերի անհրաժեշտության մասին խոսելը մոդայիկ չէ։ Ինչպես միշտ՝ միայն պաթոս, միայն ռազմահայրենասիրություն, մի խոսքով՝ միայն ինքնագովազդ։ Իսկ 120 հազար արցախցիները՝ ոչինչ, պինդ են, ևս մի քանի ամիս կդիմանան։ Բաքվում պահվող հայ ռազմագերիների պես։

Մարկ Նշանյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   488 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ