...

Մինչև 20 000 տոննա ծիրան կարտահանվի. փորձագետ

Մինչև 20 000 տոննա ծիրան կարտահանվի. փորձագետ

«ՉԻ» զրուցակիցն է գյուղատնտեսության նախկին փոխնախարար, փորձագետ Գառնիկ Պետրոսյանը:

- Պարոն Պետրոսյան, ծիրանի բերքահավաքը մեկնարկել է, արդեն նաև արտահանվում է բերքը: Ինչպե՞ս եք գնահատում արտահանման ընթացքը, արդյոք նախատեսված ծավալով ծիրան կարտահանվի՞, թե՞ որոշ քանակություն սահմանափակումների պատճառով, այնուամենայնիվ, կմնա:

- Արտահանման ընթացքը բնականոն կարելի է համարել, որովհետև մեր ծիրանի շատ չնչին մասն է արտահանվել ոչ ԵԱՏՄ շուկա: Այդ իսկ պատճառով էլ սահմանափակումները որևէ խնդիր չեն կարող առաջացնել: Ծիրանի արտահանման մեր հիմնական շուկան եղել և մնում է Ռուսաստանի Դաշնությունը, ինչպես նաև ԵԱՏՄ մի քանի երկրներ: Այնպես որ, որևէ խնդիր չկա: Բայց ես կարող եմ նշել, որ մեր արտահանման հնարավորությունները բավական սահմանափակ են այն պարզ պատճառով, որ նախորդ տարվա համեմատ զգալի կրճատվել է ծիրանի բերքատվության ցուցանիշը:

Ոչ պակաս կարևոր է նաև այն հանգամանքը, որ ծիրանի բերքի ապրանքային տեսքը էականորեն զիջում է նախորդ տարիներին, ապրանքայնության մակարդակը ցածր է: Հասկանալի է, որ արտահանվում է միայն բարձր ապրանքային տեսք ունեցող ծիրանը: Ես նաև կանխատեսումներ ունեմ, որ արտահանման համար առավելագույն քանակությունը կարող է հասնել շուրջ 20 000 տոննայի: Գուցե քանակային առումով մենք ունենք որոշակի ռեսուրս, բայց ցածր ապրանքային տեսքի պատճառով լավագույն դեպքում կարող ենք մինչև 20 000 տոննա ծիրան արտահանել: Այս օրերին ծիրանի կիլոգրամը 300-400 դրամով է արտահանվում: Ես չեմ կարծում, որ դա վատ գին կարելի է համարել: Մասսայական բերքահավաքի համար դա միջին գին է:

Այլ բան է, որ բերքը քիչ է և մեկ միավոր տարածքից գյուղացու եկամուտը քիչ է ստացվում:

- Բայց, ըստ այգետերերի, կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների պատճառով նախորդ տարվա համեմատ արտահանողները քիչ են գալիս:

- Եթե բերքը պետք է բավականացնի 2-3 ֆուռի, քիչ են գալիս: Երբ բերքը քիչ է, և առավել ևս՝ որակի խնդիր կա, աշխատատար է դառնում: Եթե նախկինում 1 տոննայի 700-800 կիլոգրամը կարող էր բարձրորակ պտուղ լիներ, դա հեշտությամբ կարտահանվեր: Հիմա հակառակն է տեղի ունենում՝ 1 տոննա հավաքում ես, դրա մոտ 50 տոկոսն է լավը, դրանցից պետք է հատ-հատ ձեռքով լավերն ընտրել, զգալի մասը խոտանվում է: Արտահանողների քիչ թիվն առաջին հերթին դրանով է պայմանավորված:

Հիմա արտահանողների լայն մրցակցություն կա, մոնոպոլիա չկա: Բայց կան արտահանողներ, որոնք այս համավարակի պայմաններում ռիսկի չեն դիմում: Ռիսկայնությունը բարձր է, որովհետև սահմանափակումներ կան: Հիմա չի թույլատրվում երկրորդ վարորդի ներկայությունը, կամ ապրանքի տերը չի կարող ուղեկցել իր բեռը: Սրանք բավականաչափ լուրջ խնդիրներ են: Շատերը ցանկանում իրենց բերքն իրենք դուրս տանել և վաճառել ինչպես անցյալ տարի։ Ներկայում հասկանալի պատճառներով երկրից չեն կարող դուրս գալ:

- Նախորդ տարվա ցուցանիշների համեմատ այս պահի դրությամբ ծիրանի արտահանման անկում կա: Ձեր հաշվարկով ծիրանի արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ ինչքա՞ն պակաս կլինի:

- Կարծում եմ, որ արտահանման ծավալները վերջին տարիների միջին ցուցանիշի համեմատ մոտ 50-60 տոկոսով քիչ կլինեն: Խոսքը ծիրանի, դեղձի, կեռասի արտահանման ցուցանիշների մասին է: Նշեմ, որ հիմա վաղահաս կարտոֆիլի բերքահավաքն է ընթանում, բավականին լավորակ կարտոֆիլ ունենք, որը լիուլի բավարարում է ներքին սպառման պահանջները, նաև արտահանման համար բավականաչափ հնարավորություններ կան: Իմ ունեցած տեղեկություններով՝ Հայաստանից վաղահաս կարտոֆիլ է արտահանվում: Եթե այդ արտահանումը չլիներ, հիմա շուկայում այս պատկերը չէինք ունենա, գների շատ կտրուկ անկում կունենայինք։

- Այս տարի ունենք ծիրանի միջին բերք: Բերքատվության ծավալի կրճատումն ինչո՞վ էր պայմանավորված: Գարնանային ցրտահարությունը զգալի վնաս հասցրե՞ց՝ թեև, պաշտոնական տվյալներով, այն էական վնաս չի հասցրել ծիրանենիներին:

- Բերքատվության ցուցանիշները մի քանի գործոններով են պայմանավորված: Գարնանը ջերմաստիճանի շատ կտրուկ տատանումներ եղան: Հաճախ պնդում են, որ ցրտահարություն չի դիտվել: Բայց իրականում 0-ին մոտ ջերմաստիճան էր, իսկ առանձին հատվածներում նաև հողի մակերևույթին մինչև -3 աստիճան ցուրտ է գրանցվել, հետևաբար, այդ ցածր ջերմաստիճաններն իրենց բացասական ազդեցությունն են ունեցել ծիրանի բերքատվության վրա: Հետաքրքիրն այն է, որ ծառի ստորին հատվածներում, որը գետնի մակերևույթին ավելի մոտ է, բերքը շատ սակավ է: Իսկ ծառերի միջին և ավելի բարձր հատվածներում կա միջին բերք: Սա խոսում է այն մասին, որ ջերմաստիճանի տատանումներն իրենց ազդեցությունն ունեցել են։ Բացի դրանից, տևական ժամանակ տեղումների առկայությունը բացասական ազդեցություն թողեց և՛ փոշոտման ընթացքի, և՛ պտղագոյացման վրա: Տեղի ունեցավ պտղաթափ: Բերքի որակի վրա ազդող ամենակարևոր հանգամանքը սնկային հիվանդությունների բուռն զարգացումն էր, որտեղ պատշաճ մակարդակով այդ հիվանդությունների դեմ պաշտպանիչ միջոցներ չէին կազմակերպվել: Իսկ դեղձենու մոտ՝ գանգրոտություն հիվանդության դեմ աշխատանքները: Մասսայական զարգացում ստացան այդ հիվանդությունները, ինչը բավականաչափ ազդեցություն ունեցավ հատկապես պտուղների որակի վրա: Ոչ լավ որակի ապրանքային տեսք ունեցող բերքը շուկայում շատ ցածր գին ունի, լավագույն դեպքում այն կարող են վերամշակման հանձնել: Իսկ այդպիսի բերքը չափազանց ցածր գնով է մթերվում: Դա է պատճառը, որ ունեցած բերքի ընդհանուր քանակության բավական փոքր տոկոսն է իրականում արտահանման համար պիտանի։

- Կեռասի, դեղձի բերքատվության ծավալները ևս այս տարի մեծ չեն: Պատճառը կրկին եղանակային պայմաննե՞րն էին:

- Դեղձի բերքը նույնպես զգալիորեն ցածր է: Կեռասի բերքի պակաս ունենք՝ չնայած առանձին համայնքներում տարբեր իրավիճակներ են: Կան համայնքներ, որտեղ մի հատվածում կեռասի բարձր բերք կա, մյուս մասերում՝ քիչ: Եթե գնահատելու լինենք, կեռասի բերքը զգալիորեն պակաս է նախորդ տարվա համեմատ: Այս երեք պտղատեսակներն արտահանման ամենամեծ ներուժ ունեցող պտուղներն են, որոնք ռուսական շուկայում բավականին մեծ պահանջարկ ունեն:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1341 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ