...

Միշիկն ասելիք չունի՞ երեխաների որդեգրման մաֆիայի մասին

Միշիկն ասելիք չունի՞ երեխաների որդեգրման մաֆիայի մասին

Միքայել Մինասյանի լայվերին հետևած օգտատերերը կհավաստեն, որ նա հաճախ է հոլովում երեք բառ` սուտ, ժողովուրդ և մաֆիա` կիրառելով նախկին իշխանությանը հոգեհարազատ նեյրոլինգվիստիկայի հնարքը` ազդել լսարանի հոգեբանության վրա:

Նախ ստի մասին, ինչպես ասում են, խոսելն ավելորդ է, քանի որ Մինասյանը այն մարդու ընտանիքի անդամն է, որը բլեֆի ու ստի անգերազանցելի վարպետ էր, և եթե չլիներ նրա վերջին` «ես չեմ ուզում դառնալ վարչապետ, բայց ստիպված եմ» ճակատագրական սուտը, Մինասյանն այսօր ազատ զբոսնելիս կլիներ Վատիկանի պարտեզներում: Ինչ վերաբերում է նրա կողմից շահակվող «ժողովուրդ» բառին, ապա քանի որ այն չափազանց խորթ բառ է Սերժի մենթիի լեզվամտածողությանը, այդ պատճառով էլ վերջինիս շուրթերին հոլովվում է հայերենի հոլովման կանոնների կոպիտ խախտմամբ: Նախկին դեսպանին հուշենք, որ «ժողովուրդ» բառը հոլովելիս վերջին վանկի ու-ն սղվում է ճիշտ այնպես, ինչպես ինքը հեղափոխությունից հետո սղվեց պետական ապարատից:  

Դառնանք մաֆիա բառին, որը Մինասյանն անվրեպ է գործածում, քանի որ այն ամենն, ինչն առնչվում է մաֆիային, ինքը վիրտուզ ձևով է տիրապետում: Զավեշտալի լինելու աստիճան զարմանալին այն է, որ փեսա Մինասյանը մաֆիոզ գործունեություն ծավալելու մեջ է մեղադրում մասնավորապես Փաշինյան ընտանիքին ու նրա մերձավորներին, դավադրաբար լռելով այն մոնոլիտ, մաֆիոզ, «մինչև վերջին երանգը ստրուկտուրիզացված» համակարգի մասին, որը փթթում էր Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք: Մաֆիոզ հարաբերություններն ու կարգերը ներդրված էին պետական կառավարման բոլոր մակարդակներում` քաղաքականից (ԱԺ-ում մանդատների բաշխում), տնտեսականից (մոնոպոլիաներ, օլիգոպոլիաներ), մինչև իրավական (պատվիրված արդարադատություն, օպոնենտների նկատմամբ շինծու քրեական հետապնդում) ու մշակութային (եթերի ուզուրպացիա և այլն): 

Սկսենք ամենահայտնի և ցայսօր գործող մաֆիոզ կառույցից, որը պետռեգիստրում գրանցված է որպես կուսակցություն. խոսքը ՀՀԿ-ի մասին է: ՀՀԿ-ական դառնալը մի էտապ էր, որով պարտադիր անցնում էին օլիգարխիկ կլանի բոլոր անդամները` մաֆիա ընդունվելուց առաջ: Այդ կառույցի անդամ են եղել Սարգսյանի նախագահության օրոք պաշտոնավարած բոլոր վարչապետները` սկսած Տիգրան Սարգսյանից (մի քիչ ուշացումով), վերջացրած Կարեն Կարապետյանով, որոնք պետական կառավարման անվան տակ զբաղված էին կլանային շահերի սպասարկմամբ: 

Փաստեր 

Այժմ Սարգսյանի իշխանության մաֆիոզ բնույթը ապացուցող մեկ-երկու թարմ փաստ նշենք, քանի որ ամբողջ ցանկը նշելու համար թերթի մի քանի համար պետք կգա: Թե ում ձեռքում է եղել ՀՀ ներկրվող վառելիքի մաֆիան, ով է «Ֆլեշի Բարսեղն» ու այդ ինչ մաֆիոզ սխեմայի միջոցով էր հենց նրան պատկանող ընկերությունը դիզվառելիք մատակարարել գյուղացիական տնտեսություններին, պետք է որ ՀՀ նախկին գխավոր փեսան լավ իմանա: Վստահ ենք՝ տեղյակ է հարուցված այն քրեական գործի մասին, որում մեղադրյալի կարգավիճակ ունի իր պատվելի աներհայրիկը:

Մինասյանի հիշողությունը մեկ այլ դրվագով էլ թարմացնենք. դեռևս մի քանի տարվա վաղեմություն ունեցող հայտնի օֆշորի (Աֆրիկա մայրցամաքում ադամանդի հանքում ներդրումներ կատարելու) գործով ԱԱԾ-ն մոտ մեկ ամիս առաջ մեղադրանք առաջադրեց «պալատական հոգևորականի» համբավ ունեցող Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Նրանից բացի սկանդալի կենտրոնում էր հայտնվել նաև Սերժ Սարգսյանի նշանակած ու վերանշանակած վարչապետ Տիգրան Սարգսյանը, սակայն հարուցված քրեական գործի շրջանակներում ո՛չ արքեպիսկոպոսը, ո՛չ էլ Սարգսյանը չէին ներգրավվել որևէ դատավարական կարգավիճակով: Դատվել էր միայն Կճոյանի սանիկը: Նման մասշտաբի  գործարքն առանց Սերժ Սարգսյանի գիտության արվել չէր կարող, իսկ այն հանգամանքը, որ այս քր. գործով տեղաշարժ միայն այժմ է տեղի ունենում` նոր մեղադրյալի ներգրավմամբ, նշանակում է, որ գործի «սառեցումը» հովանավորվել ու թելադրվել է ամենավերևից:

Մեկ այլ` ՀՀ-ում Սարգսյանի պաշտոնավարման տարիներին գործած` երեխաների ապօրինի որդեգրման մաֆիայի մասին էլ հիշեցնենք, որը, թերևս, ամենազազրելին է եղած բոլոր մաֆիաներից:

Հանրությունն ուշիուշով սպասում է այս բոլոր գործերով ընթացող քննությունների ելքին:

Հեղինե Մանուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ