...

Ներկայի նախկինը

Ներկայի նախկինը

«Ես ինձ լրիվ դուրս եմ մղել թե՛ դիվանագիտությունից, թե՛ քաղաքականությունից, ես հիմա շարքային քաղաքացի եմ, ինձ չի հետաքրքրում որևէ քաղաքական, դիվանագիտական հարց»,- «Իրավունք» թերթին փոխանցել է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։ Ճշգրտող հարցին՝ իսկ որպես շարքային քաղաքացի նրան չի՞ հետաքրքրում Հայաստանի ճակատագիրը, նա հավելել է. «Լավ էլի, ախր ասացի, լավ եղեք»:

Հիշեցնենք, որ Արա Այվազյանն արտգործնախարար նշանակվեց պատերազմից հետո, երբ ԱԳՆ-ն փաստացի ինքնալուծարված վիճակում էր։ 2020 թ․ նախարար նշանակված Այվազյանը կես տարի անց հրաժեշտ տվեց արտգործնախարարի պաշտոնին, որին հետևեցին իշխանության մեղադրանքները։ Այն էլ ինչ մեղադրանքներ։ Դրանցից ամենաէականի մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, թե գերիների հարցը լուծվեց միայն մայիսի 27-ից հետո, երբ Այվազյանը հրաժարական տվեց։ Այդպես էլ մեկնաբանություն չհնչեց, թե նախարարն իր պաշտոնավարման ժամանակ տորպեդահարել ու խոչընդոտե՞լ է գերիների հարցի լուծումը, թե՞ այս ամենը ստոր հերյուրանք է։ Ի դեպ, բոլորովին վերջերս հրապարակումներ եղան այն մասին, թե Այվազյանը սկսել է համագործակցել «Ամերիա» բանկի հիմնադիր, քաղաքական հայտ ներկայացրած և «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանի հետ։ Արա Այվազյանը ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել էր տեղեկությունը՝ նշելով, որ ինքն ակտիվորեն շփվում է շատերի, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանի հետ։ Հիմա, ինչպես հասկացանք, Այվազյանն ընտրել է շարքային քաղաքացի լինելու կարգավիճակը։ Շառից-փորձանքից հեռու տարբերակով։ Դիվանագիտությամբ էլ ուղիղ իմաստով է զբաղվելու։ Մնացածը՝ հետո կերևա։ Բոլոր դեպքերում Արա Այվազյանը նախարար է եղել շատ կարևոր ժամանակաշրջանում, ուստի՝ բոլորից շատ է տիրապետում նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստեղծման և կյանքի կոչման անդրկուլիսյան բովանդակությանը։ Դրա համար էլ նախընտրում է լռել, դառնալ ձուկ ու մոռանալ, որ երբևէ դիվանագետ է եղել ու ծառայել է հանուն Հայաստանի Հանրապետության։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1600 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ