...

Գաղտնի են պահում, որ անակնկալը չփչացնեն

Գաղտնի են պահում, որ անակնկալը չփչացնեն

Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու առաջարկը մեկ մարդու կողմից չի հնչել, հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։ Հարցին՝ ո՞վ է այդ միջազգային հանրությունը, որ նման առաջարկություններ է անում և ինչպիսի անվտանգության երաշխիքներ կան, եթե այդ նշաձողն իջեցվի, Գրիգորյանը պատասխանել է․ «Այս պահին կոնկրետ անուններ չեմ կարող ասել․․․ Դա մեկ հոգու կողմից չի առաջարկ եղել, բազմաթիվ գործընկերներ այս մասին մեզ հետ խոսել են։ Բայց երբ անվտանգության երաշխիքների մասին հարցնում եք, անվտանգության երաշխիքները մենք պետք է բանակցությունների ընթացքում ձևավորենք։ Այնպես չէ, որ իրենք ասել են, որ եթե այդ նշաձողը իջեցնեք, այ սրանք են անվտանգության երաշխիքները։ Ադրբեջանի հետ բանակցությունների շրջանակում, ինչպես նաև միջազգային հանրության աջակցության շնորհիվ ստեղծելու ենք այդ անվտանգության երաշխիքները։ Եթե անվտանգության երաշխիքները չլինեն, մենք բնականաբար այդտեղ չենք շարժվի, կպահպանվի գոյություն ունեցող ստատուս-քվոն» (News.am): 

Անհասկանալի է, թե ինչո՞ւ է իշխանությունն այդպես գաղտնի պահում այն գործընկերների անունները, որոնք նման առաջարկ են արել։ Նրանք են ասել մեր անունը չտա՞ք, թե՞ պարզապես իշխանությունն է որոշել միջազգային հանրության հետ գաղտնիք ունենալ և դրանով «չկիսվել» իր քաղաքացիների հետ։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանը մի հարյուր անգամ հայտարարել է, թե նախկինները դրսերում ուրիշ բան են բանակցել, ներսում այլ բան են հայտարարել։ Բա հիմա ինքն էլ նույնն է անում՝ դրսում բանակցում է, հետո գալիս ասում է՝ ինձ սա ասացին, բայց չեմ կարող ասել՝ ով ասաց։ Չենք էլ հասկանում՝ էդ ասողներին Փաշինյանը փորձո՞ւմ է բացատրել, հակադրվել, համոզել, թե՞ ինչ ասում են, ականջները կախ լսում ու գալիս է տուն՝ թաքուն պահելով ով, որտեղ, ինչ ասաց։ Ու այս գաղտնիության ֆոնին ՌԴ-ի հետ հույս կապողները մտածում են՝ Արևմուտքն է առաջարկն արել, արևմտամետները առաջարկի պատմությունը կապում են ՌԴ-ի հետ։ Ու սկսվում է միմյանց կոկորդ կրծելու գործընթացը։ Մինչև կրծեն՝ հերթական դեմ տված փաստաթուղթը Փաշինյանը կստորագրի ու կգա ԱԺ՝ «պատմական ելույթով» զարմացնելով իրենով հիացողներին։

Գոհար Վեզիրյան  

ՎԱՐԿԱՆԻՇ

   1315 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ