...

Նոր աստղ են գտել

Նոր աստղ են գտել

Ռուբեն Վարդանյանը եկավ, Ռուբեն Վարդանյանը ելույթ ունեցավ, Ռուբեն Վարդանյանը նշանակեց, Ռուբեն Վարդանյանը արտգործնախարար է փնտրում, Ռուբեն Վարդանյանը նախարար է հեռացնում-նշանակում։ Արցախից եկող լրահոսի բովանդակությունը սկսվում և ավարտվում է Ռուբեն Վարդանյանի «անցուդարձով», իսկ Հայաստանինը՝ նույն Ռուբեն Վարդանյանի «շարժուձևը» մեկնաբանելով։ Բայց այսօր այս թեմայի առիթով է՛լ ավելի ուշագրավ հայտարարություն է արել մի քաղաքագետ՝ Գագիկ Համբարյանը։ Վերջինս «Փաստ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է․ «Ռուբեն Վարդանյանի նման մարդու՝ պետնախարար նշանակվելը պատահական չէ. ամենահարուստ հայերից մեկը չէր կարող հենց այնպես հայտնվել Ստեփանակերտում ու նշանակվել այդ պաշտոնին: Համապատասխան կենտրոններից նա «դաբրո» ունի, ու Ալիևի այդ նյարդային արձագանքը ցույց է տալիս, որ վերջինս այդ կենտրոնների հետ ոչ բարիդրացիական և ոչ լավ հարաբերություններ ունի: Պետնախարար նշանակվելու փաստը Ադրբեջանի համար անընդունելի է նաև այն առումով, որ Ռուբեն Վարդանյանը, ի տարբերություն Արայիկ Հարությունյանի, կապիտուլյանտ չէ, որի մասին ինչ ուզեն, կասեն»։ Հետո քաղաքագետն ավելի հեռուն է գնացել՝ արձանագրելով․ «Անգամ պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումը լեգիտիմացնում է Արցախյան հարցի չլուծված լինելը: Ռուբեն Վարդանյանի նշանակումով ապացուցվում է, որ հարցը լուծված չէ, մինչդեռ ադրբեջանական կողմը հակառակի մասին է պնդում: Եվ հենց նշվածով է պայմանավորված, որ Բաքուն ու իրեն սատարող ուժերը նյարդային, ջղաձիգ հայտարարություններով են հանդես գալիս: Սա՝ այս պահի դրությամբ: Չի բացառվում, որ կոնկրետ գործի էլ անցնեն»։ Կարճ ասած՝ Վարդանյանը հիմա էլ նոր պատերազմ է հրահրում։ Կամ էլ մենք ենք սխալ հասկացել քաղաքագետին։ 

Իսկ առհասարակ, Ռուբեն Վարդանյանը ճիշտ կանի Արցախի համար այս ծանրագույն շրջանում մի քիչ սահմանափակի իր փիառվելու ախորժակը։ Հատկապես՝ Հայաստանի տարածքում։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   654 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ