...

Նիկոլ Փաշինյանի ելույթի չխմբագրված տարբերակը

Նիկոլ Փաշինյանի ելույթի չխմբագրված տարբերակը

Նախօրեին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթը զայրույթի նոր ալիք է բարձրացրել Հայաստանում։ Բայց քչերին է հայտնի, որ նա ի սկզբանե շատ ավելի կոշտ ելույթ էր պատրաստել, որը վերջին պահին փոքր-ինչ մեղմացրել է։ Բարեբախտաբար՝ հուսալի աղբյուրները խմբագրությանն են տրամադրել ելույթի առաջին տարբերակի տեքստից մի հատված, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

«․․․ Հիմա ես ձեզ մի գաղտնիք ասեմ։ Նոր-նոր առաջին անգամ մտել էի վարչապետի կաբինետ, նստել էի նրա աշխատասեղանի մոտ, մեկ էլ սեղանի դարակը բացեցի, ու ի՞նչ տեսնեմ։ Բադեն-Բադենի «Ռոյալ» կազինոյի մի քանի ժետոն և Հադրութի ու Շուշիի հանձնման պլանը՝ հարձակման ուղղություններով, սլաքներով․․․ Վերևի աջ անկյունում էլ՝ կարմիր գրիչով գրած «Ադաբրյայու, Սերժ Սարկիսյան», ու ստորագրությունը։ Խնդրեմ, էս էլ ապացույց՝ կարմիր գրիչը։ Հիմա հասկացա՞ք՝ ով ա իսկական կապիտուլյանտը։ 

Բայց իսկական դավադրությունը շատ ավելի վաղուց էր կազմակերպվել։ Ես ձեզ հարց եմ տալիս՝ ո՞ւմ օրոք են հայ անջատողականները գրավել Շուշին։ Ճիշտ է, Լևոն Տեր-Պետրոսյանի։ Այ այդ պահից էլ սկսվել է Շուշին հանձնելու օպերացիան, որովհետև եթե գրաված չլինեին՝ հանձնելու հարց ընդհանրապես չէր լինի։ Հիմա հարց եմ տալիս՝ ո՞վ է կանգնած Շուշին հանձնելու դավաճանական ծրագրի ակունքներում։ 

Ինձ ամենաշատը մեղադրում են նրա համար, թե իբր ես եմ Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Էդ լուրջ ե՞ք ասում։ Ռոբերտ Քոչարյա՛նն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ 1998 թ․ այն օրը, երբ ԺԷԿ-ից կեղծ տեղեկանք ներկայացրեց, թե իբր վերջին տասը տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ Դե եթե Ղարաբաղը Հայաստան էր համարում՝ ինչո՞ւ էր կեղծ տեղեկանք բերում, թող իսկականը բերեր՝ որ ապրել է Ստեփանակերտում։ Նենց որ՝ սսկվեք վեր ընկեք տեղներդ։ Ձեզ հետ չեմ, սիրելի պատգամավորներ, դուք հակառակը՝ ծափ տվեք։

Հա, ի՞նչ էի ասում։ Էն, որ ինձ ասում են «դավաճան», «հողատու», «թուրքահպատակ»․․․ Տո դուք հլը խոսալու տեղ ունե՞ք։ Ես հարց եմ տալիս՝ 2018-ի մայիսին ո՞ւմ ձայներով եմ դարձել վարչապետ։ Դաշնակցության, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի։ Հիմա ո՞վ է դավաճանն ու հողատուն, էդ ինչի՞ դուք ձեր արածի համար պատասխանատվություն չեք կրում։ 

Հա, քանի չեմ մոռացել։ Մեկ էլ՝ ինձ կոռուպցիայի մեջ են մեղադրում, ասում են նախկինների թալանածը խլում ես ու յուրացնում։ Ու ովքե՞ր են ասում՝ այդ նույն թալանչիները։ Եթե դուք թալանած չլինեիք՝ ես ի՞նչն էի յուրացնելու, ա՛յ շնաբարոներ, հիմա մեզանից ո՞վ է կոռուպցիայի սկզբնապատճառը, ո՞վ է կանգնած կոռուպցիայի ակունքներում։ 

Այո, ես ամեն ինչ արել եմ, որ ի հեճուկս նախկինների՝ կապիտուլյանտ չդառնամ, հողատու չդառնամ, կոռումպացված չդառնամ․․․ Հաջողվե՞լ է։ Ոչ, չի՛ հաջողվել։ Ճիշտ հակառակն է հաջողվել։ Բայց ես վճռականորեն գնալու եմ նույն ճանապարհով։ Կապիտուլյացիայի փաստաթուղթն էլ չեմ ստորագրելու։ Ստորագրում եմ՝ ի՞նչ անեմ, արդեն պատրաստի ստորագրած կա, Սերժի դարակից եմ գտել։ Ու զարմանալին գիտե՞ք որն ա։ Տակը հենց իր ձեռագրով ստորագրված ա «Նիկոլ Փաշինյան»։ Էս էլ թուղթը, չեք հավատում՝ դատաձեռագրային փորձաքննության ենթարկեք, որպես փորձագետ էլ ում ուզում եք նշանակեք, թեկուզ՝ Վահագն Հովակիմյանին»։

Ցավոք՝ տեքստն այստեղ ընդհատվում է։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   46967 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ