...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

ՔՊ քաղխորհրդի փակ նիստն է։ Ինքը, նինջը մի կերպ հաղթահարելով, լսում է Հովիկ Աղազարյանին, որի ելույթը, սակայն, կամաց-կամաց ավելի նյարդային է դառնում․ «էս չհասկացանք, կարող ա՞ վրեքներս նավս կա, ով բեղեր ա պահում՝ լեզուն երկարացնում ա։ Ալիևն ու Էրդողանը քիչ էին՝ հիմա էլ Լուկաշենկոն․․․ Տե՛ր մեր վսեմաշուք պարոն վարչապետ, դո՛ւ եղիցի մեզ ապավեն, արի կլինի՝ դու է՛լ բեղեր պահի․․․»։ «Բայց մեր բրենդը ոչ թե բեղն ա, այլ ժողովրդավարությունը»,- տեղից ծուլորեն առարկում է ինքը։ Ալենը անմիջապես առաջարկում է բեղեր պահել ժողովրդավարական ընթացակարգով՝ որպես հանրային պահանջի իրականացում, և միացնում է հեռուստացույցը։ Հ1-ի եթերում ինչ-որ կլոր բան խոսում է այն մասին, որ ժողովրդի 80 տոկոսը ցանկանում է Նիկոլին տեսնել բեղերով․․․ «Ախր փորձել եմ, դառնում եմ Քաջ Նազարը», էլի առարկում է ինքը, բայց այս անգամ՝ ավելի անվստահ․․․ «Լավ ա, լավ, հենց էդ տեսքով էլ կառաջնորդեք մեր բողոքի երթը դեպի Բելառուսի դեսպանատուն»,- ոգևորվում է Արարատ Միրզոյանը։ «Բա եթե ճանապարհին մարդիկ հանդիպեն ու ողջունե՞ն»,- մտահոգվում է ինքը։ «Ավելի լավ, բյուջեի համար լրացուցիչ եկամուտներ կապահովեք»,- տեղից ցատկում է ոստիկանապետն ու ծոցագրպանից հանում նախապես պատրաստված դրոշակը՝ վրան գրած «Անհաղթ հերոս Քաջն Նազար, ով հայհոյի՝ մուծվի հազար»․․․

Երթը շարժվում է դեպի Բելառուսի դեսպանատուն։ Բայց թարսի պես՝ ճանապարհին ոչ աղ ու հացով դիմավորողներ կան, ոչ գյուղմթերքի տոնավաճառ։ «Բա չմտնե՞նք մի տեղ մի կտոր հաց ուտենք»,- առաջարկում է ինքը ու QR կոդը դրոշի հետ օդում ճոճելով մտնում առաջին պատահած պանդոկը։ Իսկ այնտեղ պատից կախած հեռուստացույցը միացված է, ու ինչ-որ մեկը լուրջ դեմքով հաղորդագրություն է կարդում․ «ԱԱԾ իրականացրած օպերատիվ գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանում գործունեություն ծավալած լրտեսական ցանց։ ՀՀ քաղաքացի հանդիսացող մի շարք պետական պաշտոնյաներ պարբերաբար մեկնել են առաջնագիծ, լուսանկարվել և լուսանկարները տարբեր բջջային հավելվածներով ուղարկել բոլոր ցանկացողներին, ինչպես նաև պարբերաբար հրապարակայնորեն տեղեկություններ են տրամադրել ՀՀ սահմանամերձ դժբախտ-դժգույն բնակավայրերի, ամայի սարերի, տարբեր զինատեսակների պայթյունների տոկոսի, ինչպես նաև գնված անորակ զինամթերքի քանակի ու գնի վերաբերյալ, որի դիմաց պարբերաբար ստացել են աշխատավարձ և պարգևավճարներ․․․»։ Ինքը սփրթնած նայում է չորսբոլորը․․․ Արարատ Միրզոյանը չկա, ուղեկիցների կեսից ավելին սեղանների տակ են․․․ 

Սուսուփուս դուրս է գալիս պանդոկից, նստում մեքենան ու դիմում վարորդին․ «Քշի Կանադա, աչքիս՝ էլի թեստիս արդյունքը դրական ա, գնամ ինքնամեկուսանամ»։ Ու նույն պահին էլ սոսկումով նկատում է, որ վարորդը նույնպես բեղավոր է․․․ 

Արթնանում է սառը քրտինքի մեջ կորած։

ՎԱՐԿԱՆԻՇ

   12511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ