«Իրական Հայաստան» ռեստորանում են։ Կապույտ մզկիթում հերթական պատարագից հետո հավաքվել են ամանորյա կորպորատիվի, բայց ուտելիքը նախապես չեն պատվիրել․ Աննան ներկաներից յուրաքանչյուրից մեկական միլիոն դրամը նախապես հավաքել է, կեսը տվել իրեն, ու հիմա ինքը պիտի տեղում պատվիրի ամեն ինչ։ Բայց թարսի պես՝ մատուցողը խուլուհամր է։ ԱԱԾ-ն է այդպես պահանջել, որ հանկարծ որևէ բան չլսի ու այստեղ-այնտեղ չպատմի։
Լավ, բա ո՞նց պատվիրի։ Ձեռքով ցույց է տալիս Վահագն Ալեքսանյանին, ու մատուցողն անմիջապես բլոկնոտում գրում է՝ «խոզի խորոված»։ Փաստորեն ձևը գտնվեց։ Ցույց է տալիս Արայիկ Հարությունյանին՝ մատուցողը գրում է «ղափամա», ցույց է տալիս Ռուբեն Ռուբինյանին՝ գրում է «հորթի միս», ցույց է տալիս Արարատ Միրզոյանին՝ «հորթի մսի» դիմաց ավելացնում է «ծեծած», ցույց է տալիս Ալեն Սիմոնյանին՝ գրում է «եղնիկի միս», ցույց է տալիս քավորին՝ գրում է «օղի», ցույց է տալիս Աննային՝ «օղու» դիմաց գրում է «տնական», ցույց է տալիս Տիգրան Ավինյանին՝ ավելացնում է «դամբուլի», ցույց է տալիս Ռոմանոս Պետրոսյանին՝ գրում է «շատ մանր թթու վարունգ»․․․
Քեֆը սկսվում է։ Կճոյանը բաժակ է բարձրացնում ու սկսում․ «Թույլ տվեք էս ազիզ օրով նախ օրհնեմ սեղանը, իսկ մինչ այդ պարուհիները կարող են մի հինգ րոպեով հագնվել, որ հանկարծ չմրսեն․․․»։ Բայց ինքն անմիջապես ընդհատում է նրան․ «մի րոպե՛, Սամո, թամադան ես եմ»։ Ապա դիմում է Դուրգարյանին․ «մի հատ էն դիրիժորի փայտիկը փոխանցի էս կողմ։ Բայց Ալենչոյի մոտով մի՛ փոխանցի, նա խասյաթ ունի, կարող ա թքի փայտիկին։ Համ էլ՝ էսօր շատ չենք լռվելու, պիտի ամանորյա ուղերձս մի քանի տարբերակով տեսագրեմ, որովհետև իմ ուղերձից առաջ Ալլահշուքյուր Փաշազադեի ուղերձն ա հեռարձակվելու, չգիտեմ ինչքան ա տևելու։ Մի խոսքով՝ տժժում ենք բոլորս»։
Միանգամից հնչում է երաժշտությունը՝ «ուր որ գնաս՝ հետըդ կըգա-ա-ա-ա-ամ», ու բոլորը սկսում են պարել։ «Մեծարգոյին վեր-վեր թռցրեք՝ թող մի քիչ օդ շնչի», ոգևորված գոռում է Դուրգարյանը, ու պարի ընթացքում իրեն անընդհատ վեր-վեր են թռցնում։ Ինքը, վախենալով, որ բնազդաբար սեղանից թռցրած չարազեղենը գրպաններից կթափվի, պահանջում է, որ իջեցնեն, բայց բոլորը շարունակում են ծղրտալ՝ «ուր որ գընաս՝ հետըդ կըգա-ա-ա-ա-ամ»։ «Ո՞ւր կգաք, արա՛, զուգարան եմ գնում», բարկանում է ինքը ու շտապում զուգարան, բայց թիմակիցները երգելով հետևում են իրեն․․․
Մի կերպ իրեն ներս է գցում զուգարան, դուռը ներսից փակում ու սկսում արագ-արագ ուտել չարազեղենը, ապա փորձում է դուրս գալ, բայց դուռը դրսից փակ է․․․ «Բացե՛ք, արա՛», արդեն խուճապի մեջ՝ գոռում է ինքը, բայց դրսից արդեն ուրիշ երգ է լսվում՝ «բայց ափսոս որ չեմ կարող գըտնել դըռան բանալին․․․»։ Հանկարծ աչքի առաջ լույսն աղոտանում է, պատերը դանդաղ փոխվում են, դառնում կեղտոտ, ծեփը թափած, բորբոսնած, լուսամուտի փոխարեն վանդակաճաղ է հայտնվում․․․ Այդ պահին խցի մետաղյա դռան վրայի փոքրիկ դռնակը չարագուշակ ճռռոցով բացվում է, և ինչ-որ մեկը ներս է հրում սև հաց հիշեցնող ինչ-որ զանգված ու ինչ-որ գիրք։ Ինքը նետվում է դեպի դուռը և ագահաբար հոտ քաշում՝ «հա, ոնց որ ղազախական ցորենն ա․․․ Լավ ա գոնե Էրդողանի գիրքն էլ են տվել, պարապ չեմ մնա»։ Բայց պարզվում է՝ Էրդողանի գիրքը չի, «Չարի վերջն» է․․․
Արթնանում է ահավոր ծանր գլխացավով։