«Վարչաբենդ» խմբի համերգ-դիսկոտեկը սկսված է։ ԱԱԾ-ն բոլորին մեկ առ մեկ ստուգել ու ներս է թողել, դիպուկահարները հարմար դիրքավորվել են դահլիճի չորս անկյուններում, իսկ ինքը, շլյապայի փոխարեն գլխին բանդանա կապած ու աջ ականջից իրական Հայաստանի քարտեզի տեսքով լատունից ականջօղը կախած, միաժամանակ և՛ թմբկահար է, և՛ դի-ջեյ։
Մոտենում է բարձրախոսին․ «Յո-յո-յո՛, չեմ տեսնում ձեր ձեռքերը։ Այսօրվա դիսկոտեկը սովորական չէ, որովհետև ամեն երգից առաջ մրցույթ է լինելու, և ով նախապես կռահեց երգը՝ մրցանակի է արժանանալու։ Առաջին մրցանակ՝ մշակույթի փոխնախարարի պաշտոն, երկրորդ մրցանակ՝ կաթողիկոսի կոչում, երրորդ մրցանակ՝․․․ դե երրորդ մրցանակն էլ՝ անցողիկ տեղ ՔՊ ցուցակում։ Տժժում են բոլորը»։
Դահլիճն աշխուժանում է, Նավասարդ Կճոյանը մատի վրա նյարդայնորեն պտտեցնում է «Բենթլիի» բանալիները, Արարատ Միրզոյանն ու Արթուր Հովհաննիսյանը հուզմունքից դողացող ձեռքերով ծխախոտի նման ինչ-որ բան են փաթաթում․․․ Իսկ ինքը շարունակում է․ «եվ այսպես՝ առաջին երգը և առաջին հուշումը․ Ձախ Հարութ և Ալեն Սիմոնյան․․․»։ «Եղնիկները մեկ-մեկ սարերից իջան», տեղից ծղրտում է Լուլուն և վազելով բարձրանում բեմ՝ մշակույթի փոխնախարարի պորտֆելը վերցնելու։ «Այոոոոո», ոգևորվում է ինքը, երգը սկսվում է, բոլորն ինքնամոռաց պարում են․․․ «Իսկ հիմա՝ երկրորդ երգը և երկրորդ հուշումը», շարունակում է ինքը․ «այս երգը մեր տարածաշրջանային բարեկիրթ հարևանները երգում են անձամբ իմ մասին»։ «Նոլդու Փաշինյա՛ն», կայծակնային արագությամբ գոռում է Կճոյանը և աչքերը երանությամբ փակելով՝ արդեն իրեն պատկերացնում կաթողիկոսական գահին բազմած․․․ Բայց դրա փոխարեն մի քանի ԱԱԾ-ականներ արագ մոտենում են ու թևերը ոլորելով՝ քարշ տալիս դահլիճից։ Իսկ ինքը, արդեն բարկացած ու նյարդայնությունից ականջօղը շոյելով, շարունակում է․ «Նորից եմ կրկնում հուշումը։ Մեր բարեկիրթ հարևաններն այդ երգը իմ մասին են երգում»։ Դահլիճից լսվում է անհամարձակ մի ձայն․ «Ոչ ավել, ոչ պակաս, երազանք ես, որ կաս․․․»։ «Այո՛։ Պարում են բոլորը», ցնծում է ինքը, բայց երգից հետո որոշում է այնուամենայնիվ խուսափել անկանխատեսելի ընթացքից և չշարունակել մրցույթը։
Փոխարենը հայտարարում է․ «Իսկ հիմա՝ սպիտակ տանգո։ Կանայք հրավիրում են տղամարդկանց»։ Բայց քիչ անց նկատում է, որ Աննա Հակոբյանն ու Աննա Վարդապետյանը չեն պարում։ «Տիկին Վարդապետյան, էդ ինչի՞ ոչ մեկին չեք հրավիրում․․․ Ո՞նց թե․․․ Ես ձեզ ասում եմ հրավիրեք, Դուք ծանուցագիր ե՞ք ուղարկում․․․ Աննա, դո՞ւ ինչի չես որևէ մեկին հրավիրում։ Ո՞նց թե չեն համաձայնվում․․․ Հա, երևի սովորել են, որ քո հրավերը միլիոն դրամից ա սկսվում․․․ ասա, որ ձրի ա, պարի ես հրավիրում․․․»։
Բայց հանկարծ պատկերը փոխվում է։ Երաժշտությունը կտրուկ ընդհատվում է, լույսերն աղոտանում են, իսկ բեմի ետնամասի պատին փակցված «Վարչաբենդ» ցուցանակը դանդաղ փոխվում է ու դառնում «Վարչաբանտ»․․․
Արթնանում է սառը քրտինքով պատված։