«Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում ինքը սև կազմով ինչ-որ գրքում (անունը չի տպավորվել) կարդացել է, որ ջրհեղեղ է լինելու, և ովքեր ուզում են փրկվել՝ պիտի նավ սարքեն, զույգերով լցվեն մեջը, հետո նավը կիջնի Արագած լեռան վրա․․․ Մի խոսքով՝ մեկ անձից գնման ընթացակարգով նավ է պատվիրել, անունը դրել «Իրական Հայաստան», բոլոր պետքական մարդկանց լցրել մեջը, ու նավարկում է։
Նավի վրա ով ասես կա։ Ինքն ու Աննան, Ալենը (որպեսզի ամեն անգամ կառավարության ծրագիրը լսելիս ասի «թու-թու-թու»), մի երկու համբալ (որպեսզի բազմանան ու քաղաքապետներ ծնեն), մի երկու պապիկ-տատիկ (որպեսզի հարկ եղած դեպքում ներկայանան որպես ժողովուրդ և պաչեն իր թշերը), նոր երկրում ընդդիմադիր աշխատելու համար՝ երկու Քոչարյան (Ռոբերտն ու Լևոնը), նույն նպատակով՝ երկու Վարդան Ղուկասյան, երկու դաշնակ (բայց՝ նախապես գրպանները ստուգելուց և լուցկի-բան առգրավելուց հետո, որպեսզի հակահրդեհային կանոնները չխախտեն), և այլն։
Եվ ահա Աննան, նավախելի ամենաբարձր կետում կանգնած, մազերը քամուն տված, ձեռքերը պարզում է աջուձախ ու երազկոտ շշնջում․ «հաջողակ տղամարդկանց աաաայ էսքան մեծ ցուցակ եմ երազում, ու աաաայ էսքան մեծ ռեստորան, որ բոլորը մեջը տեղավորվեն․․․»։ Ինքը, մեջքից նրան գրկած, ասում է․ «չորսբոլորն էլ հեծանվուղի սարքենք, ես հեծանիվ քշեմ, դու քո գործն արա․․․»։
Այդ պահին նավը սրտորջրյա ինչ-որ բանի է դիպչում, շատ ուժեղ ցնցվում ու սկսում թեքվել կողքի։ «Էս կարող ա՞ խորտակվում ենք», սփրթնում է ինքը։ Աննան հայացքով զննում է տախտակամածը․ «ոնց որ թե՝ չէ, Ալենն ու Ալեքսանյան Վահագը նավը չեն լքել, բայց Գռզոն աչքովս չի ընկնում․․․ երևի ամեն դեպքում խորտակվում ենք․․․»։ Վազելով մոտենում է Արամ Սարգսյանը․ «սա ոտնձգություն է մեր ինքնիշխանության դե՛մ, ես հենց հիմա կսուզվեմ ու կհայտնաբերե՛մ վնասված տեղը»։ Ասում է ու նետվում ջուրը, բայց ոչ մի կերպ չի կարողանում սուզվել։ «Ա՛յ տղա, իզուր մի՛ չարչարվի, քո տեսակը միշտ ջրի էրեսին ա մնում», բարկանում է ինքը․․․ Իսկ նավը շարունակվում է խորտակվել։
Բարեբախտաբար՝ հորիզոնում ինչ-որ սև կետ է երևում, որն արագորեն մոտենում է։ Պարզվում է՝ ռազմական մոտորանավակ է, ղեկին՝ Պուտինը, կողքին՝ գնդացրի ետևում, Կիրիլ պատրիարքը։ Նրանց տեսնելով՝ Քոչարյանն անմիջապես մագլցում է նավի ամենաբարձր կետը, գրպանից երկու փոքր կարմիր դրոշ հանում ու սկսում ազդանշաններ տալ․ «պրե-ստուպ-նիկ նա բար-տու, Խա-յաս-տան վաշ ֆոռ-պոստ․․․»։ Նույն պահին մեկ այլ նավ էլ հակառակ կողմից է մոտենում՝ ամերիկյան դրոշով։ Կանգնում է անվտանգ հեռավորության վրա, ու այնտեղից ինչ-որ մեկը բարձրախոսով կանչում է․ «դիըռ ֆրենդս, նավի վրա հազվագյուտ հողային մետաղներ կա՞ն»։ «Հազվագյուտ մետաղներ՝ չէ, բայց հազվագյուտ կենդանիներ շա՛տ կան», միանգամից սկսում են գոռգոռալ ՔՊ-ականներն ու դաշնակները։ Նավը շրջվում ու ետ է գնում․․․
Արթնանում է սառը քրտինքի մեջ կորած։