...

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի չհեռարձակված տարբերակը


Հավաստի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի օր առաջ Հ1-ին տված հարցազրույցը հաջողվել է նկարահանել միայն երկրորդ փորձից։ Բայց հարցազրույցի առաջին տարբերակը հայտնվել է խմբագրության տրամադրության տակ, որի մի քանի հատվածներ էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․

- Բարև ձեզ, պարոն Փաշինյան․․․

- Հլը մի րոպե։ Տեղ ո՞վ կա, էս հարցազրույցի ժամանակ որ սեղանին ջուր եք դնում՝ մի քանի հատ էլ ատամի չոփ դրեք։

- Պրն Փաշինյան, մենք արդեն եթերում ենք։

- Հա՞։ Դե լավ, սկսենք։

- Առաջին հարցը՝ հայ-ադրբեջանական բանակցություններում Ձեր արած միակողմանի զիջումների մասին․․․

- Հլը մի րոպե, է՛լի։ Էդ որ ասում եք զիջումներ, էդ ի՞նչն եմ զիջել։ Բացի Ղարաբաղից, Հայաստանի 220 քկմ տարածքից, միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցեր ներկայացնելու իրավունքից, Սահմանադրությունը փոխելուց, անցած դարասկզբին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների մասին խոսելու իրավունքից, մեր զինանշանի վրայից Աղրի-դաղի պատկերը հանելու պարտավորությունից, մեր պատմությունը վերաիմաստավորելուց․․․

- Պրն Փաշինյան, եթե մտադիր եք թվարկել Ձեր արած բոլոր զիջումները՝ հիշեցնեմ, որ մեր եթերաժամանակը սահմանափակ է․․․

- Բայց այնպես չէ, որ մեր հարևան երկրի ղեկավարի բոլոր պահանջները կատարել եմ։ Օրինակ՝ նա պահանջում էր, որ այլևս խոզի միս չուտեմ, Արմեն Մելիքբեկյանին նշանակեմ ՀՀ պաշտպանության նախարար և այլն, բայց դրանք ինձ համար կարմիր գծեր են։ 

- Անդրադառնանք «Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»։

- Գիտե՞ք, ընկալման խնդիր է։ Օրինակ՝ երբ ասում եմ «այստեղ հայրենիք՝ այստեղ պետություն, այստեղ հաց՝ այստեղ կաց», շատերն ասում են՝ «փաստորեն մեր հայրենիքը սառնարանն է»։ Բայց ինչո՞ւ միայն սառնարանը, նաև չուլանը, մառանը․․․ Կամ երբ ասում եմ, որ ես Հայաստանի ամենաժողովրդավար առաջնորդն եմ, մարդիկ քմծիծաղ են տալիս։ Ի վերջո ի՞նչ է նշանակում «ժողովրդավար», նշանակում է՝ ժողովրդին վարի տվող։ Հիմա անկեղծ ասեք, Հայաստանը երբևէ ինձանից ավելի ժողովրդավար առաջնորդ ունեցե՞լ է։

- Բայց այդ տրամաբանությամբ՝ Դուք նաև մեծ երկրաբան եք, որովհետև երկիրը էն բանից արեցիք․․․

- Ե՞ս։ Գիտե՞ք, սա չափազանց կարևոր ընկալում է, որի մասին մի օր պիտի խոսեմ։ Օրինակ՝ գյուղացիները հատուկ այնպիսի տեղեր են գտնում, որ ինչ-որ բան ցանեն, կարկուտը խփի, իրենք փոխհատուցում ստանան, չէ՞։ Նույն ձևով էլ ղարաբաղցիները դիտմամբ իրենց տուն-տեղը կորցրեցին, երկիրը հանձնեցին, որ գան այստեղ 40+10 հազար փոխհատուցում ստանան, հիմա ես ի՞նչ մեղավոր եմ։ Ներքաղաքական կյանքում էլ է այդպես։ Օրինակ՝ Գյումրիում էն Վարդանիկը դիտմամբ գլխին իմ կեպիի նման կեպի է դնում, որ մարդիկ շփոթեն իմ հետ, որտեղ տեսնեն՝ հայհոյեն, վզակոթին խփեն, ինքն էլ ներկայանա որպես հալածյալ․․․

- Բա եթե Ձեր նկատմամբ վերաբերմունքն այդպիսին է, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս։

- Ես պատրաստ եմ ոչ միայն հրաժարական տալ, այլև կանգնել գնդակահարության պատի տակ, բայց հասարակության մեջ այդ որոշումը պիտի կոնսենսուսով ընդունվի։ Այսինքն՝ եթե թեկուզ մի հոգի դեմ է, արդեն կոնսենսուս չկա։ Իսկ ես դեմ եմ։ Այ հենց սա՛ է ժողովրդավարությունը։

- Այսինքն՝ շարունակելու եք նույնքան ժողովրդավա՞ր լինել։

- Հի-հի․․․ Նաև երկրաբան։

- Շնորհակալություն հարցազրույցի համար։

- Ես եմ շնորհակալ։ Էկեք գնանք մի կտոր հաց ուտենք․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   698 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ