Ինչպես հայտնի է, մոտ մեկ տասնյակ սփյուռքահայ գործարարներ բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին և խնդրել հրապարակել այն բառերի և արտահայտությունների ցանկը, որոնք օրենքով արգելված են Հայաստանում կամ նյարդայնացնում են իրեն, հետևաբար՝ կարող են հանգեցնել դրանք օգտագործողների ազատազրկմանը կամ գույքային կորուստների։
Մեր տեղեկությունների համաձայն՝ վարչապետի աշխատակազմն օպերատիվորեն արձագանքել է սփյուռքահայ գործարարների կոչ-խնդրանքին ու հրապարակել անցանկալի կամ արգելված բառերի և արտահայտությունների ցանկը, որն էլ սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Եվ այսպես․
«Մեծարգո տիկնայք և պարոնայք։ Հաշվի առնելով Իրական Հայաստանում ներդրումներ կատարելու Ձեր անկեղծ ձգտումն ու անմնացորդ նվիրումը, ինչպես նաև դրա լիակատար համապատասխանությունը ՀՀ վարչապետի՝ «Հարստացիր և հարստացրու» կարգախոսին, ներկայացնում ենք ՀՀ տարածքում արգելված կամ անցանկալի բառերի և արտահայտությունների ցանկը։ Դրանք բաժանել ենք 3 խմբի՝ առավելագույն հստակության և հետագա տարընթերցումներից խուսափելու նպատակով։
1․ «Ազգակործան», «պատուհաս», «փնթի», «ոջիլ», «դավաճան», «թրքաբարո», «հայհոյախոս», «սրբապիղծ», «խելապակաս», «թալանչի», «հոգեգար», «բռնապետիկ» բառերն ու դրանց հոմանիշները, ընտանի կենդանիների անվանումները, ինչպես նաև դեղերը ժամանակին խմելու վերաբերյալ հորդորները։
Գրավոր ընթացակարգով սույն կետում ընդգրկված բառերի օգտագործումն արգելվում է «Նիկոլ Փաշինյան» և «ՀՀ իշխանություններ» բառակապակցությունների հետ նույն նախադասության կամ պարբերության մեջ, իսկ բանավոր ելույթների դեպքում՝ եթե դրանք արվում են ՀՀ կառավարության շենքի կամ ՀՀ վարչապետի կեցավայրի մերձակայքում, ինչպես նաև վերջինիս լուսանկարի ֆոնին։
2․ «Կմտածեմ», «այս պահին հնարավորություն չունեմ», «նպատակահարմար չեմ համարում», «ժամանակ չունեմ», «ավելի ուշ» բառակապակցությունները, ինչպես նաև «իսկ հնարավո՞ր է մաս-մաս» և «գուցե փոքր-ինչ նվազեցնեի՞ք թիվը» հարցերը։
Սույն կետում նշված բառակապակցություններն արգելված է օգտագործել ի պատասխան «Իմ քայլը» հիմնադրամի նամակների և «Հաջողակ տղամարդկանց» համար կազմակերպվող բարեգործական ընթրիքների հրավերների։
3․ «Արարատ», «Արևմտյան Հայաստան», «Արցախ», «Հայոց պատմություն», «Ցեղասպանություն», «Մայր Աթոռ», «Անկախության Հռչակագիր», «արժանապատվություն», «Հաղթանակ», «Սփյուռք», «միասնություն», «մշակույթ», «արժեհամակարգ», «դիմադրելու կամք»։
Սույն կետում նշված բառերի ու բառակապակցությունների օգտագործումն արգելվում է ցանկացած եղանակով և ցանկացած իրավիճակում։
Հուսով ենք՝ այս պարզաբանումն էապես կնպաստի Իրական Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալների շեշտակի աճին և լրացուցիչ երաշխիքներ կապահովի Ձեր ներդրումների անձեռնմխելիության համար»։