...

Նիկոլն ու ընդդիմությունը աճուրդի են հանել մեր ինքնիշխանությունը

Նիկոլն ու ընդդիմությունը աճուրդի են հանել մեր ինքնիշխանությունը

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պետք է մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Ադրբեջանը նույնպես հայտարարում է, թե հույս ունի կարճ ժամանակում հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրման, ու միաժամանակ շեշտում է, որ համաձայնագիրը հիմնված է լինելու իր առաջարկած հինգ կետերի վրա։ Հաջորդ օրը Հայաստանի արտգործնախարարը հայտարարում է, թե «Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը», որովհետև թեև իրենց առաջարկած հինգ կետերում «մեզ համար անընդունելի ոչինչ չկա», բայց մենք մեր հերթին հավելյալ կետեր ենք առաջարկել, իսկ ադրբեջանցիները դրանք բացարձակապես բանի տեղ չեն դնում, ինչը նշանակում է, որ նրանք մտադիր են «ուժի կիրառման միջոցով շարունակել էթնիկ զտումների քաղաքականությունը»։ 

Պարզ ասած՝ Հայաստանն ամեն գնով ձգտում է խաղաղության, բայց խաղաղությունը տանգոյի պես բան է․ միայնակ չի ստացվում։ Իսկ Ադրբեջանը ոչ թե խաղաղություն է ուզում, այլ էթնիկ զտումներ, այսինքն՝ Արցախի հայաթափում։ Արարատ Միրզոյանն էլ փաստորեն ազդարարում է Նիկոլի քաղաքականության լիակատար ձախողումը, որովհետև «խաղաղության դարաշրջանը», պարզվում է, մեզանից բացի որևէ մեկին պետք չէ, Ադրբեջանն էլ դրա դիմաց պահանջում է Արցախը հայաթափելու գրավոր համաձայնություն և անգամ միջազգային կառույցներում «աղմուկ չբարձրացնելու» պարտավորություն։ Ընդ որում՝ անգամ դրանից հետո «խաղաղության դարաշրջանի» բացման որևէ երաշխիք չկա, որովհետև Հայաստանը, միևնույն է, մնալու է շրջափակման մեջ։ 

Իսկ ի՞նչ է ասում ընդդիմությունը։ Համարյա հուժկու մինի-հանրահավաքում Իշխան Սաղաթելյանն ընդամենը մի նախադասությամբ հստակեցնում է «Հայրենիքի փրկության տեսլականը»՝ հայտարարելով, թե «Հայաստանն Արցախ է, և վերջ»։ Իրականում սա պահի տակ արտասանված գեղեցիկ միտք չէ, սա իսկապես ռազմավարություն է, որի իմաստը հասկանալու համար առաջին հերթին պիտի առանց էմոցիաների ինքներս մեզ հարցնենք՝ իսկ ի՞նչ է այսօր իրենից ներակայացնում Արցախը կամ այն, ինչ մնացել է Արցախից։ Արցախն այսօր միջազգայնորեն չճանաչված պետական կազմավորում է, որի ֆիզիկական գոյությունը համարյա 100 տոկոսով կախված է ռուս խաղաղապահների ներկայությունից։ Անկախ նրանից, թե քանի հազար տարի են հայերն ապրել այնտեղ, ու այդ ընթացքում հատկապես ինչ ծառատեսակների վրա էին ցատկոտում ադրբեջանցիների նախնիները՝ փաստն այն է, որ եթե ռուսական զորքն Արցախից դուրս գա, այնտեղ հայեր չեն մնալու։ Եվ ահա «տիտղոսակիր ընդդիմությունը» փրկության բանաձև է առաջարկում․ Հայաստանը նույնպես պիտի հայտնվի այդ վիճակում։ Այսինքն՝ վերածվի տարածքի, որը ձևականորեն դեռ որոշ ժամանակ կպահպանի անկախ պետության ատրիբուտները, բայց որի ֆիզիկական գոյությունը գրեթե 100 տոկոսով կախված կլինի ռուսական զորքի ներկայությունից ու բարի կամքից։ Տարբերությունը կլինի միայն այն, որ Արցախը, որպես չճանաչված պետություն, իրավունք չի ունենա լեգիտիմորեն պահանջել, որ ռուսական զորքը հավերժ մնա այնտեղ (այդ հարցը ռուս-ադրբեջանական տիրույթում է), իսկ ահա Հայաստանը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, կարող է իր անվտանգությունն ու ֆիզիկական գոյության ապահովումը պաշտոնապես «պատվիրակել» Ռուսաստանին։

Ըստ էության հենց այս ճանապարհն էլ ընտրել է ընդդիմությունը։ Ի դեպ՝ Նիկոլի իշխանությունը նույնպես։ Պարզապես ընդդիմությունը հույս ունի անկախությունից հրաժարվելու և ֆորպոստ դառնալու դիմաց հասնել իշխանության ու եթե հնարավոր լինի՝ նաև Արցախը պահել հայաբնակ, իսկ Նիկոլին Հայաստանը ֆորպոստ դարձնելու դիմաց միայն իր իշխանությունը պահպանելը հերիք է, Արցախը նրան ընդհանրապես չի հետաքրքրում։ 

Մարկ Նշանյան

Читать на русском

ՎԱՐԿԱՆԻՇ

   1726 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ